Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար: Այս մասին Արցախի Ազգային ժողովում հանդես գալով, հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա հայտարարում է «մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ»:
«Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում, նաև հավելել` քիչ առաջ հանդիպել է առաջին կամավորականներին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր` «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր հերթին հայտնել էր, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, «հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ»:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ` առկա են քաղաքացիական զոհեր ու վնասներ: