Սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին խնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների և թաքստոցների կահավորմանն ու անհրաժեշտ նյութատեխնիկական պատրաստվածությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
«Սիրելի վայոցձորցիներ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, այսօր առավոտյան ադրբեջանական զորքերը Արցախի ուղղությամբ հարձակման են անցել:
Հաշվի առնելով Վայոց ձորի սահմանամերձ լինելու փաստը, հարկ եմ համարում նշել, որ մեր մարզի սահմաններում իրավիճակը վերահսկելի է և կայուն:
ՀՀ Զինված ուժերը Հայաստանի և Արցախի բոլոր սահմանային հատվածներում վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տալիս արժանի հակահարված:
Խնդրում եմ մեր բոլոր հայրենակիցներին, զգոն լինել, չտրվել առցանց տիրույթում հայտնվող սադրանքներին ու ապատեղեկատվությանը, հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին խնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների և թաքստոցների կահավորմանն ու անհրաժեշտ նյութատեխնիկական պատրաստվածությանը:
Մեկ անգամ ևս հորդորում եմ զգոն լինել, առանց խուճապի մատնվելու, վստահել մեր հզոր ԲԱՆԱԿԻՆ:
Վայոցձորցիները արցախցիների կողքին են, մենք ուժեղ ենք միասին, հաղթանակը մերն է:
Կեցցե՛ մեր հայրենիքը, կեցցե՛ մեր հզոր Բանակը»,- գրել է նա: