Սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողություններն Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: ՊՆ-ի հաղորդմամբ, ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ:
Միեւնույն ժամանակ տարբեր տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, նաեւ բլոգեր Ալեքսանդր Լապշինն էր նշում, թե Իսրայելը մահ է տանում Արցախին, այսինքն այս պատերազմում կանգնած է Ադրբեջանի կողքին: Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է իսրայելցի գործիչ Ավիգդոր Էսկինի հետ:
-Պարո՛ն Էսկին, արդեն երեք օր է Արցախում լարված իրավիճակ է, մարտեր են ընթանում: Ինչպե՞ս եք դուք գնահատում իրավիճակը:
-Շատ թեժ մարտեր են ընթանում երկու կողմերից էլ: Դա հետագայում բերելու է ռազմական միջոցների պակասի, ոչնչացման: Եվ այդ պարագայում հարց է առաջանալու սպառազինության մատակարարման մասին: Արդյո՞ք ՌԴ-ն կօգնի Հայաստանին կամ ինչ պայմաններից ելնելով է Թուրքիան պատրաստ նոր սպառազինություն տրամադրել: Հենց այս հարցերի պատասխաններից են կախված հետագա քայլերը: Սակայն այս պատերազմն իր անունը ունի՝ Թուրքիան ընդդեմ ազատ աշխարհի: Եվ մեկ բան էլ, հարձակում է տեղի ունեցել ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ, եւ աշխարհը պետք է աջակցություն ցուցաբերի Հայաստանին: Միջազգային հանրությունը պետք է արագ եւ արդյունավետ խառնվի եւ այդ դեպքում կրակի դադարեցում տեղի կունենա:
-Այսօր Թուրքիան ևս մեկ անգամ հայտարարեց, որ իրենք Ադրբեջանի կողքին են: Ստացվում է՝ Թուրքիան է պատերազմում, ոչ թե Ադրբեջանը:
-Ադրբեջանում վարձկանների ներկայությունը, որոնք պատերազմ են անցել նաև Սիրիայում, փոխում է իրավիճակը: Չէ որ դրանք «Իսլամական պետության» ահաբեկիչներն են ու մյուս իսլամիստները: Նրանք կոնֆլիկտն ավելի են լայնացնում եւ հանում այն ազգային ու տեղական սահմաններից: Թուրքիան է կանգնած գրոհայինների ժամանման ետևում, առանց նրանց ակտիվ մասնակցության, այս պատերազմը չէր լինի:
-Ի՞նչ-որ քայլեր անում է Իսրայելը: Նշվում է, թե Դուք աջակցում եք Ադրբեջանին:
-Իսրայելը ոչ մի կերպ չի խառնվելու այս կոնֆլիկտին: Մի կողմից, Երուսաղեմը կապված է Բաքվի հետ նավթի գնման եւ զենքի վաճառքի մասով: Մյուս կողմից էլ մենք անհանգստացած ենք Թուրքիայի միջամտությամբ, որը մեր ռազմավարական թշնամին է: Այդ պատճառով էլ պետք չէ սպասել որևէ միջամտության Իսրայելի կողմից:
-Իսկ ՌԴ-ն: Թուրքիան կթողնի՞, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը միջամտի:
-Թուրքիան արդեն խառնվել է: Նրանց միջամտությունն ավելին է, քանի հարյուրավոր վարձկանների, գրոհայինների միանալը: Բայց այդ մասին դեռ վաղ է խոսել: Մոսկվայում շատ լավ տեղեկացված են եւ շատ լավ անհանգստացած: Սակայն ձեր համար գաղտնիք չէ, որ վերջին երկու տարում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ճգնաժամ են ապրել եւ մթնոլորտն այնքան էլ բարենպաստ չէ:
-Արդեն լարվածությունը չի սահմանափակվում միայն Արցախում: Այսօր կրակոցներ են եղել նաև Վարդենիսի ուղղությամբ:
-Հայաստանը կարող է միջազգային կազմակերպության միջոցով տարածաշրջան տեխնիկայի մատակարարման արգելք սահմանել: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Նրա տարածքը ենթարկվել է հարձակման, այն ուղիղ հարված է անվտանգությանը: Սպասում ենք Մոսկվայի խոսքին:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը