Լեռնային Ղարաբաղի N զորամասում («Եղնիկներ») մահացած 18-ամյա Աղասի Աբրահամյանի հարազատները երեկ ստացել են նրա դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Հիշեցնենք, որ Աղասի Աբրահամյանը մահացել էր ժամկետային զինծառայողի եւ բժշկի դաժան ծեծից հետո հոսպիտալում:Փորձաքննության արդյունքներով զինվորի մահը վրա է հասել գլխուղեղի կենսականորեն կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումից` փակ, բութ գանգուղեղային վնասվածք ստանալու հետեւանքով, որն էլ նրա մահվան ուղղակի պատճառն է: Փորձագետները դա հիմնավորել են փորձաքննությամբ հայտնաբերված մի շարք վնասվածքներով, մարմնի տարբեր հատվածներում եւ օրգաններում առկա արյունազեղումներով: Ըստ այդ փորձագետների` վնասվածքներն առաջացել են Աղասիի մահվանից 6-24 ժամ առաջ բութ, կոշտ առարկաների հարվածների հետեւանքով:18-ամյա Աղասիի մայրը` տիկին Գայանեն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք համաձայն չեն դատաբժշկական փորձաքննության հետ, քանի որ այնտեղ նշված չէ, որ Աղասիի ականջը պոկված է եղել, կողքին էլ դանակի հարված: Ասաց, որ իրենք պահանջում են պատժել բոլոր հանցագործներին, որոնք դաժանաբար ծեծել են իր որդուն:ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից էլ տեղեկացանք, որ երեք սպա եւ մեկ զինվոր են ձերբակալել Աղասի Աբրահամյանի մահվան առնչությամբ: Մամլո խոսնակը նշեց, որ նախաքննության շահերից ելնելով` չեն նշում սպաների անուն-ազգանունները: Սպաներին առաջադրվել է մեղադրանք 375 հոդվածի 1-ին մասով` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, պաշտոնական դիրքը չարաշահելը, պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, որի համար սպառնում է ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով: Իսկ ձերբակալված զինվորին 359 հոդվածի 1-ին մասով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:Այսինքն` սպանության մեղադրանք դեռեւս որեւէ մեկին չի առաջադրվել` չնայած արդեն բարձրաձայնվել է, որ ժամկետային զինծառայողն ու բժիշկը դաժանաբար ծեծել են Աղասի Աբրահամյանին` հասցնելով մահվան:Ս. Գ.
ՍՊԱՆԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ԱՅԴ ՀՈԴՎԱԾԸ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ