Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Ռիկսդագի նախկին փոխխոսնակ և հայ ժողովրդի բարեկամ Բյորն Սյոդերը դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: Սյոդերն ասել է, որ այդ սարսափելի գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը:
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի շարունակական հարձակումները պետք է խստորեն դատապարտվեն ամբողջ աշխարհի կողմից: Կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունն է կրում այս սարսափելի հարձակումների հետևանքների ողջ պատասխանատվությունը: Շատ կարևոր է շարունակել խաղաղությանն ուղղված բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասել է Սյոդերը:
Շվեդ պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունն առաջին հերթին պետք է կանխի Ադրբեջանի հարձակումները, դատապարտի դրանք, իսկ աշխարհը պետք է պահանջի, որպեսզի հետաքննության ենթարկվեն Ադրբեջանի գործողությունները:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: