Խորհրդարանում սեպտեմբերի 22-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի՝ գործողության մեջ մտնելու պարագայում ներդրվելու է նպաստների նոր համակարգեր, սակայն կառուցվածքային փոփոխություններից հետո նախատեսվում է 135 հաստիքի կրճատում:
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում սեպտեմբերի 22-ին քննարկվեց եւ առաջինից երկրորդ ընթերցում ընդունվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթով առաջարկվում էր գրասենյակի փոխարեն ստեղծել ծառայություն, օրենքի ուժով տալ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն եւ գործընթացի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր մշակելու համար սահմանել ժամկետի երկարաձգում մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը:
Բացի այդ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ: Նախատեսվում էր, որ օրենքի ընդունման պարագայում մեկ կառույցի կողմից կկատարվի շահառուի կարիքների համալիր գնահատումը, ստեղծվելու են նոր կենտրոններ, որի արդյունքում էլ հաստիքներ են կրճատվելու:
Եվ առաջին հայացքից գործառույթները հեշտացնող եւ մեկտեղող նախագիծն իր մեջ նաեւ թերություններ է պարունակում եւ ոչ միայն աշխատատեղերի կրճատման առումով, այլ նաեւ դժվարությունների ստեղծման: Բանն այն է, որ նոր կենտրոնները գտնվելու են կոնկրետ քաղաքներում, եւ մյուս վայրերի բնակիչները պետք է այդքան ճանապարհ կտրեն, գան հասնեն նոր կենտրոն՝ ծառայությունից օգտվելու համար: Բացի այդ, ինչպես նիստում նկատել էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Մեկ պատուհան» ինստիտուտի ներդրումը դժվարություններ կստեղծի նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Խմբակցության ներկայացուցչի կարծիքով՝ համակարգը պատրաստ չէ «Մեկ պատուհան» ինստիտուտի ներդրմանը:
Եվ չնայած օրվա ավարտին ներկայացված օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար, սակայն հետագայում ժամկետային փոփոխություններ եղան: Եվ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ են ներկայացվել: Պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկել է ձեռնպահ մնալ ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծվող մեկ միասնական կառույցը համալիր սոցիալական ծառայության տեսքով հիմնելուց: Փոխնախարարը տեղեկացրել է, որ աշխատանքային կարգով քննարկվել է առաջարկը: Կառավարությունը դիտարկել է ստեղծվող բարեփոխումը գրասենյակի կարգավիճակով իրականացնելու հնարավորությունը եւ որոշել ընդունել առաջարկը: Գործադիրը, սակայն, այս դեպքում գործընթացի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր մշակելու ժամկետի երկարաձգման առաջարկ է ներկայացրել՝ 2021 թ. հունվարի մեկի փոխարեն սահմանելով ապրիլի մեկը: Փոխնախարարը եւս մեկ անգամ ընդգծել է բարեփոխման կարեւորությունը:
Պատգամավորն առաջարկել է փաթեթից հանել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, հիմնական օրենքի համապատասխան հոդվածի «ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի» բառերը փոխարինել «համալիր սոցիալական ծառայության» բառերով:
Հիմնական զեկուցողն առաջարկել է օրենսդրական փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2021 թվականի ապրիլի 1-ը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿՓՈԽԱՐԻՆԻ
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ին կայացած նիստին արձանագրություն է կազմել իշխող «Իմ քայլը» դաշինքից Արսեն Ջուլֆալակյանին սեփական դիմումի հիման վրա պատգամավորական մանդատից զրկելու մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նաեւ այս մանդատը Նարեկ Ղահրամանյանին փոխանցելու մասին արձանագրությունը, ով հաջորդն էր Ջուլֆալակյանից հետո իշխող «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում: Արձանագրությունը կուղարկվի Հայաստանի Ազգային ժողով:
ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում օրերս անցկացվել է միջազգային հավատագրման ամենամյա գնահատման հերթական գործընթացը: Իրականացվել է լաբորատոր գործունեության ու կարողությունների համապարփակ վերագնահատում, ինչպես նաեւ ISO/IEC 17025-2017 ստանդարտի պահանջին համապատասխանության գնահատում: Որեւէ անհամապատասխանություն չի հայտնաբերվել:
ԱՅՑԵԼԵԼ Է ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն: Հայաստանում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը, դեսպանատան նոր շենքի մուտքի մոտ դիմավորելով նախագահ Սարգսյանին, նշել է, որ Հայաստանի նախագահն իրենց առաջին հյուրն է: Նախագահ Սարգսյանը դեսպանին, դեսպանության աշխատակիցներին եւ, ի դեմս նրանց, Չինաստանի ողջ ժողովրդին շնորհավորել է առաջիկա ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի առթիվ:
ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Երեւան: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից: Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
ՀԱՍԵԼ Է ՎՃՌԱԲԵԿ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հարցը հասել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան: Մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ՀՀ վերաքննիչի որոշումը բողոքարկել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան, եւ դեռեւս Վճռաբեկ դատարանից նորություն չկա:
Ինչպես հայտնի է, հուլիսի 9-ին Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Ն. Հովակիմյանի, բավարարել էր Հրանտ Անանյանի եւ Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը: Արդյունքում, դատարանը բեկանեց Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց եւ կարգադրեց Աբրահամ Մանուկյանին ազատ արձակել նիստերի դահլիճից: Եվ հիմա վերջինիս հարցը Վճռաբեկ դատարանում է: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու հարցում Գագիկ Ծառուկյանին եւ այլոց հանցակցելու համար։
ՀԱՍՏԱՏԵԼ Է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի նիստում հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման օրերը։ 2021թ. հանրապետությունում անցկացվելու են ընտրություններ, այդ թվում՝ մեծ թվով մարզային քաղաքներում առաջին անգամ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններն անցկացվելու են մարտի 14-ին, սեպտեմբերի 26-ին եւ հոկտեմբերի 17-ին։ Որոշումն ուժի մեջ է մտել ընդունման պահից։ Այն հարցին, թե Հայաստանի քանի քաղաքներում եւ գյուղական համայնքներում ու հաստատված օրերից որ օրերին են ընտրություններ անցկացվելու, Մուկուչյանը չկարողացավ կոնկրետ պատասխանել հարցին, քանի որ դա նրան հայտնի չէր։
«Այդ մասին, որպես կանոն, հաղորդվում է մինչ քվեարկությունը սկսելը՝ 80 օր առաջ։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում՝ ավելի վաղ։ Ցավոք, մենք այդ տեղեկությունը չենք տնօրինում, քանի որ պաշտոնը ստանձնած անձինք իրենց անմիջական պարտականություններին չեն անցնում անմիջապես»,- պարզաբանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։