Միջազգային արձագանքները շատ վերացական են եւ թույլ. Աղաս Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանի լարվածության հենց առաջին իսկ վայրկյանից դերասան Աղասի Մանուկյանն ու Բեն Ավետիսյանն իրենց ընկերոջ՝ Գարիկ Սաֆարյանի հետ ձեռնամուխ էին եղել արցախցիների համար հավաքագրել առաջին անհրաժեշտության պարագաներ՝ դեղորայքի, հագուստի, սնունդի եւ այլ անհրաժեշտ իրերի տեսքով:

ArmLur.am-ը Աղաս Մանուկյանի հետ զրուցել է նախաձեռնության, հավաքագրման, եւ մարտական տրամադրվածության մասին:

«Առաջնագիծ մեկնելու համար դեռեւս կամավորագրվել էի հուլիսից՝ Տավուշյան դեպքերի ժամանակ: Երկու օր առաջ  գնացի Դավիթաշենի զինկոմիսարիատ, որպեսզի մեկնեմ առաջնագիծ, սակայն ինձ պատասխանեցին, որ առաջնագիծ տանում են նոր զորացրված եւ զինավարժություններ անցած մարդկանց, այս պահին մեր կարիքը չկա, իսկ հարկ եղած ժամանակ մեզ կզանգահարեն: Եվ քանի որ այս պահին սահման մեկնել չկարողացա, որոշեցի իմ ընիկերների հետ միասին  նախաձռնել հավաքագրում ՝ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով: Մեզ անհրաժեշտ  էր հավաքագրված պարագաները հասցնել, Ստեփանակերտ»,-պատմում է Աղասը:

Մեր զրուցակցի խոսքով՝  նրանց հաջողվել է երեկ գիշեր բոլոր հավաքագրած օգնությունը հասցնել Ստեփանակերտ, ինչպես նաեւ շփվել վիրավոր զինծառայողների հետ:

«Անկեղծ սկզբից մտածում էինք, որ Գորիսից չեն թողնի անցնենք, բայց բարեբախտաբար թողեցին մեզ: Գնացինք Ստեփանակերտի հոսպիտալ, մեր կողմից հավաքագրված բոլոր պարագաները հանձնեցինք մեր բժիշկներին, ապա  փորձեցինք մոտենալ եւ հանդիպել մեր վիրավոր զինվորներին: Փառք Աստծու բոլորը լավ էին, մարտական ոգով, առանց ընկճվելու, այնքան պինդ, որ չէին համբերում, թե երբ պետք է ապաքինվեն ու էլի գնան առաջնագիծ: Այնուհետեւ մեզ ասացին, որ  մեր ներկայությունն այնտեղ կարող է վտանգավոր բնույթ կրել, եւ ավելի լավ է, որպեսզի մենք Ստեփանակերտից դուրս գանք, քանի որ Ստեփանակերտում մարդիկ բնակելի շենքերից տահանված են եւ բոլորը գտնվում են ապաստարաններում, թաքստոցներում»,-ասում է դերասանը:

Ըստ Աղասի Մանուկյանի՝ Ադրբեջանը դեռ այսքան լայնածավալ ռազմական գործողությունների չէր դիմել, անգամ՝ Ապրիլյան  պատերազմի կամ Տավուշյան  դեպքերի ժամանակ. «Երբ Ստեփանակերտից վերադառնում էինք Գորիս, երեւի թե ճանապարհին ավելի քան հարյուր ավտոբուսներ Արցախ էին տեղափոխում կամավորականների, եւ նայելով այդ ամենը, հասկանում ենք  ողջ պահի լրջությունն ու  պատասխանատվությունը: Հիմա մենք  մտածում ենք, Աստված ոչ անի մեր կարիքը լինի, բայց եթե լինի էլ՝ մենք դրա համար ենք եկել, եւ եթե կարիքը լինի մենք բոլորս ենք գնալու, քանի որ դրված է հայրենիքի պաշտպանության հարցը»:

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքներին՝ Աղաս Մանուկյանը հավելում է, որ դրանք կա՛մ շատ վերացական են կա՛մ շատ թույլ:

«Տպավորություն է, թե արձագանքում են միայն արձագանքելու համար: Տեղեկություններ եղան Ռուսաստանի Դաշնությունից՝ 20 հազար կամավոր է ուզում հայրենիք վերադառնալ, բայց այնտեղից չեն թողնում, դրան ինչպե՛ս կարող եմ լավ վերաբերվել: Երբ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ժողովուրդն ուզում է հասնել իր հայրենիքի սահմանների պահպանմանը ինչ-որ վիրուսի հետ կապված, թույլ չեն տալիս, դա արդեն աբսուրդ է».-մեզ հետ զրույցում եզրափակում է դերասանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս