Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ ArmLur.am-ը զրուցել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսի հետ: Նա մինչ այս նաև հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնատիրական ռեժիմը, ում համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի, իր իսկ բնակչությանն օգտագործել է որպես կենդանի վահան՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:
ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով այդ մասին, Եվրախորհրդարանի պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն անմարդկային ռազմավարություն է որդեգրել, խախտել է էթիկայի նորմերը: «Նույն Ադրբեջանի կառավարությունը մերժում է շփման գծում հետաքննական մեխանիզմների տեղադրումը: Այն կարող էր կանխել հրադադարի ռեժիմի խախտումները, անմեղ մարդկանց կորուստը», – նկատեց նա:
Մեզ հետ զրույցում Եվրախորհրդարանի պատգամավորը նաև իր ցավակցական խոսքն ուղղեց անմեղ մարդկանց զոհվելու առնչությամբ եւ կոչ արեց բոլորին լինել օբյեկտիվ: «Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում «Իսլամական պետություն» խմբավորման ոճով գլխատում են մարդկանց, նրանց մարմնի մասերը ցուցադրում են, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին»,- եզրափակեց նա:
Նաիրա Հովհաննիսյան