«Մեզ մոտ չեն կարողանում իրար պաս տալ, չեն կարողանում ինչ ուզեն` անեն: Սա նաեւ ՀԱԿ-ի ձեռքբերումներից է»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը` խոսելով Մոսկվայում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մասին:-Պարո՛ն Սարգսյան, իշխանության վերջին շրջանի պահվածքը Ձեզ համար անսպասելի՞ էր. նրանք մերժում են ամեն ինչ, երկխոսությունն էլ կարծես չի կայանալու: -Ինձ համար նույնչափ անսպասելի էր, որ իշխանությունն Ազատության հրապարակը կտա, որ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին բաց կթողնի եւ, առհասարակ, քաղբանտարկյալներին: Ընդհանրապես անսպասելի էր, որ առաջին դեմքի մակարդակով կասեին, որ մարտի մեկի էջը փակված չէ, թեկուզ ձեւական, բայց հանձնարարական կտար: Ես նախորդ իշխանությունների պարագայում երբեք նման տեսակետ չէի ասի, բայց էս իշխանություններն իրենց գործելաոճով ցույց տվեցին, որ երբ հասարակական լայն զանգվածները հավաքվում են եւ որոշակի ճնշում են գործադրում, իրենք դրանից հետեւություններ անելու ընկալունակ են: Էստեղ ես չեմ թերագնահատում նաեւ աֆրիկյան երկրների այդ փորձը. էն, ինչ-որ տեղի ունեցավ, էստեղ իշխանություններն էլ են տեսնում: Եւ ես բացարձակապես չեմ բացառում, որ համապատասխան զանգված հավաքելու դեպքում համապատասխան իրավիճակներում Հայաստանի վրա ուշադրություն կդարձնի ոչ միայն Հայաստանի գործող իշխանությունը, որը երբեմն իրեն ոչ ադեկվատ է պահում, այլեւ արտաքին քաղաքական ուժերը, աշխարհը: Դա կախված է հայ ժողովրդի` գործընթացին մոտենալու եւ մասնակցության ձեւից: Մենք հակված ենք այդ մասնակցությունը պահպանել Սահմանադրության շրջանակներում: Եւ էդ դեպքում, իշխանությունն իր առաջ խնդիր է ունենալու` գնալ արաբակա՞ն տարբերակով, ինչն արեց Քադաֆին, քադաֆիզմի՞ ճանապարհով, թե՞ նախագահական ընտրություններից մեկ տարի շուտ գնալ արտահերթ ընտրությունների: -Կոնգրեսին կարծես մտահոգում է հանրահավաքների բազմամարդության խնդիրը: Այս դեպքում խոսքը կրիտիկակա՞ն զանգվածի մասին է:-Ինձ համար կրիտիկական զանգվածն իմ զավակներն են, ծնողները ու եղբայրս: Կրիտիկական զանգված ասածը ես թվի մեջ չեմ տեսնում, ես էներգետիկայի մեջ եմ տեսնում: Առաջին նախագահն էլ է ասում, որ եթե այդքան մարդիկ են հավաքվել, դա ակնհայտ քվեարկություն է, որն իշխանությունը չի կարող չտեսնել: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը չէր կարող դա չտեսնել, ուր մնաց այս իշխանությունը, որը գոնե նրբերանգներով ցույց է տալիս, որ կգերադասի մեղմ ճանապարհներով գնալ: Նաեւ պետք է ասեմ, որ վերջին շրջանի զարգացումները կոշտ ճանապարհով գնալու ճանապարհները շատ ավելի դժվարացրել են, ու մարտի մեկի նման էսօր զորք մտցնելը, ուժ կիրառելը շատ ավելի դժվար է դարձել: Նախ, որովհետեւ ժողովուրդն ինքն էլ է փորձ ձեռք բերել, ինքը մարտի մեկ տեսած ժողովուրդ է, եւ երկրորդ` աշխարհը զենք հանող, տանկերով մտնող երկրներին արդեն ուրիշ աչքով է նայում: Ու էդ մարդիկ Ասադ չեն, Քադաֆի չեն, Մուբարաք չեն:-Այնուամենայնիվ, ԵԽԽՎ համազեկուցողների բանաձեւը խիստ դրական էր, անկախության 20-ամյակի ժամանակ տարբեր երկրների ղեկավարներից եկող շնորհավորանքները` եւս:-Ես տեսել եմ նաեւ, թե էդ դիվանագետներն ինչ վերաբերմունք ունեն այս իշխանությունների հանդեպ, եւ դա երեւում է նաեւ «Վիկիլիքս»-ում: Մենք, իհարկե, իրենցից ժողովրդավարության առումով սովորելու բան ունենք, իհարկե, այնտեղ էլ դա բացարձակ չէ, բայց մեզանից շատ առաջ են: Դժբախտաբար, Ռուսաստանը նույն վիճակում է, ինչ մենք, դեռ մի բան էլ ավելի: Արդեն Ռուսաստանն է նախկին սովետմիության երկրների նման, որտեղ նախագահները ցմահ էին, փորձում գնալ ցմահի տարբերակին: Ու որ Հայաստանում դա էդպես չէ, այստեղ Կոնգրեսի լուման մեծ է, հավատացե՛ք, որ չլիներ ընդդիմությունը, այստեղ էլ էր նույնը լինելու:-Իսկ հիմա ավագ եղբոր սինդրոմը չի՞ աշխատի:-Այդ ավագ եղբոր փորձը ոգեւորելու է երիտասարդ թոշակառուի կարգավիճակի հետ չհամակերպվող անհատին, միանշանակ համոզված եմ, որ մարդկանց կանչելու է, ներկայացնելու է, որ էստեղ էլ էդպես է լինելու: Ինքն այդ ուղղությամբ փորձեր էլ է արել, եւ էստեղ է հայ ժողովրդի խնդիրը, որ ոչ միայն իրեն, այլեւ Սերժ Սարգսյանին չպետք է թույլ տալ, որ վերարտադրվի: Այստեղ է խնդիրը, որ մենք արտահերթ ենք ուզում, որ իրական ընտրություններ ենք ուզում: Եւ այս իմաստով լուրջ խնդիրներ ենք առաջացրել, ու դա է պատճառը, որ էստեղ ցմահի խնդիր չեն լուծում, որ ամբիոններից իրար պասեր չեն տալիս էնպես, ինչպես Ռուսաստանում: Ինչ ուզում եք ասե՛ք էս ժողովրդին, այս հանրահավաքներին գալու, ցույցեր անելու եւ անընդհատ կանգնած մնալու պատրաստակամությունը նաեւ ՀԱԿ-ի ձեռքբերումներից է:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾՆ ԷՆԵՐԳԻԱՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ