ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԱՀԱԶԱՆԳ Է ՀՆՉԵՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործող իշխանության ներսում, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում, տեսակի եւ արժեքների բախում է սկսվել: Մի խումբ պաշտոնյաներ, որոնց թվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, արեւմտյան արժեքների ջատագով են, որոնք գնում են գլոբալացման, տարրալուծման ճանապարհով՝ մեր ազգային արժեքների հաշվին, մի խումբ պաշտոնյաներ էլ հակադրվում են այս ամենին: Երեկ այս ահազանգը հնչեց նաեւ ԿԳՄՍ նախարարության ներսից: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հրաժարականի մասին լուրը սպրդեց մամուլ՝ ահազանգելով ավելի լուրջ իրավիճակ, քան կարելի էր պատկերացնել: Նա նախարարության ներսում խնդիրներ ունի: Ինչպես հայտնի է, մինչ այս ով խոսում էր կրթության չափորոշիչների դեմ, համարվում էր քոչարյանական, ՀՀԿ-ական, դավադիր ուժերի ազդեցության տակ գտնվող մոլորյալ, անբարոյական եւ այլն: Բայց հիմա իրավիճակ է փոխվել. կրթության չափորոշիչների դեմ է արտահայտվել ներսից փոխնախարարը եւ մտադիր է աշխատանքից ազատման դիմում գրել՝ ի նշան բողոքի: Նա հայտարարել է, թե իրեն վատ է զգում, որ մեր ազգային արժեքները այսպես հետեւողականորեն ոչնչացվում են: Նա նաեւ դեմ է արտահայտվել սպորտի գործիչներին պատժելու առաջարկներին, որոնք հնչել են նախարարությունում: Այսինքն՝ առաջարկ է եղել անգամ օլիմպիական չեմպիոններին պատժել, որպեսզի որեւէ դեպքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողքին չկանգնեն, սակայն Թամրազյանը առարկել է՝ ասելով, որ քաղաքականությունը չպետք է խառնել սպորտին: Թեեւ, մյուս կողմից, հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանը ջերմ հարաբերություններ ունի ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիաննա Գալոյանի հետ, որին բուհի խորհուրդը ընտրել է ռեկտորի պաշտոնում, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հաստատում: Բուհի դասախոսների եւ ուսանողների մի խումբ նույնիսկ կառավարության դեմ բողոքի ակցիա կազմակերպեց, սակայն անօգուտ: Ու չի բացառվում՝ Թամրազյանի հեռանալն ու զայրույթը նաեւ սրանով պայմանավորված լինի. չի կարողանում իր ռեկտորին անցկացնել: Թամրազյանը նաեւ տապալել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին գահընկեց անելու գործընթացը. մայիսից մինչեւ օրս նրա ազատման որոշումն ընդունվեց միայն երեկ:
 

Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի ժամանակ քննարկելու է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է քննարկմանն ընդառաջ պարզել, թե ինչ իրավիճակում է այժմ գտնվում համաձայնագրի կիրառումը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ավարտին է մոտենում համաձայնագրի վավերացման գործընթացը: «Այս պահի դրությամբ մնացել է մեկ երկիր, որը դեռ չի վավերացրել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ երկիրը Պորտուգալիան է, սակայն համաձայնագիրն արդեն գտնվում է այդ երկրի խորհրդարանում, այն օրակարգում է, կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ վավերացումը տեղի կունենա», – նշեց Եղոյանը: Սակայն, դրան զուգահեռ, առկախված է մնում վիզաների ազատականացման հարցը, որի պատճառը նաեւ կորոնավիրուսային համավարակն է: «Անցյալ տարվա դրությամբ մենք ունեինք 1-2 գործընկեր երկրի կողմից անհամաձայնություն եւ այդ առումով աշխատում ենք՝ հաշվի առնելով ընդհանուր փոփոխությունը՝ համավարակի հետ կապված, որը, կարծում եմ, ընդհանուր ազդելու է միգրացիոն հոսքերի կառավարելիության վերաբերյալ քաղաքականության վրա: Բայց կարծում եմ՝ լավ նորություններ կունենանք համավարակն ավարտելուց հետո», – հավելեց պատգամավորը:

 

Արդեն երկու օր է՝ Սահմանադրական դատարանի անդամները չեն կարողանում նախագահ եւ փոխնախագահ ընտրել: Երեկ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվեց Երվանդ Խունդկարյանը, իսկ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ առաջադրեց Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն քվեարկություն այդպես էլ տեղի չունեցավ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, ընտրության ելքը կանխորոշվելու է երկրորդ փուլով: Բանն այն է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը: ՍԴ-ն ունի 9 անդամ, ստացվում է՝ այս կամ այն թեկնածուն պետք է ստանա 6 ձայն, որպեսզի դառնա կառույցի նախագահ, ինչն այնքան էլ իրատեսական չէ: Եվ այդ դեպքում, եթե ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որի ժամանակ նախագահ է դառնում այն անձը, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Եվ չնայած Աշոտ Խաչատրյանը հանեց իր թեկնածությունը, սակայն հարց է՝ ինչպես կդասավորվեն ձայները: Այստեղ ամեն ինչ կախված է Արայիկ Թունյանից եւ Աշոտ Խաչատրյանից, թե ինչպես կքվեարկեն նրանք: Ասել է թե՝ Խունդկարյանի ճակատագիրը կախված է այս երկու անձանց քվեարկությունից, իսկ, ահա, ՍԴ մեր աղբյուրները պնդում են, որ Թունյանը եւ Խաչատրյանը մշտապես անկանխատեսելի են եղել իրենց որոշումներում, ուստի պարզ չէ, թե այսօր ինչպես կքվեարկեն: Եվ չնայած Սահմանադրական դատարանի կազմն արդեն ամբողջական է, եւ կառույցը պետք է սկսի գործել, սակայն արդեն պարզ է, որ առաջիկայում նոր իրավիճակի եւ խնդիրների ենք բախվելու: Կանխատեսվում է, որ հետագայում եւս Սահմանադրական դատարանում քննվող յուրաքանչյուր հարցի ժամանակ լարվածություն է ստեղծվելու, եւ ներկաներից յուրաքանչյուրը փորձելու է ցույց տալ, թե ինքը պրոֆեսիոնալ է, միակ ճշմարիտը, եւ արդյունքում ականատես ենք լինելու հարցերի վերաբերյալ երկար-բարակ, անբովանդակ քննարկումների։

 

ՀՀ առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է, այսպես ասած, այքոսներին։ Նախարարությունը մտադիր է կանոնակարգել հայկական շուկայում առկա եւ ներկայումս չկանոնակարգված, տաքացվող ծխախոտ արտադրատեսակի հետ կապված հարաբերությունները: Ըստ ԱՆ-ի՝ տաքացվող ծխախոտի օգտագործման ընթացքում պետք է բացառված լինի ծխախոտի այրումը կամ կիսաայրումը: Բացի այս, տաքացվող ծխախոտի համար հիմնական նախազգուշացման տեքստերը կշարադրվեն հետեւյալ կերպ՝ «Ծխելը վնասակար է առողջությանը» կամ «Ծխախոտի օգտագործումը վնասակար է առողջությանը», «Ծխելը կարող է լինել մահացու», «Ծխելը լրջորեն վնասում է Ձեզ եւ Ձեզ շրջապատող անձանց»: Իսկ, ահա, տաքացվող սիգարետի լրացուցիչ նախազգուշացման տեքստերը կշարադրվեն «Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ», «Պահպանեք երեխաներին, թույլ մի՛ տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը», «Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային» արտահայտություններով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շրջանակային կոնվենցիայի կողմերի 8-րդ կոնֆերանսի 22-րդ որոշմամբ՝ տաքացվող ծխախոտը դասվել է որպես ծխախոտային արտադրատեսակ եւ դրա վրա տարածվում են կոնվենցիայի բոլոր դրույթները: Մյուս կողմից՝ ՀՀ-ում այս տարվա փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որի դրույթները համահունչ են կոնվենցիայի դրույթներին:




Լրահոս