ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԺԳՈՀ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի ժամանակ քննարկելու է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը:

 

Համաձայնագիրը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Իսկ ի՞նչ ունենք այսօր, եւ որքանո՞վ է համաձայնագրի կիրարկման գործընթացը գոհացնող: ArmLur.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ, որը նաեւ հանձնաժողովի փոխնախագահն է:

-Պարո՛ն Սիմոնյան, ի՞նչ ունենք այսօր համաձայնագրի կիրարկման առումով:

-Դուք գիտեք, որ համաձայնագիրը 80 տոկոսով է ուժի մեջ մտել, եւ 20 տոկոսն է մնացել, եւ դա կլինի այն բանից հետո, երբ ԵՄ բոլոր անդամ պետությունները կվավերացնեն համաձայնագիրը, եւ համաձայնագիրն ամբողջությամբ ու ամբողջ ծավալով կմտնի ուժի մեջ: Համաձայնագրի շրջանակներում արդեն  տրվել են մի շարք դրամաշնորհներ: Այսօր եւս հաստատվեց 60 մլն եվրոյի դրամաշնորհի հաստատման մասին, որից 3 միլիոնը նյութատեխնիկական ապահովման միջոցներ պետք է լինեն, իսկ 57 մլն էլ ուղղակի աջակցություն է պետական բյուջեին եւ մուտք է արվելու բյուջե: Համաձայնագիրն ունի ճանապարհային քարտեզ, որով աշխատանքներն ընթանում են, սակայն չեմ կարող պնդել, ինչպես իմ իշխանական ընկերներն են պնդում, որ այնպիսի արագությամբ են ընթանում գործընթացները, որով անհրաժեշտ է: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ կան դանդաղումներ, եւ այդ դանդաղումներն այնքան էլ հիմնավոր չեն: Հույս ունեմ, որ կառավարությունը կփոխի իր գործելաոճը եւ ավելի արագ կսկսի իրականացնել այն բարեփոխումները, որոնք հանձն է առել այս համաձայնագրով:

-Իսկ հատկապես ո՞ր ոլորտներում արված աշխատանքը չի գոհացնում Ձեզ:

-Օրինակի համար կարող ենք վերցնել ոստիկանության ոլորտում կամ արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացները: Դրանցից շատերն արդեն պետք է իրականություն դարձած լինեին 2020 թվականի ընթացքում, սակայն մինչ օրս գործընթացը գնում է: Օրինակ՝ այդ փոփոխություններով պետք է դեռ մեկ տարի առաջ պարեկային ծառայություն ստեղծվեր, սակայն գործընթացը նոր-նոր մեկնարկել է: Խնդիրներ կան նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության օրենսդրության բարելավման եւ եվրոպական նորամտիվների համապատասխանեցման հետ, դրանց թվում է նաեւ նոր չափորոշիչներով օրենքի ընդունումը, որը պետք է տեղի ունենար դեռեւս  անցյալ տարի, սակայն այսօր նոր գտնվում է քննարկման փուլում, եւ նման այլ հարցերը բազմաթիվ են:

Հավելենք, որ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 30 մլն եվրո արժողությամբ ծրագրի 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլնը՝ 3 հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ համաձայնագրի ընդհանուր եւ հատուկ պայմանների իրականացման։ Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում ՀՀ բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն։ Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության եւ հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման եւ դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաեւ կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։ Ծրագրում արտացոլված են նաեւ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի եւ համապատասխան կանխարգելիչ, դատախազական եւ քննչական մարմինների ստեղծումը։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԵՆ ԼՐԱՄՇԱԿՎԵԼ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ լրամշակվել են։ Լսողության եւ խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների եւ նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ:

 

Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետեւյալ կանոնների պահպանմամբ՝

  1. ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,
  2. յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տեւողությամբ,
  3. յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը,
  4. յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի եւ բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,
  5. պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման եւ ախտահանման պարագաներ,
  6. ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, եւ նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են,
  7. սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով։

 

 

119 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ

Կառավարության հակաճգնաժամային 1-ին եւ 2-րդ միջոցառումների շրջանակում սուբսիդավորման ենթակա պորտֆելի չափը երեկվա դրությամբ կազմել է 119 միլիարդ դրամ:

Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, որ կառավարությունն այդ չափով վարկային պորտֆել է սուբսիդավորելու, ինչն էական նշանակություն ունի բիզնեսի համար: «Երեկվա դրությամբ հայտերի քանակը 32-ն է, 28-ը բավարարված են, բավարարված հայտերի ծավալով մենք կսուբսիդավորենք մոտ 8 միլիարդ դրամին համարժեք վարկային պորտֆել, բայց ավելի կարեւոր է այն հանգամանքը, որ շուրջ 3 միլիարդի ներդրում է իրականացվել սեփականատերերի կողմից»,- ասել է Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ երեք ամսվա համար ունեն բավականին լավ դինամիկա, իսկ հետագա արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացնեն:

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ

Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնում «Զենքի մասին» ՀՀ օրենքում. համապատասխան նախագիծն ընդունվեց գործադիրի նիստում: Ըստ հիմնավորման՝ փոփոխությունները պայմանավորված են ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը», – նշված է նախագծի հիմնավորման մեջ։

 

 




Լրահոս