ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է միջազգային մամուլն արձագանքել Ղարաբաղում տիրող իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար: Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Իսկ ինչպես է ռուսական և միջազգային մամուլն արձագանքել Արցախում կատարվող իրադարձություններին:

Ռուսական «Ռիա» գործակալությունը վաղ առավոտից ակտիվորեն նյութեր է հրապարակում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին: Ընդ որում, նրանք տրամադրում են պաշտոնական տեղեկատվություն ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանի կողմից: Ռուսական լրատվամիջոցը հրապարակել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հայտարարությունները՝ ստեղծված իրավիճակի մասին:

Regnum գործակալությունը ևս պարերաբար ներկայացնում է Արցախում և Արդբեջանում տիրող իրավիճակը՝ կրկին այն ներկայացնելով երկու երկրների տեսանկյունից: Գործակալությունը հրապարակել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ պատասխան հակահարված տալու մասին: Սակայն ավելի շատ ներկայացված են Հայաստանի պետական գերատեսչությունների հայտարարությունները, նաեւ նշվում է, թե Թուրքիան իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին, իսկ այս երկրում էլ անջատել են ինտերնետ-կապը:

Ռուսական RBC-ի գլխավոր նորությունն Արցախում ռազմական դրություն հայտարարելն է: Գործակալությունը ևս հրապարակել է Հայաստանի պետական գերատեսչությունների հայտարարությունները:

Իր հերթին Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում  անհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:  «Ըստ առկա տեղեկատվության, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ կրակ: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սահմանին տիրող իրավիճակին են անդրադարձել նաև BBC, Reuters գործակալությունները՝ ներկայացնելով ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս