Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակեց իր սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման հերթական գրաֆիկը՝ 2020թ. հոկտեմբերի 1 – 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածի համար, որի կապակցությամբ, դատելով որոշ ԶԼՄ-ների ու սպառողների արձագանքից, պարզաբանման անհրաժեշտություն է առաջացել:
Ընկերությունը հայտնում է, որ 2020թ. հոկտեմբերի 1 – 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում։
Ջրամատակարարման գրաֆիկի հրապարակումը 2016թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության, ի դեմս Ջրային կոմիտեի, ֆրանսիական «Վեոլիա Գրուփ» ընկերության և «Վեոլիա Ջուր» ընկերության միջև կնքված եռակողմ 15 ամյա վարձակալության պայմանագրի հիման վրա ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀՀ ՀԾԿՀ/ կողմից Վեոլիա Ջուր ՓԲԸ-ին տրված գործունեության թիվ 1 Լիցենզիայի պահանջն է: Հայաստանի ջրամատակարարման համակարգերի Օպերատորը պարտավոր է տարին երկու անգամ՝ ապրիլին և սեպտեմբերին հրապարակել գրաֆիկն առաջիկա ամիսների համար: Գրաֆիկը տպագրվում է թերթում, տեղադրվում է ընկերության veolia.am պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական ցանցի Veolia armenia էջում, ինչպես նաև նշվում է բաժանորդների վճարման անդորրագրերում:
Ըստ ընկերության ներկայացրած պարզաբանման,վերջին տարիներին «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ այսօր բաժանորդների մեծ մասի գրաֆիկը շուրջօրյա է: Արմատապես բարելավվել է ջրամատակարարումը հանրապետության տասնյակ բնակավայրերում: Ձեռնարկվում են արդյունավետ միջոցներ հատկապես նվազագույն ջրամատակարարում ունեցող բաժանորդների գրաֆիկի բարելավման նպատակով, ինչը խիստ հրատապ է հատկապես մարզերում: «Վեոլիա Ջուր» ընկերությունը լիովին կատարում է իր ներդրումային պարտավորությունները՝ սեփական միջոցներից և ապահովում է ջրամատակարարման ռեժիմ, որը համապատասխանում է համակարգի տվյալ պահի տեխնիկական հնարավորություններին: Ավելին, խոսքը ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ջրամատակարարման մասին է, քանի որ իրականում, հատկապես հոկտեմբեր – ապրիլ ժամանակամիջոցում բաժանորդները ապահովվում են հայտարարվածից ավելի երկարաժամկետ ջրամատակարարմամբ:
Հիշեցնենք , «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել Հոկտեմբերի 1-ից նոր գրաֆիկով։ ջրամատակարարման անցնելու մասին։