6 ՆՈՐ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 6 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը՝ Ստեփանակերտի, 2-ն էլ Շուշիի բնակիչներ են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, որոնք նախօրոք մեկուսացված էին: Մյուս հիվանդների մոտ, որոնք եւս Ստեփանակերտի բնակիչներ են, կորոնավիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Առողջացել է 2 քաղաքացի: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 385 մարդու մոտ, որից 327-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 56, ընդհանուր մեկուսացված է 95 քաղաքացի: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 113 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 789 փորձանմուշի հետազոտություն:

 

ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎՐԱ

Սան Ֆրանցիսկոյի «Գռուզյան-Զաքարյան-Վասպուրական» ազգային վարժարանի վրա հարձակումից 2 ամիս եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող Հայ կենտրոնի հրկիզումից ընդամենը մեկ շաբաթ անց այս անգամ հարձակման թիրախ է դարձել հայկական դպրոցը. այս մասին հայտնում է Asbarez-ը՝ նշելով, որ, ըստ դպրոցի շրջակայքը հսկող քաղաքի ոստիկանության տվյալների՝ անհայտ անձը կրակ է բացել վարժարանի ուղղությամբ, վնասել ցուցանակը: Ոստիկաններն անմիջապես որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն կասկածյալներ չեն հայտնաբերվել: Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ քայլեր են ձեռնարկվում համայնքի բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող Հայկական կենտրոնի վրա հարձակում էր տեղի ունեցել. անհայտ անձինք հրկիզել էին կենտրոնը, նյութական մեծ վնաս պատճառել: Հուլիսին էլ ադրբեջանամետ եւ թուրքամետ անձինք հարձակվել էին Սան Ֆրանցիսկոյի «Գռուզյան-Զաքարյան-Վասպուրական» ազգային վարժարանի եւ դրան կից գործող Հայկական կենտրոնի վրա, ատելության խոսք եւ հայհոյանքներ էին գրել կառույցների պատերին, ներկել դրանք Ադրբեջանի դրոշի գույներով:

 

 

ԳԻՇԱՏԻՉ ԳՆԵՐ

Հայաստանի ավիացիոն իշխանություների բացարձակ անգործության պատճառով ռուսական «ԱԷՐՈՖԼՈՏ»-ն առաջարկում է գիշատիչ գներ. այս մասին նշել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: «Վերջին 2-3 օրերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ռուսական «ԱԷՐՈՖԼՈՏ» ավիաընկերությունը Երեւանից թռիչքների համար առաջարկում է գիշատիչ գներ: Դա տեղի է ունենում ՀՀ ավիացիոն իշխանությունների բացարձակ անգործության պատճառով: Միջազգային կարգավորումները նախատեսում են այսպիսի իրավիճակ, մեծ ընկերությունների կողմից ամբողջ շուկան կամ նրա մի սեգմենտը մոնոպոլիզացնելուն ուղղված քայլերի դեպքում: Եվ առաջարկում են համապատասխան գործառույթներ` երկրի տնտեսական շահը եւ ուղեւորների ազատ տեղաշարժի իրավունքը պահպանելու: Ավելացնեմ, որ գները գիշատիչ լինում են ոչ միայն իրենց թանկությամբ, այլ նաեւ էժանությամբ: Վերջինս օտագործվում է մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար: Բայց դրանից որեւէ երկրի` օդային տեղափոխումների տարիֆների կարգավորման իրավունքները եւ սեփական շուկան կարգավորելու պարտականությունները չեն նվազում: Այսպիսի դեպքերում ՀՀ ավիացիոն իշխանությունները (եթե նրանք գոյություն ունեն) իրավասու են դուրս վռնդել գիշատիչին եւ արգելել այդ ընկերության մուտքն ինքնիշխան պետության տարածք, ինչպես դա արեց հարեւան Վրաստանը: Իրենց անելիքն ունեն նաեւ ՏՄՊՊՀ եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,-հայտնել է Հ. Ճաղարյանը:




Լրահոս