Իտալացի պատգամավորն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել կրակն ու խաղաղ բնակչության թիրախավորումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պաոլո Ֆորմենտինին Ադրբեջանին կոչ է անում Արցախի ուղղությամբ դադարեցնել կրակն ու խաղաղ բնակչության թիրախավորումը: Այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի այսօրվա հարձակումն Արցախի Հանրապետության վրա և կոչ եմ անում Ադրբեջանին` դադարեցնել կրակը և խաղաղ բնակչության թիրախավորումը»,- գրել է Ֆորմենտինին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:




Լրահոս