Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունենալու աշխատանքային նիստ, որի ընթացքում էլ ընտրվելու են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովը որպես Սահմանադրական դատարանի անդամ ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին: Եվ, ահա, երեք դատավորների՝ խորհրդարանում երդվելուց հետո նրանց լիազորությունները մտել են ուժի մեջ, եւ այսօր դատավորներն իրենց միջից պետք է ընտրեն ՍԴ նախագահ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ը ասում է, որ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եվ, ահա, այսօր իսկապես բուռն եւ հետաքրքիր օր է սպասվում, քանի որ Սահմանադրական դատարանի անդամներից ոչ բոլորն են կողմ, որ Երվանդ Խունդկարյանը դառնա ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանում կան դատավորներ, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը եւ Վահե Գրիգորյանը, որոնք այնքան էլ դրական չեն տրամադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, եւ չի բացառվում՝ դեմ քվեարկեն: Ավելին՝ երեկվա դրությամբ դեռ պարզ չէր, թե ինչ քայլերի է դիմելու Սահմանադրական դատարանի անդամ Արմեն Դիլանյանը, որը, Վահե Գրիգորյանի սցենարով, պետք է առաջադրվեր։ Արդյոք կինքնաառաջադրվի նա՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու, թե ոչ, կպարզվի այսօր:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ կառավարության հետ համատեղ նիստին հրավիրված է եղել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն չի ներկայացել: Ըստ մեր տեղեկությունների՝ ներկաները բարձրաձայնել են քաղաքապետի մասնակցության հարցը՝ պնդելով, որ խիստ անհրաժեշտ է, որ Հայկ Մարությանը ներկայանա եւ պատասխանի պատգամավորների հարցերին: Սակայն քաղաքապետը, կարծես թե, խուսափում է նման հանդիպումներից եւ գերադասել է դեմ առ դեմ դուրս չգալ որեւէ պատգամավորի կամ ՀՀ կառավարության որեւէ անդամի հետ: Այս իրավիճակը զավեշտալի է այնքանով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ողջ կառավարության կազմով հավաքում է իշխող խմբակցությանը, թողնում է իր կարեւոր գործերը եւ մասնակցում այդ նիստին, սակայն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ժամանակ չի գտել այդ ձեւաչափով նիստին մասնակցելու համար: Իսկ ո՞րն է պատճառը. «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից, որը հայտարարեց. «Չի եղել նման բան, եւ վարչության նիստի օրակարգում քաղաքապետարանին առնչվող նույնիսկ հարց չի եղել»:
Նախօրեին՝ ՀՀ անկախության 29 ամյակի առիթով կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ, բեմում մրցանակ է հանձնել նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ թե՛ իշխանության ներկայացուցիչները, թե՛ լուսավորականները անակնկալի են եկել, երբ բեմ է բարձրացել Թանդիլյանը: Բանն այն է, որ գրեթե բոլորը տեղեկություններ ունեն, թե Թանդիլյանը առողջական խնդիրների պատճառով Ավստրալիայում է, բուժում է ստանում, ու հանկարծակիի են եկել, երբ տեսել են իշխանության կազմակերպած միջոցառմանը: Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 14-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու համանուն կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, ինչպես նաեւ դադարեցնում է գործունեությունը՝ որպես կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ «Տեւական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլեւս անհամատեղելի են պատգամավորական եւ ակտիվ քաղաքական գործունեության հետ»,-նշել էր պատգամավորը: Դրանից հետո լուսավորականներն էլ ներքին քննարկումների ժամանակ հայտարարում էին, թե Թանդիլյանը գնացել է արտասահման բուժում ստանալու, բայց, կարծես թե, դա այդքան էլ իրական չէ: Մենք փորձեցինք զրուցել Մանե Թանդիլյանի հետ, սակայն ապարդյուն. նա սոցիալական ցանցերում ապակտիվացրել է իր էջերը ու չի արձագանքում մեր ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ նամակներին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա: Բանն այն է, որ երեկ կառավարության դիմաց էին հավաքվել համալսարանի դասախոսական կազմի անդամները, նաեւ ուսանողներ, որոնց պահանջներից մեկն էլ համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի հաստատումն է: Սակայն, մեր տեղեկություններով, դասախոսական անձնակազմը որոշել է՝ եթե Գալոյանի ընտրությունը հաստատվի, ապա իրենք կդադարեցնեն գործադուլները: Հաստատումը, սակայն, դժվար թե շուտ լինի։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ չնայած հուլիսի 17-ին համալսարանի խորհուրդը ընտրել էր Դիանա Գալոյանին, սակայն մինչեւ այժմ այդ որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված չէ, իսկ ինչպես հայտնի է, Գալոյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի թեկնածուն է եղել: Ավելին՝ տարբեր տեղեկությունների համաձայն՝ նախարարը կողմ է այս բողոքի ակցիաներին եւ օրեր առաջ հանդիպել էր համալսարանի դասախոսական անձնակազմի հետ եւ ասել՝ չի առարկի, եթե ցույց կազմակերպվի: Միեւնույն ժամանակ դասախոսները երեկ շեշտում էին, որ իրենց պահանջը քաղաքական չէ: Պարզապես ցանկանում են հասկանալ, թե երբ կստանան կառավարության հաստատումը եւ կանցնեն բնականոն աշխատանքի, քանի որ համալսարանում շատ աշխատանքներ կիսատ են մնում ռեկտոր չունենալու պատճառով: