Վարչապետի մոտ քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը:

Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները մանրամասն անդրադարձ են կատարել նախագծի առաջնահերթություններին և նպատակներին: Մասնավորապես, նշվել է, որ ռազմավարությամբ նախատեսվում է ներդնել այնպիսի համակարգ, որը նպաստելու է ներդրումային նոր գաղափարների գեներացմանը, ծրագրերի երկարաժամկետ հատվածում պլանավորմանը, հանրային ներդրումների կարիքների գնահատմանն ու առաջնահերթություններին:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Վարչապետ Փաշինյանն առաջարկել է նախագիծն ընդունել ի գիտություն և հանձնարարել շարունակել ռազմավարության լրամշակման ուղղությամբ աշխատանքներն ու այն բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով այսօրվա քննարկումների արդյունքները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև հողային բարեփոխումների ընթացիկ վիճակը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել չօգտագործվող հողատարածքների ծավալների կրճատման, օգտագործվող հողատարածքների արդյունավետության բարձրացման, գյուղատնտեսական հողերի աշխարհագրության քարտեզների ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:




Լրահոս