10 ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի վերջին ասուլիսն, ինչպես միշտ, լի էր այնպիսի հայտարարություններով, որոնք ի ցույց են դնում հեղինակի եւ    քաղաքական գործչի անգամ ամենաբացասական ընկալման խորը անհամապատասխանությունը: Հրապարակավ, հպարտությամբ  սպառնալով գտնել եւ ծեծել իր մասին վատ բաներ գրած անձանց` Հայրապետյանը խոստացավ նախ դուրս գալ Հանրապետական կուսակցությունից, ապա եւ չառաջադրվել գալիք ԱԺ-ընտրություններում, որպեսզի իր արարքներով չստվերի Հանրապետական կուսակցությունը: Անշուշտ, ողջունելի է, որ Ռուբեն Հայրապետյանը սկսել է գիտակցել,  որ  ստվերում է  ԱԺ ու ՀՀԿ հեղինակությունը: Ափսոս միայն, որ այդ ըմբռնումը նրա մոտ  հայտնվեց 10 տարի անց (հատկապես խորհրդարանի դեպքում): Սակայն, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Եւ ահա, իր ուշացած  ինքնաքննադատության մեջ խորանալով, Հայրապետյանը հայտարարել է. «Իմ անձնական կարծիքն այն է, որ գործարարը պետք է մնա գործարար,  օրենսդիր մարմնում աշխատող մարդիկ պետք է մնան օրենսդիր մարմնում  եւ օրենքներ գրեն: Եթե ես պետք է գնամ Ազգային Ժողով եւ չանեմ իմ գործը, չգրեմ օրենքներ, ուրեմն ստացվում է` ես խաբում եմ իմ ընտրողներին»: Ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանն արդեն 10 տարի է` պատգամավոր է, այսինքն` ֆորմալ առումով  զբաղվում է օրենսդիր գործունեությամբ: Բայց  թե քանի օրենք է այդ ընթացքում գրել, հայտնի է բոլորին: Հետեւաբար, ստացվում է, որ նա իր գործը տասը տարի շարունակ չի արել:  Ավելին, նա ոչ միայն օրենքներ չի գրել, այլեւ չի գնացել Ազգային Ժողով. Հայրապետյանն ԱԺ նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորն է:  Այսինքն` դուրս է գալիս, որ պատգամավորը շուրջ տասը տարի է, իր իսկ խոստովանությամբ, խաբում է իր ընտրողներին: Բայց խնդիրն այն է, որ եթե նա այս անգամ էլ առաջադրվի, միեւնույն է, այդ ընտրողները կհամաձայնեն էլի հինգ տարի խաբվել, քանի որ Հայրապետյանը, ինչպես հայտնի է, «ջութակ չի նվագում». նա  բռնում է իր չուզողներին ու ծեծում: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ այս պատգամավորը շատ հաճախ է օգտագործում պատժել բառը` ասես ինքը դատական վերին ատյան է, որին տրված է  մեղավորներին որոշելու եւ պատժելու իրավունքը: Իրականում պատժելու մասին նրա ինքնագոհ խոստումները ցույց են տալիս մեր երկրում տիրող անպատժելիության ու ամենաթողության աստիճանը` ընդգծելով օրինապահների անկարողությունը: Դե իհարկե, եթե Երեւանի ոստիկանապետը նրա սանիկն է, էլ ի՞նչ պատիժների մասին կարող է խոսք լինել: Ամեն դեպքում, պետք է նշել, որ երեկ` ամբողջ օրը, հասարակական-քաղաքական շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներից մեկը Ռուբեն Հայրապետյան-Նիկոլ Փաշինյան հրապարակային «մենամարտն» էր: Այն, ինչ ասաց կամ, ինչպես ասում են, «տեղը դրեց» Նիկոլ Փաշինյանը, թվում էր` անարձագանք չի մնա, բայց Հայրապետյանը դեռ խորը լռում է:




Լրահոս