Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ 2012-2013 թվականներին մի ՍՊ ընկերության տնօրինություն, նպատակ ունենալով չվճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը, հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջացնող հարկային 8 հաշիվներում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ։
Մասնավորապես, մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի Միկոյան փողոցում կառուցված բազմաբնակարան բնակելի համալիրի բնակարանների վաճառքի ընթացքում հարկային հաշիվներում 1 քմ-ի արժեքը ձևակերպվել է 162 000-171 000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ավտոկայանատեղիների 1 քմ-ի արժեքը՝ 60 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Սակայն փաստացի բնակարանների 1 քմ-ն վաճառվել է 740-980 ԱՄՆ դոլարին համարժեք, իսկ ավտոկայանատեղիները՝ յուրաքանչյուրը՝ 15 000 ԱՄՆ դոլարով։
Արդյունքում՝ թաքցվել է ընկերության 119 910 227 դրամի շրջանառությունը և չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 39 973 273 դրամի հարկ, որից 19 989 035 դրամը՝ ավելացված արժեքի հարկ, իսկ 19 984 238-ը՝ շահութահարկ։
Առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննության։