Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի ժամանակ քննարկելու է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը: Համաձայնագիրը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:
Իսկ ի՞նչ ունենք այսօր, եւ որքանո՞վ է համաձայնագրի կիրարկման գործընթացը գոհացնող: ArmLur.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ:
-Պարո՛ն Եղոյան, ինչ փուլում է այժմ գտնվում ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը, որքանո՞վ են արդյունքները գոհացուցիչ:
-Համաձայնագրի վավերացման գործընթացն է մոտենում ավարտին: Այս պահի դրությամբ մնացել է մեկ երկիր, որը դեռ չի վավերացրել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ երկիրը Պորտուգալիան է, սակայն համաձայնագիրն արդեն գտնվում է այդ երկրի խորհրդարանում, այն օրակարգում է, կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ վավերացումը տեղի կունենա:
-Դուք անդրադարձաք համաձայնագրի վավերացմանը. իսկ ի՞նչ տեմպերով է առաջ գնում կիրարկման գործընթացը:
-Ամբողջ ամառ աշխատել ենք մի շարք հարցերի վրա. օրինակ՝ ճանապարհների անվտանգության հետ կապված, ճանապարհային երթեւեկության հետ կապված: Շատ հարցեր տեխնիկական են:
-Պարո՛ն Եղոյան, իսկ ինչո՞վ են պայմանավորված ժամկետների խախտումները: Օրինակ՝ հանձնաժողովի փոխնախագահ, ընդդիմադիր Կարեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ համաձայնագրով, օրինակ, պարեկային ծառայության ստեղծման համար հստակ ժամկետ է եղել ամրագրված, այնինչ աշխատանքները նոր են մեկնարկել, եւ ոչ միայն այդ հարցում: Ինչո՞ւ հնարավոր չի լինում ապահովել նախապես ամրագրված ժամկետները:
-Համաձայնագրում շատ լայն են տրված սահմանումները, օրինակ, այդ պարագայում՝ ոստիկանական բարեփոխումներ ընդհանուր անվան տակ, եւ դրա միայն մեկ էլեմենտն է պարեկային ծառայությունը: Այսինքն՝ այնտեղ պարեկային ծառայության համար վերջնական գործընթաց չի եղել. դա ընթացիկ աշխատանքներ են: Իհարկե, կարող են շեղումներ լինել, բայց կրկնեմ, որ, օրինակ, կոնկրետ պարեկային ծառայության համար որեւէ վերջնաժամկետ չի եղել:
-Այսինքն՝ որպես հանձնաժողովի նախագահ, առկա տեմպերը Ձեզ գոհացնո՞ւմ են:
-Հաշվի առնելով, որ ես շատ բծախնդիր եմ՝ ես աշխատում եմ գոհունակություն չհայտնել շատ, եւ միշտ էլ կարելի է կատարելագործվել: Բայց ընդհանուր եթե նայենք, ապա ժամկետների մեջ ենք: Այդ փոփոխությունները անում ենք մեզ համար: Այդտեղ բնապահպանության շատ մեծ բլոկ կա, որ պետք է իրականացվի, եւ աշխատում ենք այդ ուղղությամբ: Աշխատանքային պրոցես է ընթանում, որը հիմնականում եռամսյակային աշխատանքներ է իրենից ենթադրում, եւ մենք հիմնականում այդ ժամկետներում տեղավորվում ենք:
-Իսկ սեպտեմբերի 28-ի նիստում ի՞նչ է սպասվում, ովքե՞ր են ներկա լինելու:
-Մի քանի փոխնախարարներ են հրավիրված: Մեծ հաշվով, աշխատանքային քննարկումներ են, պարզապես նիստի ֆորմատով է լինելու: Այդպիսի քննարկումներ տասնյակ անգամ արել ենք, պարզապես այս մեկը որոշեցինք նիստի ֆորմատով անել: Այնպես չէ, որ սա բացառիկ քննարկում է, այլ հերթական քննարկումներից է, որն այս անգամ որոշվել է այսպես անցկացնել:
-Պարո՛ն Եղոյան, որքանո՞վ է օրակարգային շարունակում մնալ վիզաների ազատականացման հարցը:
-Այս հարցին պատասխանելիս պետք է իրավիճակին նայել: Այն իր ակտուալությունը կորցրել է, քանի որ հիմա ընդհանուր նոր կարգավորումներ են մտնում աշխարհում եւ նույնիսկ Եվրամիության ներսում: Պայմանագրի կիրարկմանը համավարակը չի խանգարել, սակայն վիզաների ազատականացումը մեր օրակարգային հարցերից է, որը կախվածության մեջ չէ համաձայնագրի կիրարկման ընթացքից: Այն առավելապես կախված է անդամ երկրների համաձայնությունից, որովհետեւ եթե անդամ երկրները համաձայնում են, ապա ԵՄ-ն այլ բան չի կարող անել: Անցյալ տարվա դրությամբ մեկ ունեինք 1-2 գործընկեր երկրի կողմից անհամաձայնություն եւ այդ առումով աշխատում ենք՝ հաշվի առնելով ընդհանուր փոփոխությունը՝ համավարակի հետ կապված, որը, կարծում եմ, ընդհանուր արժելու է միգրացիոն հոսքերի կառավարելիության վերաբերյալ քաղաքականության վրա: Բայց կարծում եմ՝ լավ նորություններ կունենանք համավարակն ավարտելուց հետո:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿՀԵՌԱՑՆԵՆ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը պատրաստվում է ուրբաթ օրը կայանալիք նիստի ժամանակ բարձրաձայնել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովից հեռացնելու հարցը: Բանն այն է, որ փետրվարին կազմավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերին Գեւորգ Պետրոսյանը մասնակցել է 1-2 անգամ:
Այստեղ նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոփոխություն է կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2020 թվականի փետրվարի 12-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել, եւ սահմանվել է, թե ինչպես կարող է հեռացվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը:
Մասնավորապես, հանձնաժողովի անդամի կողմից իր լիազորությունները եւ պարտականությունները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու՝ ներառյալ հանձնաժողովի երեք եւ ավելի նիստերից անհարգելի պատճառներով բացակայելու դեպքում հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հանձնաժողովի անդամի բացակայությունը համարվում է անհարգելի, եթե վերջինս բացակայել է հանձնաժողովի երեք եւ ավելի նիստերից եւ այդ կապակցությամբ չի ներկայացրել բացատրություն:
Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդով: Քվեարկությանը չի մասնակցում հանձնաժողովի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը:
Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ունի 16 անդամ եւ սովորաբար նիստ է անցկանցում յուրաքանչյուր ուրբաթ, սակայն ոչ բոլոր անդամներն են մշտապես ներկա լինում: Նկատենք՝ 16 անդամ ունեցող հանձնաժողովի պարագայում, եթե նիստերին ներկա լինի 15 անդամ, ապա պետք է 10 անդամ կողմ լինի, որպեսզի Գեւորգ Պետրոսյանի լիազորությունների դադարեցման հարցով դիմեն վարչապետին: Արդյոք բոլորը կողմ կլինեն Դանիել Իոաննիսյանի նախաձեռնությանը՝ դժվար է ասել. սպասենք զարգացումներին:
ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն առաջիկա երկու օրերին աշխատանքից ազատման դիմում է ներկայացնելու: Մեր տեղեկություններով՝ փոխնախարարի նման որոշման պատճառը կրթության չափորոշիչներն են, որոնք վերջին շրջանում բուռն քննարկման պատճառ են դարձել: Մեր տեղեկություններով՝ փոխնախարարը դժգոհել է, թե կրթության չափորոշիչներն ազգային արժեքներին դեմ են, եւ նա հրաժարվում է աշխատել մի կառույցում, որտեղ դեմ են ազգային արժեքներին եւ գործում են դրա դեմ: Ինչպես հայտնի է, վերջին շրջանում կրթության չափորոշիչների թեման դարձել է նաեւ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ: Եվ գրեթե ամեն օր Երեւանում ցույցեր են տեղի ունենում նախարարի հրաժարականի պահանջով: Ավելին, այդ չափորոշիչներին դեմ են անգամ ԱԺ պատգամավորները, որոնք ոչ մեկ անգամ են բարձրաձայնել այդ մասին: Հիշեցնենք՝ ըստ ԿԳՄՍ նախագծի՝ նախատեսվում է կրճատել դպրոցներում Հայոց լեզվի դասաժամերը՝ վերաբաշխելով դրանք բնագիտական առարկաների միջեւ: Զուգահեռաբար խոսվում է Մայրենիի եւ օտար լեզուների ժամերի համադրության մասին։ Բացի այդ, Հայոց եկեղեցու պատմություն առարկան այլեւս առանձին չի դասավանդվելու, փոխարենը առաջարկվում է այդ առարկայի տարբեր բաժինները զետեղել ավագ դպրոցի պատմական եւ հասարակագիտական այլ առարկաների ուսումնական ծրագրերում: Բացի այդ, կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ չափորոշիչներում առկա են սկանդալային կետեր. Կենսաբանության առարկայի խնդրահարույց կետերից մեկը 8-րդ դասարանին էր վերաբերում, որտեղ սեռային, ավելի ճիշտ՝ վերարտադրողական դասընթացներ պետք է լինեին:
ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՊԱՐԶԵՑՎԻ
Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ապահովման պետական աջակցության ծրագրին շահառուների մասնակցության գործընթացը կպարզեցվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նշված ծրագրին մասնակցության նպատակով այս տարվա հունիսի 30-ի դրությամբ ներկայացվել է 281 դիմում, կնքվել է 37 պայմանագիր, 9 տնտեսավարողի տրամադրվել է փոխհատուցում՝ ավելի քան 49 մլն դրամ: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ 281 տնտեսություններում կատարված տեղազննությունից հետո միայն 261-ն են համապատասխանել ծրագրի չափանիշներին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուսուցողական դասընթացները կկազմակերպվեն 2021 թվականից հունվարի 1-ից։ Պարզվում է՝ հանվել է ծրագրին մասնակցության ցանկություն հայտնած կապալառու կազմակերպության կողմից նախարարություն հայտի ներկայացման եւ հրապարակվող ծրագրի կապալառուների ցանկում ընդգրկման պահանջը: Ավելին, տնտեսավարողներին հնարավորություն է տրվել ազատ ընտրելու կառուցող կազմակերպությանը: Ի դեպ, այս պահանջի հանվելը շատերին է ուրախացրել. չէ՞ որ բազմաթիվ են այն գյուղացիական տնտեսությունները, որոնք կարող են ինքնուրույն կառուցել իրենց «խելացի» անասնաշենքը: