Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 27-ին, ժամը 18:15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գրիշա Հ․, ծնված 1944 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր Արեգա Հ․-ն (ծնված 1951 թ.) տեղում մահացել են։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Աննա Ա․-ն (ծնված 2007 թ.) հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները Գրիշա Հ․-ի և Արեգա Հ․-ի դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Փրկարարների և տեղի ուժերով ավտոմեքենան ուղղվել է և մոտեցվել ավտոքարշակին: