ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՅՏՆԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը, սակայն այդ ամենով հանդերձ վերջինիս գործը ուղարկվել է դատարան, եւ այն քննելու է դատավոր Մարինե Մելքոնյանը:

 

Ինչպես հայտնի է, Արման Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դատարանների (այսուհետ՝ Դատարան) բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Դեպարտամենտի կազմում ստեղծված ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը, պաշտոնատար անձ, ունենալով հաշվեկշիռ, ամրացված գույք եւ իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իրավասու լինելով ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի ԲԴԽ-25-Ո-58 որոշման ուժով իրավասու լինելով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից, ներկայացնելու նրա շահերը, կնքելու գործարքներ, օրենքով, իրավական այլ ակտերով եւ հիմնադրի կողմից սահմանված կարգով տնօրինելու դատարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները՝ բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից գույքի տնօրինման դեպքերի, դատարանի նախագահին եւ Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնելու առաջարկություններ՝ դատարանի աշխատակազմի գործունեության հիմանական ուղղությունների, մասնավորապես՝ աշխատանքային ծրագերի մասին, ներկայացնելու դատարանի աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հարաբերություններում, ապահովելու դատարանի աշխատակազմի բնականոն գործունեությունը Սնանկության դատարանի նստավայրում, մեկ միասնական դիտավորությամբ 2019-2020 թվականների ընթացքում, շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Կարեն Գալստյանին, Երեմ Մխիթարյանին, Վարդան Վարդանյանին, Գառնիկ Ժամկոչյանին եւ Աստղիկ Կոստանդյանին հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի հնոցապանի, համակարգչային օպերատորի, էլեկտրագետի, սպասարկողի, ցրիչի հաստիքներում եւ հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել եւ իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատակազմի աշխատողներին հաշվարկված եւ վճարված աշխատավարձերի հաշվարկներ, միանվագ պարգեւատրման մասին հրամաններ, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել աշխատակիցներ Կարեն Գալստյանի, Երեմ Մխիթարյանի, Վարդան Վարդանյանի, Գառնիկ Ժամկոչյանի եւ Աստղիկ Կոստանդյանի աշխատանքի հաճախելու եւ փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես գումարներ Կարեն Գալստյանի, Երեմ Մխիթարյանի, Վարդան Վարդանյանի, Գառնիկ Ժամկոչյանի եւ Աստղիկ Կոստանդյանի անվամբ անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 7.348.576 ՀՀ դրամ: Գառնիկ Ժամկոչյանի եւ Վարդան Վարդանյանի աշխատավարձի վճարման բանկային քարտերը փաստացի գտնվել են վերջինիս տրամադրության տակ, նրանց անվամբ փոխանցված ընդհանուր 3.638.425 դրամը անձամբ տարբեր բանկոմատներից կանխիկացրել եւ ծախսել է իր անձնական կարիքների համար, իսկ մնացած 3.710.151 դրամ գումարը տնօրինվել է Կարեն Գալստյանի, Երեմ Մխիթարյանի եւ Աստղիկ Կոստանդյանի կողմից։

Արման Ղուկասյանի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եւ վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 7.348.576 դրամ գումար։ Գործը մտել է դատարան, եւ այն քննելու է դատավոր Մարինե Մելքոնյանը:

Ն.Հ.

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է

2020թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 19:10-ին, Սյունիքի մարզի Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակիչը ահազանգել է ՀՀ ոստիկանություն եւ հայտնել, որ Հարժիս գյուղում մարդ է դանակահարել: Նույն օրը` ժամը 20:00-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ թուլակողի թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հարժիս բնակավայրի 33-ամյա  բնակիչը: Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակիչը 2020թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 18:40-ի սահմաններում, իր տան դիմացի ճանապարհահատվածում անձնական բնույթի հարցի համար, իր մոտ գտնվող դանակով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 33-ամյա համագյուղացու կրծքավանդակի շրջանին` վերջինիս դիտավորությամբ պատճառելով  կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք: 23-ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել եւ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, նշանակվել են դատաբժշկական եւ դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԵԼ

Օրերս ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների եւ ՊՊԳՎ Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Չարենցավանի մի բնակչուհի ոստիկանություն էր տարել հանգուցյալ ամուսնու կարճեցված փողով որսորդական ողորկափող հրացանը եւ տարբեր տրամաչափի փամփուշտներ: Ըստ նրա` ամուսինը Արցախյան պատերազմի մասնակից էր եւ հրացանը ձեռք էր բերել ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ» ԱԼՈՅԻ ԳՈՐԾԸ ԿՀԱՍՆԻ ՎՃՌԱԲԵԿ 

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը 2020 թ. օգոստոսի 10-ին բացահայտել էր «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի եւ այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող քրեական հեղինակության՝ քրեական աստիճանակարգության  բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու եւ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացու կողմից դիմելու դեպքեր:

2020 թ. օգոստոսի 13-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել նույն օրը ձերբակալված քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, քրեական աշխարհում Ալո մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանին, իսկ նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակից, քրեական հեղինակություն համարվող Տիզ մականվամբ հայտնի Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, սակայն, քննության արդյունքում մերժել էր միջնորդությունները, եւ վերջիններս հայտնվել էին ազատության մեջ: 2020 թ. օգոստոսի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումները եւ կայացնել նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատական ակտեր:

Քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 8-ի որոշմամբ մասնակի բավարարել է մեղադրյալ Ա.Մ.-ի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը եւ գործն ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության:

Ալո մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի պաշտպան Հունան Բաբայանը հայտնեց, որ բողոքարկում է ՀՀ վերաքննիչի որոշումը  Վճռաբեկ դատարան:

 Ն.Հ.




Լրահոս