Արցախը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանձնել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ հանդիսացող զինվորների դիակները. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

Բաքվի իշխանությունները, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, սեպտեմբերի 27-ին նախաձեռնեցին հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները։ Իրականության մեջ այս անգամ պատերազմի վերսկսման բուն նպատակներից մեկը Թուրքիայի ազդեցության կտրուկ տարածումն է այս տարածաշրջանում, որի համար Ադրբեջանի բնիկ ժողովուրդները թափելու են իրենց արյունը, զոհվելու կամ դառնալու են հաշմանդամ։ Այս պատերազմից Ադրբեջանի ոչ մի բնիկ ժողովովրդի ներկայացուցիչ ոչինչ չի շահելու՝ ձեր և Արցախի հայության միջև չկա կիսելու ոչինչ, մեր շահերը իրար չեն հակասում։ Արցախի հայությունը միշտ էլ հարգանքով է վերաբերվել ձեզ, և վերջին տասնամյակներում Բաքվի իշխանություններն են, որ խոչընդոտում են մեր ու ձեր հազարամյակների պատմություն ունեցող շփմանը և բարեկամությանը։

Արցախում տեղյակ են, որ Բաքվի իշխանություններն առաջնահերթ զորակոչն անցկացնում են հենց Ադրբեջանի բնիկ ժողովուրդների շարքերում և նրանց են ուղարկում առաջնագիծ, ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներ, որտեղ ամենամեծն է զոհվելու հավանականությունը։ Դրանով իսկ Բաքվի իշխանությունները լուծում են երկու խնդիր. մի կողմից ձեզ օգտագործում են Արցախի դեմ, մյուս կողմից, ձերբազատվում են ձեզանից, քանի որ դուք եք հանդիսանում Ադրբեջանի զանգվածային թյուրքիզացման խոչընդոտներից մեկը։ Որքան էլ դուք ադրբեջանական բանակի կազմում փաստացի մասնակցում եք Արցախի դեմ ագրեսիային, Արցախի ժողովուրդը խոր ցավ է ապրում ձեր շարքերում ամեն մի զոհի ու վիրավորի համար, քանի որ ձեզանով ավարտվում է այս տարածաշրջանում հազարամյակների պատմություն ունեցող կարևորագույն ժողովրդագրական ու պատմամշակույթային շերտը։

Բաքվի իշխանությունների քմահաճույքների համար զոհվելուց խուսափելու համար կոչ ենք անում Ադրբեջանի բնիկ ժողովրդներին` լեզգին երին, թալիշներին, ավարներին, թաթերին, ուդիններին, ցախուրներին, ինգիլոյներին, ռուտուլներին, Շահդաղի խմբի ազգություններին և քրդերին, ովքեր ուծացման եզրին են.

1․ Բոլոր հնարավոր միջոցներով խուսափել զորակոչից, առաջնագիծ մեկնելուց և Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիային մասնակցելուց՝ այդ թվում փորձելով լքել Ադրբեջանի տարածքը։ Արցախի դեմ ագրեսիային մասնակցել չցանկացող և Ադրբեջանը լքած անձանց այլ երկրներում հայկական սփյուռքի համապատասխան կառույցների կողմից կցուցաբերվի համապատասխան օժանբակություն։

2․ Առաջնագծում հայտնվելու դեպքում փորձեք ամեն կերպ խուսափել ակտիվ ռազմական գործողություններին մասնակցելուց, իսկ հնարավորության դեպքում փորձեք հանձնվել Արցախի զինված ուժերի ներկայացուցիչներին։ Հանձնվել ցանկացողները պետք է սահմանագիծն անցելու ժամանակ ցուցադրեն իրենց անզեն լինելը՝ գլխավերևում (նշմարելի կերպով) պարզելով սպիտակ դրոշ կամ սպիտակ հագուստի կտոր։ Հանձնվելուց անմիջապես հետո, նշելով Ադրբեջանի բնիկ ժողովրդին իր պատկանելիության մասին, տվյալ անձը կդիտարկվի ոչ թե շարքային ռազմագերի, այլ հյուր, և կընդունվի այս տարածաշրջանում հազարամյակներ գործող բնիկ ժողովուրդների շրջանում ընդունված հյուրընկալության կանոններին համապատասխան։

Ըստ իրենց ցանկության՝ այդ անձինք կորոշեն՝ մնալ Արցախում, թե մեկնել այլ երկիր։ Արցախից մեկնել ցանկացողներին կտրվի համապատասխան օժանդակություն, այդ թվում՝ համապատասխան փաստաթղթեր՝ անվտանգ կերպով երրորդ երկիր անցնելու և այնտեղ հաստատվելու համար։

Արցախի Հանրապետությունը, ի վկայություն Ադրբեջանի բնիկ ժողովուրդների դեմ բարեկամության և ոչ թշնամական վերաբերմունքի, պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանձնել մեր դեմ իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհված և Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության գոտում գտնվող Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ հանդիսացող զինվորների դիակները։ Այդ գործընթացի կազմակերպման համար զոհված զինծառայողների բարեկամները կարող են դիմել Արցախի Հանրապետության համապատասխան ծառայությանը։




Լրահոս