Արցախյան գոյամարտում ձեռք բերված հաղթանակը մեր միասնության ու համախմբման արդյունք է. Արմեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում

Ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիան պատերազմ է ողջ հայ ժողովրդի դեմ: Այդ պատերազմն ուղղված է Արցախում մարդու ազատ ապրելու իրավունքի, արժանապատիվ և խաղաղ կյանք ու ապագա ունենալու դեմ:

Խորը ցավ եմ ապրում ադրբեջանական ռազմական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների համար, որոնց թվում՝ երեխա և կին:

Արցախի պաշտպանության բանակն իր առաջին իսկ պատասխանով վերստին ապացուցեց, որ պատրաստ է արագորեն արձագանքել ցանկացած ռազմական գործողության:

Ցանկացած ագրեսիային մեր պատասխանը եղել է, կա և լինելու է խաղաղության վերահաստատումը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության ամրապնդումը:

Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, պետությունների, միջազգային կառույցների, անհատների կողմից համարժեք և գործնական արձագանք կտրվի Ադրբեջանի պատերազմական գործողություններին:

Ադրբեջանն իր այդ գործողություններով միջազգային միջնորդներին և միջազգային հանրությանը անթաքույց ցույց է տալիս, որ չի ցանկանում Արցախի հարցը կարգավորել բանակցությունների միջոցով և նպաստել խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում, շարունակում է ոտնահարել համամարդկային արժեքները, թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, բուժհաստատությունները և հաղորդակցության ուղիները:

Մենք հուսով ենք, որ միջազգային հանրության կողմից հրատապ քայլեր կձեռնարկվեն Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Դա անհրաժեշտ է մարդկային հետագա զոհերից խուսափելու և տարածաշրջանում ստեղծված առանց այն էլ փխրուն իրավիճակն ավելի չապակայունացնելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախյան գոյամարտում ձեռք բերված հաղթանակը մեր միասնության ու համախմբման արդյունք է, այսօր այդ հաղթանակի պահպանումը մեզանից յուրաքանչյուրի նվիրական պարտքն է։

Մեր Հայրենիքի ճակատագիրը կախված է մեզնից, մեր միասնությունից, համերաշխությունից և կարգապահությունից։

Պետք է համախմբվել:

Համախմբումը մեր հաղթանակների անվերապահ գրավականն է: Այս պահին պիտի մի կողմ դնենք բոլոր քաղաքական տարաձայնություններն ու անձնական հակառակությունները և դառնանք ամուր թիկունքը մեր զինված ուժերի:

Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայացքը և պատկերացումները։

Հայաստանում, Արցախում, Սփյուռքում յուրաքանչյուրիս կարողությունն ու ներուժը պետք է օգտագործվեն Հայրենիքի համար:

Աստված պահապան մեր բանակին:

Աստված պահապան բոլորիս»:




Լրահոս