ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր խստացված ստուգայց են կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայի օպերատորների մոտ: Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Ստուգայցեր են եղել նաև հանրապետության մարզերում: Ի հակադրություն մայրաքաղաքի, մարզերում պատկերը մտահոգիչ է, քանի որ խնդիրներ դեռ հայտնաբերվում են. թերի են եղել ախտահանման ու ջերմաչափման մատյանների գրառումները, ոչ բոլոր նախատեսված վայրերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ, անձեռոցիկներ, հանրային սննդի որոշ կետերում չեն ջերմաչափվել հաճախորդները, չի պահպանվել սոցիալական հեռավորություն սեղանների ու անձանց միջև: Եղել են նաև դիմակների ոչ պատշաճ կրելու դեպքեր:
Վերահսկիչ մարմնի ներկայացուցիչները տվել են խախտումների վերացման ցուցումներ և խորհրդատվություն՝ վստահեցնելով, որ ստուգայցերը ամենօրյա բնույթ են կրելու, լինելու են նաև կրկնայցեր: ՍԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին չթուլացնել զգոնությունը, պահպանել Covid19-ով պայմանավորված հիգիենիկ պահանջները, իսկ քաղաքացիներին, խախտումներ նկատելու դեպքում, զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին՝ 010206040 կամ 012906090 հեռախոսահամարներով: