Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ասել է, որ «ամենից անհանգստացնող հանգամանքը նոր գործոնի՝ Թուրքիայի ապակայունացնող ուժի առկայությունն է, որն առավել քան ակնառու է այս հակամարտությունում, քանի որ այն ներկա է իր ռազմական ուժով եւ ավիացիայով»:
Ֆրանսիական France 24 լրատվականին տված հարցազրույցում նախարարը նշել է, որ Ադրբեջանը մտադրություն չունի գործել լարվածության թուլացման ուղղությամբ:
«Մենք պատրաստ ենք պաշտպանվել ամենավճռական կերպով: Դժբախտաբար, մենք առերեսվում ենք Ադրբեջանի բացառապես առավելապաշտական դիրքորոշման հետ, որը մերժում է Արցախի ժողովրդի եւ նրա իշխանությունների, հայ ժողովրդի շահերի եւ մտահոգությունների որեւէ դիտարկում: Առավելապաշտական մոտեցումը եղել եւ մնում է մերժված:
Մենք պատրաստ ենք փոխզիջման: Այնուամենայնիվ, այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ, որին մենք ստիպված ենք առերեսվել»,- ասել է նախարարը: