Վաղուց պետք է Հայաստանը ճանաչեր Արցախի Հանրապետության անկախացումը․ Հրանտ Թոխատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես այս պահին, ցավոք, առաջնագծում չեմ գտնվում՝ ելնելով իմ տարիքից: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը, ով արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ռազմական գործողությունների առաջին իսկ պահից մեկնել է Արցախ՝ որպես կամավոր:

ArmLur.am-ի հետ զրույցում Հրանտ Թոխատյանը ցավով նշում է, որ  առաջնագիծ մեկնել չի կարող, բայց թիկունքում հնարավորինս ամեն բան անում է, արցախահայության համար:

«Կան լիքը գործեր, որոնք պետք է արվի, դրա համար անում եմ այն  հանձնարարությունները, որոնք այսօր մեր հայրենիքի պաշտպանության համար կարեւոր են: Մեր տղաների մարտական ոգին բարձր է այնքան, որ մեր խաղաղ բնակիչները հրաժարվում են տեղափոխվել Երեւան: Մարդկանց մեծամասնությունը չի ուզում գալ, նրանք ուզում են մնալ իրենց բնակավայրերում, իրենց տներում, այ նման բարձր ոգեւորություն կա, որը փոխանցվում է նաեւ մեզ: Այստեղ բոլորս հավատում ենք հաղթանակին»,-նշում է Հրանտ Թոխատյանը:

Հարցին, թե արդյոք գոհ է  միջազգային կառույցների արձագանքից, մեր զրուցակիցը նշում է. «Ցավոք սրտի, չեմ կարողանում հետեւել միջազգային արձագանքին. դրա ժամանակն էլ չկա եւ ոչ միշտ է, որ ունենք կապ: Ես ուզում եմ նշել, որ այսօր մեր կողքին կան շատ լավ երիտասարդներ, որոնց աշխատանքով կարելի է միայն հպարտանալ: Երիտասարդները ո՛չ քնում են, ո՛չ ուտում են, միայն զբաղված են մարդկանց հետ աշխատելով, ինչն այսօր շատ կարեւոր է»:

Մեր զրուցակցի խոսքով՝ վաղուց էր պետք, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Արցախի Հանրապետության անկախացումը:

«Կարծում եմ, որ  վաղուց էր դա պետք անել, եւ հիմա արդեն մեր պետական այրերը կորոշեն, միգուցե կան հարցեր, որոնցից ես տեղյակ չեմ, բայց ինչ կորոշեն, թող հայրենիքի համար լինի, եւ այդպես մենք ավելի հանգիստ կլինենք։

Այս օրհասական պահին, ինչպես յուրաքանչյուր բանականություն ունեցող մարդ  կուզենա, որպեսզի օր առաջ վերջանա այս պատերազմը: Իմ սպասումները բոլորի պես է, այսինքն միայն հաղթանակն է, եւ ելնելով մեր զինվորների, մեր կամավորների հոգեվիճակից, դուխից: Մենք գիտենք, որ մեր տանն ենք, եւ մեր տունն ենք պաշտպանում»,-եզրափակում է Հրանտ Թոխատյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս