Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից ՀՀ տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը։ Հրամանը ուժի մեջ է մտել։
Օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), մեկուսացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող, COVID-19 տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող հիվանդության կասկածով անձանց նկատմամբ:
Օբսերվացիայի շրջանակներում ինքնամեկուսացված, մեկուսացված անձանց նկատմամբ բժշկական զննությունները իրականացվում են արտահիվանդանոցային կամ տնային պայմաններում առողջության առաջնային պահպանման օղակի (այսուհետ ԱԱՊ) կողմից 14-օրյա ժամանակահատվածում: Օբսերվացիայի ենթակա անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք ունի բժշկական օգնության եւ սպասարկման, չի հաճախում աշխատանքի կամ ուսման վայր, հասարակական վայրեր, չի օգտվում հասարակական տրանսպորտից/տաքսիներից։ Ինքնամեկուսացված անձի հետ տանը մնում են միայն ընտանիքի անդամները։ Ինքնամեկուսացված անձը, ընտանիքի անդամներից բացի, այլ անձանց հետ չի շփվում։
Եթե օբսերվացիայի ենթակա անձի ինքնամեկուսացման վայրում կան ընտանիքի այլ անդամներ, ապա նա առանձնանում է բացվող պատուհանով, լավ օդափոխվող սենյակում: Առանձին սենյակի բացակայության պայմաններում ապահովվում է հնարավորինս բնական օդափոխություն: Օբսերվացիայի ենթակա անձը լվացարանից, լոգարանից օգտվելուց հետո այն մանրակրկիտ մաքրում է լվացող ու մաքրող նյութերի օգտագործմամբ: Օբսերվացիայի ենթակա անձի սպասքը, անկողնային պարագաները եւ այլ իրերը առանձնացվում են ընտանիքի մյուս անդամների իրերից։ Իրերն օգտագործելուց հետո դրանք մանրակրկիտ լվացվում են լվացող ու մաքրող միջոցով եւ ջրով։
Օբսերվացիայի ենթակա անձի իրերի եւ անկողնային սպիտակեղենի լվացքի ժամանակ ապահովվում է ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճանը՝ լվացքի փոշու համադրությամբ, դրանք չորացվում եւ արդուկվում են թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանով։ Աղտոտված իրերի հետ գործ ունենալու դեպքում անհրաժեշտ է կրել մեկանգամյա ձեռնոցներ եւ գոգնոց։ Չի թույլատրվում լվացքն ուղարկել լվացքատուն։
Օբսերվացիայի ենթակա անձի եւ տան մյուս անդամների միջեւ հնարավորինս ապահովվում է ֆիզիկական հեռավորության (առնվազն 1 մետր) պահպանումը՝ խուսափելով գրկախառնությունից, ձեռքսեղմումից, համբուրվելուց։
Օբսերվացիայի ենթակա անձը պահպանում է հազալու եւ փռշտալու հիգիենիկ վարվելակարգը՝ հազալիս եւ փռշտալիս փակել բերանը եւ քիթը մեկանգամյա անձեռոցիկով, վերջինս նետել աղբի պլաստիկ տոպրակի մեջ եւ անմիջապես լվանալ ձեռքերը։
Օգտագործած անձեռոցիկները, դիմակները եւ այլ կենցաղային աղբը հավաքվում է աղբի համար նախատեսված տոպրակներում: Վերջիններիս լցվելու դեպքում դրանք կապվում են, տեղադրվում մեկ այլ տոպրակի մեջ եւ կրկին կապվում, որից հետո աղբը հեռացվում է սենյակից` որպես կենցաղային աղբ:
Օրական առնվազն 2 անգամ իրականացվում է խոնավ մաքրում՝ օգտագործելով սովորական մաքրող միջոցներ, առանձնակի ուշադրություն դարձնելով սանհանգույցին, լոգարանին, խոհանոցին: Մաքրում կատարելիս պահպանվում է հյուրասենյակ-խոհանոց-լոգարան-սանհանգույց հաջորդականությունը: Մաքրման աշխատանքների համար նախատեսված անձեռոցիկները, լաթերն օգտագործելուց հետո մանրակրկիտ լվացվում են լվացող միջոցներով եւ չորացվում են: Հնարավորության դեպքում օգտագործվում են միանգամյա օգտագործման անձեռոցիկներ, լաթեր:
Յուրաքանչյուր ախտահանումից հետո ձեռքերը լվացվում են օճառով եւ ջրով, այնուհետեւ ախտահանվում առնվազն 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչ միջոցով:
Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձի` հիվանդանոց տեղափոխելու դեպքում ընտանիքի անդամները իրականացնում են հիմնական մաքրում եւ ախտահանում 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ դրան կից մեթոդական ուղեցույցի ռեժիմներին համապատասխան:
Հիվանդության վատթարացման դեպքում՝ ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն, ախտանշանների զարգացում կամ նոր ախտանշանների առաջացում, կապ է հաստատվում համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի հետ: Անհետաձգելի դեպքերում դիմում են շտապ բժշկական օգնության ծառայություն՝ տեղեկացնելով ինքնամեկուսացման մեջ գտնվելու մասին։
Օբսերվացիայի ենթակա անձանց արտահիվանդանոցային վարակաբանական հսկողությունն ինքնամեկուսացման դեպքում իրականացվում է համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի կողմից, մեկուսացման դեպքում՝ ըստ մեկուսացման վայրի կցված բժշկի կողմից` համագործակցելով տվյալ անձի առողջության առաջնային պահպանման բժշկի հետ:
Այն դեպքերում, երբ ինքնամեկուսացած կամ մեկուսացված անձը նշում է COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, հազ, կոկորդի ցավ, քթի փակվածություն, անաշխատունակություն, գլխացավ, մկանային ցավ կամ թուլություն եւ առավել եւս դժվարաշնչություն եւ/կամ արագացած շնչառություն, բժիշկն առաջնորդվում է ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. ապրիլի 21-ի թիվ 1312-Լ եւ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամաններով:
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2019թ. բյուջետային ֆինանսավորմամբ ընդլայնել է հայերենի եւ հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը:
Այն արդեն 2020-21 ուսումնական տարում իրականացվում է 8 պետության 10 հաստատություններում՝ նախկին 4-ի փոխարեն՝ ներկայում ընդգրկելով Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Կահիրեի (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն), Արգենտինայի Քենեդի (Արգենտինայի Հանրապետություն) համալսարանները, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանը եւ Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն), եւ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (Ռուսաստանի Դաշնություն): Ծրագրի իրագործման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումն հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի եւ ՀՀ դեսպանությունների միջեւ կնքված հուշագրերի կամ համաձայնագրերի հիման վրա։
Այս ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է աջակցել հայերենի եւ հայագիտության տարածմանը եւ ամրապնդմանը օտարերկրյա պետությունների համալսարաններում եւ հետազոտական կենտրոններում։ Սա լայն հնարավորություն է ճանաչելի դարձնել հայկական մշակույթն ու ինքնությունը, մեծացնել միջազգային հեռաքրքրությունը մեր ժողովրդի եւ մշակույթի նկատմամբ, ինչպես նաեւ տեղի հայ համայնքներում նպաստել հայկական արժեքների պահպանմանը:
Հաստատություններում հայերենի իրավական կարգավիճակը տարբեր է. Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանում հայերենը դասավանդվում է 3 ուսումնական տարի՝ լեզվաբանների համար։ Բուխարեստում այն ընտրովի առարկա է։ Պրահայում եւ Զալցբուրգում դասավանդվում են նաեւ այլ հայագիտական առարկաներ՝ Հայոց պատմություն, Հայ քրիստոնեության պատմություն, Հայ գրականություն եւ այլն։ 2020թ. առաջին անգամ ֆինանսավորվել են հետազոտական աշխատանքներ, որի նպատակով հուշագիր է ստորագրվել Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուի եւ Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ:
ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐ ՉԵՆ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ
2020թ. հուլիսի 1-ից Հայաստանում վաճառվող միսը պետք է լիներ մասնագիտացված սպանդանոցներում անասունների մորթի արդյունքում։ Տավուշի մարզում այժմ գործում է 3 սպանդանոց՝ Բերդ քաղաքում, Նոյեմբերյան քաղաքում եւ Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղում, որը հարակից է Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքին։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ այս տարի Տավուշի մարզում շահագործման կհանձնվի եւս 11 սպանդանոց; Սակայն մարզում սպանդանոցների գործարկման գործը ձգձգվում է, քանի որ շատ սպանդանոցների գործարկման համար գոյություն ունեն փաստաթղթային խնդիրներ, նաեւ հողհատկացման հետ կապված հարցեր։ Շատ սպանդանոցների տերեր մտմտում են, թե արդյոք արժե սպանդանոցներ գործարկել, որքանով դրանք կարող են գոյատեւել, շահույթ ապահովել։
Տավուշի մարզի Նավուր համայնքի երկարամյա ղեկավար, այժմ խոշորացված Բերդ համայnքի մաս կազմող Նավուր գյուղի վարչական ղեկավար Արամ Նիգոյանը հայտնեց, որ ինքը Նավուրում սպանդանոց է կառուցում, որը կարող է շահագործման հանձնել այս տարեվերջին։ Արամ Նիգոյանը շուրջ 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի։ Սեպտեմբերի 22-ին Նավուրում խոշոր հրդեհ է է եղել, որից Արամ Նիգոյանին պատկանող շուրջ 3000 հատ հակ անասնակեր խոտ է այրվել:
Արամ Նիգոյանը հայտնեց, որ ինքը ստիպված է կրճատել խոշոր եղջերավոր անասունների քանակը։ Նա ի սկզբանե սպանդանոց կառուցելու ծրագիր է ունեցել, որպեսզի այնտեղ մորթվեն իր, համագյուղացիների, հարեւան գյուղերի անասունները։ Ա. Նիգոյանը հայտնեց, որ սպանդանոց գործարկելու համար շուրջ 30 միլիոն դրամ պետք է ծախսվի, ինքը բանկերում վարկեր է վերցրել, շինարարական աշխատանքերի ծախսերի 30 տոկոսը հոգում է մի հասարակական կազմակերպություն, ով անվճար շինանյութ է տրամադրում։ Ա. Նիգոյանը կարծում է, որ սպանդանոցները կարող են հաջողությամբ աշխատել, եթե դրանք լինեն ոչ միայն անասունների մորթի, այլ նաեւ մսի իրացման կետեր. Բերդի տաածաշրջանում կա 2 զորամաս, որոնց միս են մատակարարում դրսի կազմակերպություններ, մինչդեռ Բերդի տարածաշրջանի անասունները էժան գնով գնում, հետո վերավաճառում են եզդի վերավաճառողներ։ 17 բնակավայր ունեցող Բերդ համայնքում մեկ սպանդանոց է գործում, որը գոյություն ունի 1990-ական թվականների սկզբից, այն հիմա վաճառվել է մսամթերքի արտադրության եւ իրացման «Բեկոն» ընկերությանը։ Դիլիջան խոշորացված համայնքում, որն ընդգրկում է Դիլիջան քաղաքը եւ այդ տարածաշրջանի 6 գյուղեր, ոչ մի սպանդանոց չկա ու չի կառուցվում։ Դիլիջանի տարածաշրջանում կան անասնապահական խոշոր տնտեսություններ, որոնք իրենց տարածքում անասունների մորթ են կատարում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ