ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 30-ին քննարկվելու է կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Հանձնաժողովի նիստում այդ հարցը ներկայացնելու է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը: Մասնավորապես, օրենքում փոփոխություններ են արվելու ժամկետների հետ կապված, որը հնարավորություն կտա պարեկային ծառայության ներդրման պարագայում ամբողջական կարգով ապահովել օրենքի կիրառումը:
Մասնավորապես, նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-300-Ն) տուգանային միավորների կիրառման համակարգին զուգընթաց առավել մեծ հանրային վնասակարարություն ունեցող իրավախախտումների համար «տուգանք» տույժի տեսակը փոխարինվել է «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում» տույժի տեսակով, իսկ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն: Եվ արդյունքում բաց են մնացել այն իրավիճակները, երբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող իրավախախտումն առաջին անգամ կատարվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից: Եվ նշվում է, որ դրա համար կիրառվող քսանհինգ հազար դրամ տուգանքը համաչափ չէ փաստացի կատարված արարքի հանրային վնասակարության աստիճանին:
Բացի այդ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով պատասխանատվություն է նախատեսվել զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու համար: Եվ կառավարությունը նկատում է, որ այս կարգավորումից հետո վարորդների մի որոշ հատված երթեւեկում են մեկ համարանիշով՝ չվախենալով ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված պատասխանատվությունից: Նաեւ նշվում է, որ սանկցիան չի նպաստում հետապնդվող վարչական տույժի նպատակի իրագործմանը, քանի որ վարորդների հիմնական մասը պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակում է դրսեւորել նույն հակաիրավական վարքագիծը: Եվ նախագծով նախատեսվում է պատասխանատվություն նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար՝ սահմանելով առավել խիստ պատասխանատվության միջոցներ, ընդհուպ՝ վարելու իրավունքից զրկման ձեւով:
Բացի այդ, նախատեսվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքով նախատեսված՝ ճանապարհապարեկային ծառայողների կողմից մի շարք խախտումների մասով տուգանային միավոր կիրառելու վերաբերյալ սահմանված անցումային ժամկետը երկարաձգել մինչեւ պարեկային ծառայության ամբողջական ներդրումը: Մասնավորապես, ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումն իրականացնել 2022 թվականի 1-ին կիսամյակում, ինչով պայամանավորված՝ անցումային դրույթի ժամկետ է սահմանվում 2022 թվականի հուլիսի 1-ը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼԱՐՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Այս օրերին մեծ աղմուկ էր բարձրացրել այն հանգամանքը, որ Հայաստանի անկախության առթիվ «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի անձնակազմը չէր պարգեւատրվել: Նրանք անգամ բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ հայտնել իրենց վրդովմունքը, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին օրերից այդ հիվանդության բուժմամբ զբաղված հիվանդանոցի անձնակազմն անուշադրության է մատնվել:
«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող մեր գործընկերները պարգեւատրվեցին կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքներում ներդրած ավանդի համար: Շնորհավորում ենք մեր գործընկերներին, այդուհանդերձ հարկ է նկատել, որ «Նորք»-ի ինֆեկցիոն կենտրոնի ներդրումն ու դերը այդ ամենում եւս պակաս չի եղել: Ողջ անձնակազմը եղել է վիրուսի դեմ պայքարի առաջնագծում եւ այդպես էլ շարունակելու է։ Կարծում ենք՝ մեր թիմի ներուժն ու ներդրումը չպետք է անտեսվեր ու պետք է գնահատվեր ինչպես մեր երկրի նախագահի, վարչապետի եւ կառավարության կողմից, այնպես էլ Առողջապահության նախարարության կողմից»,-գրված է բաց նամակում: Այն ստորագրել էին բժշկական կենտրոնի 7 տասնյակ բժիշկներ, բուժքույրեր, բաժանմունքի վարիչներ եւ օրդինատորներ։
Ավելին, արդեն նախկին գործընկերների նամակը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցը՝ գրելով. «Գործող անձնակազմից առնվազն մեկը պետք է պարգեւատրվեր»։
Նկատենք, որ անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, նախագահը տարբեր մեդալներով պարգեւատրել է մոտ 130 անձանց՝ դատավորներից մինչեւ դերասաններ, զինվորականներ ու բժիշկներ։ Վարչապետի միջնորդությամբ «Մխիթար Հերացու» մեդալ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցած 11 բուժաշխատողներ, այդ թվում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը, նույն հիվանդանոցի եւս 2 աշխատակից, եւս 2 հոգի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, ապա «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Բաբլոյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը եւ այլք։
Այս հիվանդանոցին չպարգեւատրելու հանգամանքը բուռն քննարկվեց նաեւ այն պատճառով, որ բուժաշխատողներին պարգեւատրելու առաջարկը վարչապետին ներկայացնում է Առողջապահության նախարարությունը, իսկ նախարար Արսեն Թորոսյանի եւ նաեւ կլինիկայի նախկին տնօրենի հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն:
Սակայն երեկ հայտնի դարձավ, որ հարյուրից ավելի բուժաշխատողներ մոտ օրերս պարգեւատրվելու են վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով, այդ թվում են նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները:
ԿՐԱԿՈՑԻՑ ՎՆԱՍՎԵԼ Է ԴԱՍԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ
Սահմանամերձ Բարեկամավան գյուղի բնակիչ, 1999թ. ծնված Գեղամ Վասակի Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. փետրվարի 26-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրի 3-րդ փողոցի 17-րդ նրբանցքի 2-րդ տան տանիքից հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, որի մեջ առկա է եղել 8 հատ փամփուշտ։ Նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, հայտնաբերված զենքը Բարեկամավանի միջնակարգ դպրոցի աշակերտներին ցույց տալու նպատակով տարել է դպրոց, որտեղ նշված զենքից պատահական կրակոց է արձակել, ինչի հետեւանքով վնասվել է պատմության դասասենյակի պատուհանը։ Գեղամ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթութիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։ Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է սեպտեմբերի 24-ին։
ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՉՄՇԱԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզային հեռուստաընկերության «Մարզպետի ժամ» հաղորդաշարի ժամանակ անդրադարձել է մարզում չմշակվող հողատարածքներին. կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք հողատարածքներ են վարձակալել, որոնք չեն մշակում, այգիներ հիմնելու ցանկություն ունեցող, պոտնցիալ ներդնողները պետք է այդ հողերը վարձակալողներին դիմեն, գումար առաջարկեն, որպեսզի կարողանան այդտեղ գյուղատնտեսությամբ զբաղվել: Մարզպետը հայտնեց, որ կազմակերպություններ կան, որոնք մարզի տարածքում՝ գրավիչ վայրերում, մեծ տարածքներ են վարձակալությամբ զբաղեցրել հետագայում այդ հողերի սպեկուլյացիայով զբաղվելու համար։ Այդ կազմակերպությունները ցանկանում են նոր տարածքներ զբաղեցնել եւ դժգոհում են, երբ համայնքները մերժում են իրենց նոր տարածքներ հատկացնել: Հայկ Չոբանյանը կարծում է ,որ տարածքները չպետք է վարձակալությամբ տրվեն կամ մասնավորեցվեն առանց ներդրումային ծրագրի։ Մարզպետի վկայությամբ՝ 2019 թվականին Տավուշի մարզպետարանը չօգտագործվող հողատարածքների վերաբերյալ մի քանի փաթեթներ է ներկայացրել Տավուշի մարզի դատախազություն, սակայն այդ գործերով քննությունը դադաղ է ընթանում աշխատանքային, մասնագիտական, փորձագիտական ներուժի պակասության պատճառով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ