ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ՝ անդրադառնալով ընդդիմադիր երեք ուժերի՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքին: ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունները հայտարարում են, թե իշխանությունները ձախողել են բոլոր ոլորտներում: Մենք փորձեցինք իշխանական խմբակցության պատգամավորից պարզել՝ որ ոլորտներում են իրենք ձախողել, եւ ինչ են մտածում ընդդիմադիր ուժերի սպասվելիք հանրահավաքի մասին: «Միանշանակ չենք ձախողել: Պարզապես այդ ուժերի համար պետք են որոշ ձեւակերպումներ, կապ չունի՝ իրականության հետ աղերս ունի, թե ոչ, որպեսզի իրենց համար քաղաքական օրակարգ ձեւավորեն: Ըստ իս՝ եթե իրենք թողնեն մարդկանց կամքին, որպեսզի մարդիկ իրենք որոշեն՝ կմասնակցեն հանրահավաքի, թե ոչ, ապա շատ զվարճալի տեսարանի ականատես կլինենք», -նշեց նա:
-Պարո՛ն Հակոբյան, արտախորհրդարանական երկու ուժ՝ «Դաշնակցություն» եւ «Հայրենիք» կուսակցությունները, ինչպես նաեւ խորհրդարանական ԲՀԿ-ն հայտարարել են մեծ հանրահավաքի մասին: Ասում են, որ իշխանությունը ձախողել է գրեթե բոլոր ոլորտները, ինչի համար հասունացել է այս պահը: Արդյոք իշխանությունը ձախողե՞լ է:
-Միանշանակ ոչ, ոչ եւ եւս մեկ անգամ ոչ: Ուղղակի այդ ուժերի համար պետք են որոշ ձեւակերպումներ, կապ չունի՝ դա իրականության հետ աղերս ունի, թե ոչ, կարեւորը կարողանան իրենց համար գոնե քաղաքական օրակարգ ձեւավորել, որպեսզի հանրահավաք անցկացնեն:
-Դա կհաջողի՞ իրենց: Կարո՞ղ են հավաքել այնպիսի մարդկանց, որոնք կգնան եւ կհայտնեն իրենց դժգոհությունը:
-Հավաքել չէ, այլ բերել, որովհետեւ, ըստ իս, եթե իրենք թողնեն մարդկանց կամքին, մարդիկ իրենց կամքով մասնակցեն կամ չմասնակցեն, ապա շատ զվարճալի տեսարանի ականատես կլինենք պարտության մասով: Բայց նրանք, կարծում եմ, որ հին մեխանիզմներին կտրվեն եւ ավտոբուսներով մարդկանց կբերեն հանրահավաքի:
-Նկատի ունեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությա՞նը:
-Հիմնականում ԲՀԿ-ին:
-Այսինքն՝ կարծում եք, որ սա ԲՀԿ-ի կազմակերպած հանրահավա՞քն է. ինչո՞ւ ԲՀԿ-ն գնաց այս քայլին:
-Հայտարարությունից այդպիսի տպավորություն ստացա, որ 3 ուժերի կազմակերպած հանրահավաքն է: Չասենք միայն ԲՀԿ-ի, որովհետեւ սա 3-ի հանրահավաքն է, որ դրանից հետո չասեն՝ այ, ԲՀԿ-ն մենակ արեց, ձախողեց: Այն երկու ուժերին միացնենք, որ ձախողելու դեպքում ասենք, որ 3-ն էլ ձախողեցին:
-Դուք վստա՞հ եք, որ ձախողելու են:
-Ես չեմ ասի, որ վստահ եմ, որ ձախողելու են, բայց եթե չկա սկզբունքայնություն, քաղաքական օրակարգ, կեղծ օրակարգի վրա հիմնված հանրահավաքները չեն կարող երկար տեւել: Այիսնքն՝ սա միգուցե չլինի նրանց առաջին եւ վերջին հանրահավաքը: Միգուցե նրանք էլի հանրահավաքներ անեն, բայց որքա՞ն նրանք կարող են, ենթադրենք, մարդկանց գումար բաժանելով, բերել հրապարակ.1, 2, 3 անգամ:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այս 3 ուժերը որոշեցին փողոց դուրս գալ: Ի՞նչն է իրենց անհանգստացնում:
-Ամեն մեկն իր շարժառիթն ունի. մեկը փորձում է տեղավորվել որոշ քրեական գործերով քաղաքական հետապնդման քողի տակ, ըստ իս, «Դաշնակցությունը» փորձում է դուրս չմնալ քաղաքական իրադարձություններից, երրորդը՝ նոր ստեղծված կուսակցություն է, փորձում է մաս կազմել քաղաքական պրոցեսներին: Ամբողջությամբ նորմալ պրոցես եմ համարում նրանց կազմակերպած հանրահավաքը, նրանք կարող են անել դա, բայց պետք ունեն շատ հիմնովին խնդիրների մի ամբողջ ցանկ, որ մոբիլիզացնեն մարդկանց, որն ուղղակի չկա:
-Իշխանություններին չի՞ մտահոգում հանրահավաքը: Այսինքն՝ Դուք չե՞ք կարծում, որ նրանք կարող են հանրահավաքների միջոցով իշխանափոխության հասնել:
-Ոչ, որովհետեւ չկա քաղաքական օրակարգ, չկա իշխանափոխության հանրային լայն պահանջ: Իմ կարծիքով՝ մեր իշխանության օրոք իշխանափոխություն տեղի է ունենալու ընտրությունների միջոցով: Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այլեւս Հայաստանում միշտ իշխանափոխություն տեղի ունենա բացառապես ընտրությունների միջոցով: Այն, ինչ տեղի ունեցավ 2018թ.-ին, դա պետք է դաս լինի բոլորի համար:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՆԱԽԿԻՆ ԳԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԹՈՇԱԿ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Ազգային ժողովի պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանը, Հովիկ Աղազարյանն ու Միքայել Մելքումյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել եւ առաջարկում են փոփոխություններ կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում:
Պատգամավորներն առաջարկում են ամրագրել, որ կենսաթոշակ ստանան նաեւ Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձինք 65 տարին լրանալու դեպքում: Գործող օրենսդրությամբ ՀՀ ԳԽ պատգամավորներին թույլատրվում է կենսաթոշակ ստանալ ՀՀ ԳԽ պատգամավորի 5 տարվա ստաժի դեպքում, ինչը, նրանց կարծիքով, արդար չէ: Եվ, ահա, պատգամավորները գտնում են, թե սա այնքան էլ արդար չէ, քանի որ խորհրդարանի պատգամավորներից մի քանիսը, որոնք օբյեկտիվ պատճառներով լրիվ 5 տարի չեն աշխատել Գերագույն խորհրդում, զրկվել են պատգամավորների համար նախատեսված կենսաթոշակ ստանալու իրավունքից:
Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություն եւ լրացում կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում, սահմանել դրույթ, համաձայն որի՝ ԳԽ պատգամավորները 65 տարին լրանալու դեպքում հնարավորություն ունենան օգտվել օրենքով պետական պաշտոն զբաղեցրած անձանց համար սահմանված արտոնյալ կենսաթոշակ ստանալու իրավունքից:
Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ այսպիսի նախագիծ ներկայացնում են հենց այս պատգամավորները, քանի որ այս փոփոխությունը կանդրադառնա նրանցից երկուսի վրա:
Եվ այսպես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը եղել է 1990-1995 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր: ԳԽ կրթության, գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՀԴ) խմբակցության քարտուղար:
Վարդեւան Գրիգորյանը 990-1995թթ. եղել է ԳԽ պատգամավոր (թիվ 87 ընտրատարածք), ԳԽ աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նոր-Նորք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարիտրոսյանի նախագահությամբ պետք է տեղի ունենար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստը: Սակայն նիստը չի կայացել, քանի որ պաշտպանական կողմը, այդ թվում` Ծառուկյանը, նիստին ներկա չեն եղել: «Երեկ՝ 11:00-ին մեկնարկած նիստի ընթացքում, դատարան ներկայացած դատավարության մասնակիցները միջնորդել են դատարանին քննությունն իրականացնել մեղադրյալի եւ պաշտպանների բացակայությամբ, սակայն դատարանը, հաշվի առնելով հարցի կարեւորությունը, որոշում է կայացրել միջնորդության քննությունը հետաձգել սեպտեմբերի 25-ին՝ եւս մեկ անգամ պաշտպանության կողմին ծանուցելու համար»,-հայտնել է Դատական իշխանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
ԼՔԵԼ Է ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի փոխմարզպետ֊փոխնախարար եղբոր՝ Արսեն Դարբինյանի որդին լքել է ՊԵԿ բաժնի պետի պաշտոնը եւ տեղափոխվել «ՍՕՍ» բարեգործական հիմնադրամ, որը ՀՀԿ «օրկնական» ֆոնդերից է։ Ընդ որում, այդ բարեգործական ֆոնդի հոգաբարձուների անդամ է նաեւ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Իսկ Հարություն Դարբինյանին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել էր եւ նշել, որ նա, ըստ էության, մեքենայի առուվաճառքով է զբաղված եղել: Ամեն դեպքում, այն ժամանակ նրա ունեցվածքի եւ գույքի մասին հայտարարագրի տվյալներն ուսումնասիրելուց պարզ էր դարձել, որ ինքն ու կինը մի քանի մեքենա են գնում ու վաճառում: Օրինակ, 2017 թվականին նա ձեռք էր բերել 3 հատ ավտոմեքենա, որոնք էլ նույն տարում վաճառել էր: Երկու ավտոմեքենա գնվել է յուրաքանչյուրը 1 մլն դրամով, երրորդը` 1 մլն 250 հազար դրամով, վաճառվել են երկուսը` 1 մլն դրամով, իսկ երրորդը` 1 մլն 135 հազար դրամով:
2 ՄԱՀ՝ ԿԱԴԱՍՏՐՈՒՄ
Համավարակի ընթացքում Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսի հետեւանքով երկու աշխատակից է մահացել. այս մասին տեղեկացրել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նա տեղեկացրել է, որ երկու քաղաքացիներն էլ ունեցել են ուղեկցող հիվանդություններ: Վերջինս հայտնել է, որ այս ընթացքում Կադաստրի կոմիտեում եղել են նաեւ երեք վարակված, ինչպես նաեւ ինքնամեկուսացվածներ: Այս պահին բուժման փուլում գտնվողներ չկան: