ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել BBC Newshour լրատվականին:
Հարց. Պարոն նախարար, առաջին հարցս վերաբերում է Ադրբեջանի կողմից այն մեղադրանքներին, որ Հայաստանի գործողություններն են հրահրել այս բախումը:
Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը և Արցախը որևէ շահագրգռվածություն կամ մտադրություն չունեն իրավիճակը սրելու: Մենք մերժել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման տարբերակը: Ուստի` միանգամայն անընդունելի է այս մեղադրանքների խաղի մեջ մտնելը: Լեռնային Ղարաբաղի դեմ այս հարձակումը և լարվածությունը շարունակում են մնալ չափազանց բարձր:
Հարց. Երբ Դուք ասում եք, որ լարվածությունը բարձր է, արդյո՞ք դիտարկում եք լայնամասշտաբ պատերազմի վերածման հնարավոր տարբերակը:
Զոհրաբ Մնացականյան. Մենք պետք է ներդնենք բոլոր հնարավոր ջանքերը դրանից խուսափելու համար, քանի որ դա կհանգեցնի ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը, իսկ մենք մերժում ենք նմանօրինակ տարբերակը: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք մերժում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական կարգավորման տարբերակը:
Հարց. Երբ ասում եք, որ մերժում եք ռազմական տարբերակը, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում դա ի ցույց դնելու համար:
Զոհրաբ Մնացականյան. Այս պահին Արցախի պաշտպանական ուժերին ոչինչ չի մնում, քան պաշտպանվել, քանի որ այժմ նրանք հակադարձում են Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակումներին: Այս պահին առաջնային է ետ մղել ադրբեջանական ուժերի հարձակումները և պարտադրել նրանց վերադառնալ բանակցային սեղան:
Հարց. Հակամարտության վերջին բռնկման հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել: Դուք ընդունու՞մ եք, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս:
Զոհրաբ Մնացականյան. Արցախն իրացնում է ինքնորոշման իր իրավունքը: Արցախը Հայաստանի պատմական տարածքն է: Արցախի հայ բնակչությունը զանգվածային խտրականության է ենթարկվել ամբողջ ժամանակահատվածում, երբ բոլշևիկյան կառավարության որոշմամբ այն փոխանցվեց Ադրբեջանին:
Հարց. Այսպիսով՝ այդ հարցի պատասխանը «ոչ» է: Դուք չեք ընդունում, ինչպես ամբողջ աշխարհն է ընդունում, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս:
Զոհրաբ Մնացականյան. Արցախի կարգավիճակը բանակցային փաթեթի առանցքային հարցերից մեկն է. կարևորագույն խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի բանակցությունների և փոխզիջման միջոցով:
Հարց. Դուք պետք է, որ շատ անհանգստացած լինեք, որ սա կարող է վերածվել շատ վտանգավոր, լուրջ և միջնորդավորված պատերազմի: Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ միայն աջակցում է Ադրբեջանին, այլև ասել է, որ հենց Հայաստանն է հանդիսանում տարածաշրջանում խաղաղության ամենամեծ սպառնալիքը:
Զոհրաբ Մնացականյան. Նախագահ Էրդողանն ու Թուրքիան ամենաապակայունացնող գործոնն են եղել այս ամբողջ իրադրությունում: Թուրքիան արդյունավետ կերպով արտահանում է իր ազդեցությունը և իրականացնում ապակայունացնող քաղաքականություն, ինչին մենք ականատես ենք եղել Թուրքիայի ամբողջ հարևանությամբ` Արևելյան Միջերկրականից մինչև Մերձավոր Արևելք: Նրանք, ըստ էության, այդ ապակայունացումն արտահանում են Հարավային Կովկասի տարածաշրջան: Մենք դա չենք ողջունում և մենք դա միանգամայն մերժում ենք:
Հարց. Միանգամայն պարզ է, որ Ադրբեջանի կառույցները և պաշտոնատար անձինք խիստ մտահոգված են Հայաստան ուղարկված ռուսական զենքի մեծ քանակով: Ռուսաստանն այժմ Հայաստանին սպառազինություն մատակարարո՞ւմ է:
Զոհրաբ Մնացականյան. Հայաստանն անում է ամեն ինչ, որպեսզի լիովին ապահովված լինի իրեն պաշտպանելու բոլոր կարողություններով: Հայաստանն Արցախի անվտանգության միակ երաշխավորն է: Եվ մենք աշխատում ենք տարբեր գործընկերների հետ:
Հարց. Այսինքն, սա նշանակո՞ւմ է «այո», երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանից զենք ստանալուն։
Զոհրաբ ՄՆացականյան. Մենք աշխատում ենք բազմաթիվ միջազգային գործընկերների հետ` Հայաստանի պաշտպանության համար բավարար կարողություններով ապահովելու նպատակով: Եվ ուղղակի անհեթեթ է լսել այդպիսի մեղադրանքներ Ադրբեջանի կողմից, որը միլիարդներ է ծախսում զինվելու համար` ի ցույց դնելով այս հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու իր մտադրությունը:
Հարց. Որքանո՞վ եք մտահոգված, որ այս հակամարտությունում կարող է լինել թուրքական միջամտություն, թուրքական ֆիզիկական միջամտություն:
Զոհրաբ Մնացականյան. Դա ավելի մեծ ռիսկ է, որը լիակատար աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար. դա ողջունելի չէ այս տարածաշրջանում:
Հարց. Եվ ինչպիսի՞ն կլիներ Ձեր պատասխանը, եթե դա պատահեր:
Զոհրաբ Մնացականյան. Այդ դեպքում մեզ ոչինչ չի մնա, քան դեմ առ դեմ պայքարել թշնամու դեմ:
Հարց. Թշնամին Թուրքիա՞ն է։
Զոհրաբ Մնացականյան. Եթե նրանք այդպես վարվեն։
Հարց. Եվ այդ համատեքստում, որքանո՞վ է Հայաստանը ապավինում Ռուսաստանին։
Զոհրաբ Մնացականյան. Հայաստանն ապավինում է Ռուսաստանին, ապավինում է իր մյուս բոլոր գործընկերներին, որոնց հետ համագործակցում է պաշտպանական առումով։ Հայաստանն աշխատում է շատ այլ գործընկերների հետ։ Եվ նրանք պետք է հիշեցնեն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ընթանում է միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության շրջանակներում, որը բաղկացած է Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Եվ այս երկրներից յուրաքանչյուրն ունի շատ կարևոր դերակատարություն՝ զսպելու ցանկացած լարվածության աճ, իրավիճակի ցանկացած վատթարացում։ Եվ մենք շատ սերտորեն աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ մասնավորապես, համանախագահող երկրների հետ։
Հարց. Ենթադրվում է, որ երբ 2018թ․ Ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, նոր խթան պիտի հաղորդվեր տևական ժամանակ փակուղի մտած խաղաղ բանակցություններին։ Եվ այնուամենայնիվ պարզվում է, որ նա որդեգրում է Ադրբեջանի հանդեպ նույն անզիջում դիրքորոշումը։
Զոհրաբ Մնացականյան․ Դեռևս 2018թ․ ամուր վճռականությամբ մենք ներգրավվել ենք բանակցային գործընթացում։ Այնուամենայնիվ, այն, ինչին շարունակում ենք բախվել Ադրբեջանի կողմից, վերջինիս առավելապաշտական դիրքորոշումն է, որում Արցախի և Հայաստանի շահերը և անվտանգության խնդիրները հիմնովին մերժվում են: