Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հետաքննություն է իրականացնում նախագահներ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մանրամասները լրատվամիջոցներում հրապարակելու վերաբերյալ: Այս մասին հաղորդվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում:
«Ներքին գաղտնի փաստաթղթերի ցանկացած արտահոսք անընդունելի է: Այդ պատճառով մենք զերծ ենք մնում մեկնաբանություններից: Կատարվում է հետաքննություն: Ռուսաստանի հետ երկխոսություն հաստատելու հանրապետության նախագահի ցանկությունը միտված է բոլոր, այդ թվում նաև մեր անվտանգությանն առնչվող խնդիրների լուծմանը, անկեղծության և պահանջկոտության ոգով»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում:
Սեպտեմբերի 22-ին ֆրանսիական Le Monde պարբերականը, հղում անելով աղբյուրին, հրապարակել էր ՌԴ նախագահի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի վերաշարադրանքը, որում քննարկվում էր նաև «Նավալնիի գործը»: Ըստ պարբերականի, սեպտեմբերի 14-ին կայացած զրույցում Պուտինը ենթադրել էր, որ Նավալնին կարող էր ինքը թույն ընդունել՝ անհայտ պատճառներով: Եվ, ընդհանրապես, թույնը հեշտ է պատրաստել, մանավանդ որ «Նովիչոկի ստեղծողներից մեկն իբր ապրում է Լատվիայում»: Ավելի ուշ Business Insider-ը հաղորդել էր, որ Մակրոնը վրդովված է Պուտինի հետ զրույցից: «Նախագահը կարծում է, որ նա որպես ռուս գյուղացի չպետք է ստի»,- ասել է պարբերականի աղբյուրներից մեկը: