Ինչ անում է Թուրքիան, նաև Ռուսաստանի դեմ է. ռուս ռազմական վերլուծաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավիճակը սահմանում շարունակում է լարված մնալ: Երեկ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է այրվել հարվածային ԱԹՍ-ի հարվածից, զոհեր և վիրավորներ չկան, ավտոբուսը դատարկ է եղել: Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով եւ կրելով մոտ 60 զինծառայողի եւ զգալի թվով զրահատեխնիկայի կորուստներ, հետ է շպրտվել:

Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող զարգացումների մասին ArmLur.am-ը զրուցել է ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի հետ:

Պարո՛ն Խրամչիխին, ո՞րն է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը տեղի ունեցող դեպքերի մասին:

Ռուսաստանի դիրքորոշումը զուսպ չէ, բայց ավանդական է: Ավելին ակնկալելն անիմաստ է։ Եվ ամբողջ աշխարհի դիրքորոշումն է նմանատիպ, միայն Ռուսաստանը չէ: Սակայն կանխատեսելի էր Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսումը, քանի որ բանակցային գործընթացը ապակառուցողական էր եւ  երբ Ղարաբաղից չի հրաժարվում ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը։

Արցախի նախագահն ասում է, թե կռիվ է ընթանում Թուրքիայի դեմ: Սա որքանո՞վ է փոխում իրավիճակը:

-Այո, ԼՂ հակամարտությունը վերջին շրջանում իր խաղով բարդացնում է Թուրքիան, եւ դա հեշտ խաղ չէ, քանի որ դրանում առկա են Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները: Ինչ անում է Թուրքիան այս հակամարտության գոտում, նաեւ Ռուսաստանի դեմ է:  Ռուսաստանը խոչընդոտել է թուրքական պլանների իրագործմանը Մերձավոր Արեւելքում՝ Սիրիայում, Լիբիայում: Ռուսաստանն ու Թուրքիան գործում են հակադիր բեւեռներում:

-Սակայն այսօր իրավիճակն ավելի է լարվել, նաեւ հայկական կողմի ուղղությամբ կրակոցներ կան, Վարդենիսում քաղաքացիական զոհ կա: Այստեղ ի՞նչ զարգացումներ կարող են լինել:

-Ներկայիս իրավիճակը դեռ բավականին սահմանափակ է: Մինչ այս պահը եւ այն, ինչ եղել է Վարդենիսի ուղղությամբ, մասշտաբային գործողություններ չեն, դինամիկան փոխվում է եւ իրականում Հայաստանի ուղղությամբ լուրջ գործողություններ դեռ չկան։ Այս դեպքում Ռուսաստանը չունի որեւէ առիթ միջամտելու, բացի դիվանագիտական կոչերը, որոնք սակայն որեւէ բան չեն փոխելու այս իրավիճակում։ Եթե լայնամասշտաբ ռազմագործողություններ սկսվեն Հայաստանի տարածքում, այդ դեպքում կարծում եմ, Ռուսաստանը կսկսի լրջորեն անհանգստանալ: Կարող են կայացվել, այո՛, լուրջ որոշումներ, բայց ասել, թե դրանք կոնկրետ ինչ որոշումներ կլինեն, անհնար է։

-ՀԱՊԿ-ը չպե՞տք է արձագանքի այսպիսի իրավիճակում:

-ՀՀ տարածքում գործողությունների դեպքում ՀԱՊԿ-ը չի կարող գործել այնպես, ինչպես կարող է՝ հաշվի առնելով այդ երկրների եւ նրանց հետ ունեցած հարաբերությունները: Սակայն չի բացառվում, որ կլինի սցենար, երբ Ռուսաստանը չի կարողանա անմասն մնալ իրավիճակից: Սա անցանկալի սցենար է Ռուսաստանի համար ցանկացած տեսքով։

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը

 




Լրահոս