Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը», ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք են հրավիրել։ Երեկ տարածած հաղորդագրության մեջ 3 քաղաքական ուժերը նշում են. «Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը»: Հետեւաբար, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիքը», գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը եւ անխուսափելի համարելով նոր որակի եւ ազգային իշխանության ձեւավորման հրամայականը, հրավիրում են համապետական հանրահավաք:
Թե արդյոք հանրահավաքում եռյակը բարձրացնելու է վարչապետի հրաժարականի կամ ամբողջական իշխանափոխության հարց, քաղաքական ուժերը չեն մանրամասնում։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԲՀԿ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը խոստացավ հանրահավաքի օրակարգի մանրամասները հայտնել առաջիկայում. «Այս պահին մենք փաստը արձանագրում ենք, որ կա հանրային մեծ դժգոհություն, եւ այս երեք քաղաքական ուժերը հնարավորություն են ընձեռում այդ ձայնը լսելի դարձնելու համար»:
Սակայն իշխող «Իմ քայլում» այնքան էլ վստահ չեն, թե նորաստեղծ եռյակին կհաջողվի հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել։ Ինչպես իմքայլական Ռուբեն Ռուբինյանը նշեց, չի կարծում, թե հանրության շրջանում լուրջ դժգոհություններ կան: «Չեմ կարծում, որ նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լիներ հիպոթետիկ, Ձեր նշած ուժերն էին, որ պիտի որեւէ մեկին մոբիլիզացնեին: Կարծում եմ` այդ 3 ուժերը չեն կարող եւ երբեւիցե չեն կարողանալու Հայաստանում որեւէ լայն աջակցություն մոբիլիզացնել, եւ դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում եւ այլ տեղերում»:
Իսկ, ահա, ընդդիմադիր երկրորդ ուժը` «Լուսավոր Հայաստանը», չի պատրաստվում միանալ նորաստեղծ եռյակի կազմակերպած հանրահավաքին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց, թե լրագրողներից է տեղեկանում, որ ընդդիմադիր 3 ուժերը հանրահավաք են հրավիրել, եւ տեղյակ չէ նրանց օրակարգից:
«Եթե «Լուսավոր Հայաստանը» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, «Լուսավոր Հայաստանը» կնախաձեռնի խորհրդարանում իմփիչմենթի գործընթաց», – ճեպազրույցների ժամին նշեց նա:
Բացի այդ, Մարուքյանը կարծում է, որ իշխանափոխության կոչեր հնչեցնելուց բացի, այդ ուժերը պետք է պարզաբանեն, թե ինչպես են այդ գործընթացը պատկերացնում։ Եթե ասում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա պետք է մանրամասնեն, թե այդ դեպքում ում են տեսնում այդ պաշտոնում: «Որովհետեւ, երբ որ վարչապետը հրաժարական տա, «Իմ քայլը» դաշինքը պետք է ընտրի վարչապետ: Հիմա կարող է Ռոմանոս Պետրոսյանին ընտրեն վարչապետ, գոհ են այդ մարդիկ, այսինքն, այդ փոփոխությունից, այսինքն` պետք է հստակ ասվի` ինչ է ուզվում: Եթե ուզում են` իշխանությունը ամբողջությամբ փոխվի, պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Հայաստանը խորհրդարանական երկիր է», – հավելեց նա:
Մարուքյանը նաեւ ընդգծեց, որ իշխանափոխության հարցն իրենց օրակարգում կա, բայց հերթական ընտրությունների միջոցով, երբ 2023-ին այսօրվա իշխանությունը կպարտվի եւ առանց արդյունքները կեղծելու հանգիստ կհանձնի իշխանությունը»,-նշեց պատգամավորը:
Նշենք, որ հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաքի պատրաստվող եւ իշխանությանը քննադատող ԲՀԿ-ն, ՀՅԴ -ն եւ «Հայրենիքը» վերջին ամիսներին համագործակցում են միմյանց հետ` փորձելով միասնական օրակարգ ձեւավորել: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարձրացրել է կառավարության հրաժարականի հարցը։ Ի դեպ, օրերս Վանեցյանը կուսակիցների հետ հանդիպմանը վստահեցրել էր՝ առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՇԱՏ ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
Եթե Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը զբաղվեր արտաքին սպառնալիքների կանխարգելմամբ եւ բացահայտմամբ նույն ջանասիրությամբ, որով գաղտնալսում է քաղաքական դաշտի ներկայացուցիչներին եւ, հատկապես, ընդդիմադիրներին, ապա այդպիսի խնդիր չէր լինի: Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը` մեկնաբանելով «Դոսյե» կենտրոնի հոդվածը, որում ասվում է, որ Ռուսաստանի խիստ գաղտնի «գործակալների» ցանցը հաստատվել է Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում: Իր հերթին, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հիշեցրել է, որ «Դոսյե»-ն պատկանում է Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկուն: «Եվ, ընդհանրապես, «Դոսյե»-ում զետեղված տեղեկատվությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արգիշտի Քյարամյանը, մեկնաբանելով «Դոսյե» կենտրոնի զեկույցը, հայտարարել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունն արդեն ստուգումներ է սկսել:
ՈՒՌՃԱՑՎԱԾ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է, որ ինքը տարաձայնություններ է ունեցել խմբակցության նիստում՝ ՍԴ դատավորների ընտրության քննարկումների վերաբերյալ։ «Եթե անկեղծ ասեմ, ամենասկզբում ես իմ պատկերացրած կազմն եմ ունեցել, բոլորս էլ պատկերացնում ենք, որ այսպիսին պիտի լինի, բայց այն որ քաղաքական թիմը կարողացել է ինձ համոզել եւ հիմնավորումներ տալ՝ ինչու հենց այս կամզը, եւ ոչ թե էն մյուսը, ես այստեղ հակաճառելու իմաստ չեմ տեսնում»,- ընդգծել է Լուսինե Բադալյանը։ Նա շեշտում է, որ թիմում անհամաձայնությունները այս կամ այն հարցի շուրջ ապացուցում են, որ իրենք դակող մարմին չեն։ «Անհամաձայնությունները պետք է դրական որակել եւ չմանիպուլացնել, որովհետեւ ենթադրենք մի իրավիճակ, երբ բոլորը ամեն ինչի հետ համաձայն են։ Հաճախ քննադատվում ենք նրա համար, որ միանձնյա որոշումներ են ընդունվում, եւ մենք դակող մարմին ենք դառնում։ Ինչ վերաբերում է հարցը մանդատը վայր դնելուն հասցնելուն, ապա սրանք ուռճացված խոսակցություններ են, որովհետեւ եթե պահը հասնի մանդատ վայր դնելու, անմիջապես մանդատը վայր կդնեմ եւ կգնամ»,- ասել է պատգամավորը:
ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու մասին միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու եւ առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
ՉԻ ՄՏԱԾԵԼ
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատելու համար մրցակցությունն օրեցօր ահագնանում է: Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց, եւ այսօր թափուր է ինչպես այդ նախագահի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի տեղը, քանի որ Երվանդ Խունդկարյանը, բացի դատարանի նախագահ լինելուց, նաեւ քաղաքացիական պալատի դատավոր էր: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների շատ դատավորներ ցանկություն ունեն գնալ Վճռաբեկ դատարան եւ դառնալ քաղաքացիական պալատի դատավոր: Մասնավորապես, դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ցանկություն ունեն Երվանդ Խունդկարյանի տեղը դատավոր գնալ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Հովսեփ Բեդեւյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը եւ այլ դատավորներ: Սակայն դատական համակարգում լուրեր կան, որ դատավորները վախենում են ռիսկի դիմել: Ինչո՞ւ. որովհետեւ Վճռաբեկ դատարանի դատավորը պետք է առաջին փուլ անցնի եւ ընտրվի ԲԴԽ-ի կողմից, որից հետո ԲԴԽ-ն նրան պետք է ներկայացնի Ազգային ժողովի դատին, որի քվեարկությունից էլ կախված կլինի՝ ի վերջո դատավորը կարող է Վճռաբեկի դատավոր դառնալ, թե ոչ: Երվանդ Խունդկարյանի փոխարեն Վճռաբեկի դատավոր ցանկացող դատավորները չգիտեն՝ եթե ցանկություն հայտնեն դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր, ինչ ճակատագիր կսպասվի իրենց Ազգային ժողովում: Դատավորների վախերի մասին զրուցեցինք նրանց հետ: Մեզ հետ զրույցում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը հայտնեց. «Ես դեռ չեմ էլ մտածել դրա մասին. եթե դիմեմ, դրա մասին կասեմ անպայման, կամ հրապարակային տեղեկություններ կլինեն»:
ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
Երեկ «Շենգավիթ» բկ-ից դուրս է գրվել մահացած ծննդկան Սեդայի աղջիկը: Ինչպես հայտնի է, կնոջ մահվան դեպքով ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Սեդա Ասատրյանի հարազատների պնդմամբ՝ առաջնեկին սպասող կնոջ հղիությունը նորմալ է ընթացել, որեւէ խնդիր չի եղել։ Առավոտյան հիվանդանոց է գնացել, դրանից ժամեր անց հարազատները չեն կարողացել Սեդայի հետ կապ հաստատել։ Նրանց խոսքով՝ երբ հարազատները փորձել են վերեւ բարձրանալ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, իմացել են, որ Սեդան մահացած է։ Ավելի ուշ հայտարարություն տարածեց նաեւ բժշկական կենտրոնը՝ նշելով, որ ձեռնարկված բոլոր հակաշոկային, վերակենդանացման միջոցառումները՝ 1:15-05:40 ժամվա ընթացում, դրական արդյունք չեն տվել: Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որը հնարավոր է եղել վերականգնել, սակայն 45 րոպե տեւողությամբ սրտի ռիթմը վերականգնող միջոցառումները դրական արդյունք չեն տվել. արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահը: