Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 27-ի առավոտվանից շփման գծին ուժգնացած ռազմական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԽՄԿ Երևանի գրասենյակից։
«ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին ապահովել բոլոր միջոցները քաղաքացիական անձանց կյանքը խնայելու ու ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ հարգելով միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները` համաձայն կողմերի ստանձնած պարտավորությունների։
«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս լարվածության հետևանքով տուժածներին, ինչպես նաև հանդես գալու որպես չեզոք միջնորդ», – ասել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։ – «Մենք հորդորում ենք կողմերին մշտպապես գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հավատարիմ մնալու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:
Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: