Երեկ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել Հայաստանի դիմումի մասով: Ինչ է այն ենթադրում. նախ նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել բավարարել Հայաստանի խնդրանքը` կիրառելով միջանկյալ միջոց: ՄԻԵԴ-ը մասնավորապես կոչ է արել կողմերին (Հայաստան, Ադրբեջան) ձեռնպահ մնալ այնպիսի միջոցների գործադրումից, որոնք կարող են առաջացնել քաղաքացիական բնակչության իրավունքների` Կոնվենցիայով նախատեսված խախտումներ:
Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է տեղեկատվություն ներկայացնեն Դատարանին նշված խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:
Որոշումը կայացվել է Հայաստանի դիմումի հիման վրա, երբ Դատարանը հարկ չի համարել մյուս կողմին` Ադրբեջանին հարցեր ուղղել: Այսինքն, մեր կողմից ներկայացված փաստերն այնքան համոզիչ են եղել, որ պաշտոնական Բաքվից լրացուցիչ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն չի եղել:
Ի դեպ, սա Դատարանի պատմության մեջ 3-րդ նման դեպքն է (նախորդ երկուսը վերաբերում են Ուկրաինային), երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ որոշում է կայացնում` ըստ էության պատերազմական հանցագործություններ կանխելու վերաբերյալ:
Ն.Հ.