ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՓՈՐՁԻ ԳԱԼ ԻՆՉՊԵՍ ՊՈՒՏԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ՌԴ ներքաղաքական զարգացումները դարձել են վերջին օրերին Հայաստանում ամենաշատ քննարկվող թեման: Ինչպես հայտնի է` «Եդինայա Ռոսիա» կուսակցության վերջին համագումարում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկել է նախագահի պաշտոնում առաջադրել վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, իսկ ինքը պատրաստակամություն է հայտնել վերադառնալ գործադիր իշխանություն:Այս հանգամանքը, թերեւս, մեծ իրարանցում է առաջացրել նաեւ Հայաստանում: Այժմ մեզանում շատ է խոսվում` արդյոք ՌԴ-ում Պուտինի նախագահ դառնալուց հետո որոշակի վերաձեւակերպումների կենթարկվի Հայաստանի ներքաղաքական դաշտը: Մասնավորապես, արդյոք Պուտինի` նախագահ դառնալուց հետո իշխանության կվերադառնա Ռոբերտ Քոչարյանը, ասենք, վարչապետի պաշտոնում: Բոլորի համար էլ ակնհայտ է, որ ՌԴ տեղի ունեցող զարգացումներն իրենց ուղղակի ու անուղղակի ազդեցությունն են ունենում նաեւ տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, որն ասես ՌԴ-ի փոքրիկ «մակետը» լինի` քաղաքական առումով: Սակայն առնվազն միամտություն կլինի պնդել, որ ՌԴ կատարվող իրադարձությունները նույն օրինաչափությամբ կկրկնվեն նաեւ Հայաստանում:Պուտինի` ՌԴ նախագահի պաշտոնին վերադարձի հավանականությունն, իհարկե, ամենաշատը ոգեւորել է հենց Ռոբերտ Քոչարյանին: Իմանալով Քոչարյանի էությունը` դժվար չէ կռահել, որ նա առաջիկայում կօգտվի այս հանգամանքից ու առաջին հերթին լայն «պատերազմ» կծավալի քարոզչական դաշտում, որից հետո կվերագնահատի ուժերը: Ավելին, երեկ արդեն պրոքոչարյանական կայքերը հաղորդեցին, որ նա սեպտեմբերի 23-ին մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին: Չի բացառվում, որ նա կարեւոր հանդիպումների փորձեր էլ անի: Երեկ նույնիսկ խոսվում էր, թե Քոչարյանի մոտ «վերադառնալու» հերթ է գոյացել նրա մտերիմների մոտ: Բացի այդ, վերջերս էլ Քոչարյանի օրոք ԱԳ նախարար աշխատած Վարդան Օսկանյանը չէր բացառել, որ նա մասնակցություն կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններին: ՀՀԿ խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ հեռախոսազրույցում ասաց. «Մեր երկրում երբեմն շատ հետաքրքիր է հետեւել քաղաքական հավակնությունների դրսեւորումների ձեւերին: Աստիճանաբար ավարտում ենք վիկիլիքսյան խմբակային ընթերցումների փուլը, հիմա էլ տարբեր կողմերից լսում ենք ռուսաստանյան քաղաքական զարգացումների օգտագործմամբ տարբեր մարդկանց ցանկությունների ռոմանսները»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը քիչ հավանական է համարում ռուսական մոդելի կիրառումը ՀՀ-ում, քանի որ շատ մեծ են տարբերությունները: «Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը հանրային հեղինակության առումով բացարձակ տարբեր են: Պուտինը, անկախ իր անձի հանդեպ մեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ վերաբերմունքից, ՌԴ-ում համարվում է հասարակության լայն հատվածների համար պահանջված ղեկավար: Իսկ Քոչարյանը ոչ միայն նման, այլեւ դրան մոտ հեղինակություն չի կարող ունենալ Հայաստանում: Երկրորդ` նախագահի պաշտոնը լքելուց հետո Պուտինը մնաց իշխանության մեջ` դրանով իսկ պահպանելով իր դիրքերը քաղաքական դաշտում, կուսակցության ներսում: Քոչարյանը, սակայն, հետ է մնացել քաղաքական գործընթացներից: Հիմա Քոչարյանի վերադարձը հնարավոր է միայն «հեղափոխություն վերեւից» մոդելի դեպքում, երբ նա ինչ-որ եղանակով նշանակվում է վարչապետ ու այդպես կարողանում է վերցնել իշխանությունը: Սակայն նրա նշանակման համար մի շարք դժվարություններ կան: Այս իշխանությունը, որը, աստված գիտի, թե ինչպես կարող է իրեն վերարտադրել առաջիկա ընտրություններում, այնուամենայնիվ, վերարտադրման դեպքում կլինի չափազանց թույլ ու խոցելի: Այնպես որ, նման դեպքում դժվար թե իշխանությունն իրեն էլ ավելի թուլացնի` Քոչարյանին վարչապետ նշանակելով: Այնուհանդերձ, ամեն ինչ կախված կլինի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, քոչարյանամերձ ուժերի տեսակարար կշռից»,-նշեց Սաֆարյանը: Վերջինս չափազանց անհավանական է համարում փաստը, որ Պուտինը հորդորի կամ պարտադրի Սերժ Սարգսյանին` Քոչարյանին նշանակել վարչապետ: «Անգամ այս դեպքում ես բավական ռիսկային եմ համարում այդ նշանակումը»,-ասաց Սաֆարյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաեւ նշեց, որ Պուտինն ու Մեդվեդեւը, չնայած իրենց տակտիկական տարաձայնություններին, այնուամենայնիվ, եղել են մեկ թիմի մեջ ու ստրատեգիական նպատակների առումով մշտապես նույն ուղեգիծն են տարել, այնպես որ, պետք չէ ՌԴ քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ ակնկալել:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս