Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերը ենթարկվում են հրետակոծության ադրբեջանական կողմից։ Այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ հարցումներով պաշտոնական աղբյուրներով: Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները և տրամադրել նաև մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ:
Հրետակոծության մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բժշկական անձնակազմը՝ նշելով հրետակոծության պատճառով խնամյալների մոտ առաջացած վախի ու տագնապի մասին: Հրետակոծության փաստերը հաստատվել են նաև պաշտոնական հարցման արդյունքներով:
Առավոտյան այրվել է նաև քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում։