ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԼԱՆԱՎՈՐԵԼ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես են հանցագործները պլանավորվել «Հայփոստ»-ի ավազակային հարձակումը: Մասնավորապես, Գեւորգ Ջիլավյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա օժանդակել է Հայկ Խաչատրյանին եւ Հակոբ Աղամալյանին 2020թ. փետրվարի 03-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երեւանի Սեբաստիա 27 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատկանող 0065 բաժանմունքում աշխատակիցների եւ հաճախորդի նկատմամբ որպես զենք օգտագործված, քննությամբ չհայտնաբերված դանակի եւ ատրճանակի գործադրմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ավազակային հարձակմամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու եւ փախուստը ապահովելու արարքում:

 

Հայկ Խաչատրյանը ֆինանսական հարցերը լուծելու համար նպատակադրվել է կատարել ուրիշի գույքի հափշտակություն: Իր հանցավոր մտադրության վերաբերյալ տեղեկացնելով ընկերոջը՝ Հակոբ Մակիչի Աղամալյանին, խնդրել է մասնակցել կատարվելիք հափշտակությանը: Հանցավոր նպատակի վերաբերյալ տեղեկացրել են նաեւ Հայկ Խաչատրյանի մորաքրոջ որդուն՝ Գեւորգ Գրիգորի Ջիլավյանին, եւ նախնական համաձայնություն ձեռք բերելով՝ կատարել են համապատասխան դերաբաշխում, համաձայն որի՝ Հակոբ Աղամալյանը՝ իր հետ նախապես վերցրած ատրճանակի նմանվող առարկայով, իսկ Հայկ Խաչատրյանը դանակով անմիջականորեն պետք է մասնակցեին հանցանքի կատարմանը, իսկ Գեւորգ Ջիլավյանը իր գործողություններով պետք է օժանդակեր նրանց:

Պայմանավորվածության համաձայն՝ Հայկ Խաչատրյանի կողմից օրավարձով շահագործվող, Մուշեղ Իշխանի Մելքոնյանին պատկանող «Օպել Աստրա G» մակնիշի 43 GG 003 հաշվառման համարնիշի ավտոմեքենայով ուղեւորվել են Երեւան քաղաքի Մեծարենց փողոց, ապա հետագայում չբացահայտվելու նպատակով ավտոմեքենան կայանել են Երեւան քաղաքի Մեծարենց փողոցի 70 հասցեի մոտ, որտեղ Հայկ Խաչատրյանը եւ Հակոբ Աղամալյանը սպասել են ավտոմեքենայի մեջ, իսկ Գեւորգ Ջիլավյանը հանցագործությանն օժանդակելու դիտավորությամբ, այն է՝ փոխադրամիջոց գտնելու նպատակով, հեռացել եւ Երեւանի Սեբաստիա փողոցի 123/2 հասցեի մոտ, տաքսի ծառայությունից օգտվելու պատրվակով, պատվիրել է Աղասի Մինասի Մինասյանի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի 36 OM 357 հաշվառման համարանիշի ավտոմեքենան եւ վերադարձել Երեւան քաղաքի Մեծարենց փողոցի 45 հասցեի շրջակայք, որտեղ ավտոմեքենայի հետնամասում են նստել Հայկ Խաչատրյանը եւ Հակոբ Աղմալյանը: Գեւորգ Ջիլավյանը, նախապես խոստացված օժանդակությունը կատարելով, իր մատնանշած երթուղիով Աղասի Մինասյանը ավտոմեքենան վարել եւ կայանել է Երեւան քաղաքի Սեբաստիա 27 հասցեի հետնամասում: Հայկ Խաչատրյանը եւ Հակոբ Աղամալյանը, իջնելով ավոտմեքենայից, առաջացել են դեպի Երեւան քաղաքի Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատկանող 0065 փոստային բաժանմունք, իսկ Գեւորգ Ջիլավյանը վերջիններիս փախուստը արագ կազմակերպելու նպատակով Աղասի Մինասյանից պահանջել է շրջադարձ կատարել եւ Տիչինայի փողոցի ուղղությամբ կայանել: Հանցավոր դիտավորության իրականացումը հեշտացնելու, հետագայում ականատես անձանց եւ նրանց հնարավոր դիմադրությունը բացառելու նպատակով սպասել են մինչեւ հաճախորդների հեռանալը: Հարմար առիթն օգտագործելով՝ մուտք են գործել նշված փոստային բաժանմունք, ապա Հակոբ Աղամալյանը, գոտկատեղից հանելով իր հետ նախապես վերցրած ատրճանակին նմանվող առարկան, այն որպես զենք օգտագործելով, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ուղղել է դեպի աշխատակիցներ Հասմիկ Հովսեփյանի, Սվետլանա Մկրտումյանի եւ Արուսյակ Մադոյանի ուղղությամբ, իսկ որպես հաճախորդ բաժանմունքում գտնվող Ստեփան Երիցյանին ձեռքով հրելով դեպի պատը՝ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է չմիջամտել:

Միաժամանակ Հայկ Խաչատրյանը, որպես զենք օգտագործելով նախապես իր հետ վերցրած դանակը, պահանջել է գումարները, ապա հափշտակելով 72.000 ՀՀ դրամ գումար, հեռացել են եւ նստելով շենքի հետնամասում կայանված Աղասի Մինասյանի ավտոմեքենան՝ ուղեւորվել են Երեւան քաղաքի Մեծարենց եւ Հովնաթան փողոցների խաչմերուկ: Դրանից հետո Հայկ Խաչատրյանը, Հակոբ Աղամալյանը եւ Գեւորգ Ջիլավյանը ոտքով վերադարձել են Երեւան քաղաքի Մեծարենց փողոցի 70 հասցեի մոտ կայանված «Օպել Աստրա G» ավտոմեքենայի մոտ, Գեւորգ Ջիլավյանը վարել է այն, դիմել են փախուստի:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԱՇԽԱՏԱԿՑՈՒՀԻՆԵՐԻՆ

Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երեք աշխատակցուհիներին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի  2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով): Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ըստ ոստիկանության՝ մանկատան աշխատակիցները բռնության են ենթարկել սաներին, նրանց խոշտանգել, ծեծել ու անարգել. «Պարզվել է, որ երեխաները տեւական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաքննոթյան ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵԼ Է

Նախօրեին՝ ժամը 20։38-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չերեմուշկա թաղամասում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա եւ սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից: Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության փոխանցամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Կանխվել է քաղաքացու (արական սեռի, ծնված 1996թ.) ինքնասպանության փորձը, նա տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ՝ ԱՇՈՑՔ ԳՅՈՒՂԻ ՄՈՏ

Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 02:01-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության եւ արեւելյան երկայնության աշխարհագրական կոորդինատներով, Հայաստան Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Զույգաղբյուր եւ Աշոցք գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։

 

 

ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է 78-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 20-ի սահմաններում, 36-ամյա տղամարդն իրենց հետ համատեղ բնակվող զոքանչի հետ ունեցած տարաձայնությունների հետեւանքով ձեւավորված վրեժի շարժառիթով, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի Ծաթեր բնակավայրի իր առանձնատանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել զոքանչի գլխի եւ մարմնի տարբեր մասերին` պատճառելով գանգուղեղի, պարանոցի, կրծքավանդակի ու վերջույթների պոլիտրավմայի ձեւով վնասվածքներ: Այնուհետեւ իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով առանձնատան բակում գտնվող հովվաշանը բերել է տուն եւ զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել, որից հետո հովվաշունը երախով բռնել է վերջինիս կոկորդը եւ թափահարել. ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից նա մահացել է: Մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

ՊԱՐԶՎԵԼ Է

ՊԵԿ քննչական վարչությունում «Գեւ Գար» եւ «Էրեմ» ՍՊ ընկերությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրի 193-րդ եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Է. Ս.-ն շահույթ ստանալու նպատակով այդ ընկերությունների անվամբ 2019-2020 թվականների ընթացքում կազմակերպել ու ղեկավարել է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես՝ ՌԴ-ից ՀՀ շուրջ 950 մլն ՀՀ դրամ արժողությամբ հացահատիկային մշակաբույսերի ու սերմերի ներմուծման եւ իրացման ձեռնարկատիրական գործունեությունը: Նշված ապրանքների ներմուծման եւ մեծածախ իրացման արդյունքում նա նույն ժամանակահատվածում ամբողջությամբ ստացել է հատուցման ենթակա համարժեք գումարները եւ ունենալով բավարար ֆինանսական հնարավորություն՝ պետության հանդեպ առաջացրած պարտավորությունները չկատարելու դիտավորությամբ ձեռնարկատիրական գործունեության մասով չի վճարել շուրջ 200 մլն ՀՀ դրամի չափով հարկերը, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված ակտիվները տնօրինել է իր հայեցողությամբ եւ կանխամտածված ստեղծել անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառելով խոշոր չափի վնաս:




Լրահոս