Հայաստանում կարծես թե կորոնավիրուսի երկրորդ ալիք է սկսվում: Երկար ժամանակ կորոնավիրուսի նոր դեպքերի փոքր թիվ ունենալուց հետո վերջին օրերին թիվն աճում է: Երեկ կառավարության նիստում իրավիճակին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե սրացում է առկա, իսկ ՀՀ առողջապահության Արսեն Թորոսյանն էլ նկատեց, թե այս իրավիճակը կարող է կապ ունենալ ուսումնական պրոցեսի վերսկսման հետ:
Իսկ ինչ իրավիճակ ունենք սեպտեմբերի 14-ից հետո եւ որքանով էին դպրոցները պատրաստ ուսումնական պրոցեսի մեկնարկին: Սեպտեմբերի 14-ին ընդառաջ որոշում էր կայացվել համատարած թեստավորում իրականացնել դպրոցներում: Եվ օրական թեստավորումների քանակի աճն էլ պայմանավորված է եղել այդ հանգամանքով, երբ մեկ օրվա ընթացքում անգամ 3 հազարից ավելի թեստավորում իրականացվեց: Եվ չնայած երեկ կառավարության նիստում այնքան էլ լավատեսական տրամադրություններ չէին ՀՀ առողջապահության նախարարի կողմից, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ավելի լավատեսական էր տրամադրված եւ կարծում է, թե դպրողները փակելու կարիք չի լինի:
Նա այսօր մասնավորապես հայտնել էր. «Այսօր եղել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում: Համավարակային կանոնները պահելու առումով արձանագրեցի բավականին լավ պատկեր, ինչը թույլ է տալիս մեզ հույս հայտնել, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք համակարգը պահել վերահսկելի վիճակում ու զերծ մնալ դպրոցները փակելուց:
Դրա համար առավել քան երբևէ անհրաժեշտ է խստագույնս պահել կանոնները՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ախտահանում: Դպրոցների ղեկավարությանը և ուսուցիչներին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, կազմակերպումը շատ տեղերում գտնվում է բարձր մակարդակի վրա»:
Սակայն նկատենք, որ անգամ ծնողներին են արդեն զգուշացնում, որ կարող է կրկին անցում կատարել հեռավար կրթության:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.