Ինչպես երեւում է, ՀՀ Սահմանադրական դատարանում ճգնաժամը նոր է սկսում: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը եռօրյա քննարկումներից հետո այդպես էլ նոր նախագահ չընտրեց: ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու համար: Նա հավաքեց երկու կողմ, երեք դեմ ձայներ. երեք դատավոր քվեարկությանը չի մասնակցել:
Ընդգծենք` քանի որ Խունդկարյանը միակ թեկնածուն էր, ապա նրան ընտրվելու համար անհրաժեշտ էր հինգ կողմ ձայն, սակայն նա, ըստ էության, ստացավ երկու կողմ ձայն, որից մեկ կողմ ձայնը ինքն է իրեն տվել, եւ երեք դեմ ձայն: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ կողմ ձայնը Խունդկարյանը ստացել է Էդգար Շաթիրյանի կողմից, դեմ ձայներից մեկն էլ Արեւիկ Պետրոսյանն է տվել, իսկ, ահա, Հրայր Թովմասյանը, Վահե Գրիգորյանը չեն էլ մասնակցել քվեարկությանը: Ինչ վերաբերում է փոխնախագահի ընտրությանը, օրակարգային այս հարցին անդրադառնալ չեն էլ հասցրել. երկուշաբթի ժամը 11-ին կքննարկվի նաեւ այդ հարցը:
Եվս մեկ անգամ նկատենք, որ Հրայր Թովմասյանն ու Վահե Գրիգորյանը կարծես թե «կոալիցիա» են կազմել՝ ընդդեմ Խունդկարյանի, ու ամեն ինչ անում են, որ կա՛մ Արման Դիլանյանը, կա՛մ երրորդ մարդ ընտրվի ՍԴ նապագահ, միայն ոչ Խունդկարյանը։ Բայց, ինչպես կանխատեսել էինք, ՍԴ նախագահի ընտրությունների 2-րդ փուլ է լինելու, ու չի բացառվում՝ երկրորդ փուլում եւս առաջադրվի միայն Խունդկարյանը եւ ընտրվի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօերին ՀՀ վարչապետ-կառավարություն-մարզպետ ֆորմատով հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ: Մեր տեղեկությունների համաձայն՝ հանդիպման գլխավոր թեման եղել է ՀՀ-ի կառավարման խորհրդարանական մոդելից կրկին նախագահական մոդելին անցնելը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունները կրկին ցանկանում են վերադառնալ նախագահական մոդելին, քանի որ համարում են՝ խորհրդարանը իրեն չի արդարացնում: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է խոսել այդ անցման մասին ու նշել, որ դա այդքան էլ իրատեսական չէ այս պահին, քանի որ սահմանադրորեն եւս այն իրականացնելը այսօրվա դրությամբ հնարավոր չէ: Մեր տեղեկություններով՝ իմքայլականները հարց են բարձրացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որին ՀՀ վարչապետը պատասխանել է, որ իրենք որեւէ բան չունեն անհանգստանալու, քանի որ ամեն ինչ վերահսկողության տակ է գտնվում: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարց է բարձրացրել այն մասին, որ խորհրդարանի եւ կառավարության միջեւ կապը կտրվել է, ու կառավարության ներկայացուցիչները իրենց նամակներին օրերով, շաբաթներով չեն արձագանքում, որին ի պատասխան Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել է, թե դրա փոխարեն ճիշտ կլինի զանգահարել, ներկայացնել խնդիրը, որին իրենք արագ լուծում կտան:
Սնանկության դատարանում նոր զարգացումներ են սպասվում: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը մտել էր Սնանկության դատարան, ինչի արդյունքում քրեական գործեր էին հարուցվել երկու դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի նկատմամբ: Սակայն այդքանով Սնանկության դատարանի շուրջ կատարվող իրադարձությունները չավարտվեցին: Այս կառույցի դատավորները շարունակում են մնալ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում: Եվ հիմա, կարծես թե, Սնանկության դատարանի հեղինակությունը վտանգված է, եւ հենց դա է պատճառը, որ այդ դատարանի շատ դատավորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դիմումներ են գրում ՝ այլ դատարաններ տեղափոխվելու խնդրանքով: Առաջիկայում ականատես ենք լինելու նաեւ այլ դատարանների դատավորների, որոնք համակարգից ազատման դիմումներ են ներկայացնելու: Հիշեցնենք, որ Գեւորգ Նարինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու կամ օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու եւ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Արա Կուբանյանն էլ մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար:
Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է, կրճատվել են ինչպես գործարքները, այնպես էլ նվազել են գները։ Այս տարվա օգոստոսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառքը կրճատվել է ավելի քան 27 տոկոսով։ Մեկ ամսում վաճառվել է ընդհանուր առմամբ 1150 բնակարան, ինչը 439-ով պակաս է նախորդ տարվանից։ Գործարքները նվազել են նաեւ նախորդ ամսվա համեմատ, ինչը շատ ավելի վատ միտում է։ Օգոստոսին Հայաստանում ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան հուլիսին։ Գործարքները կրճատվել են գրեթե 7 տոկոսով։ Եթե հուլիսին, 2019թ. հուլիսի համեմատ, գործարքները նվազել էին շուրջ 16 տոկոսով, ապա օգոստոսին նվազումը հասել է 27 տոկոսի։ Բնակարանային շուկայում գործարքների անկումը շարունակում է պահպանվել նաեւ Երեւանում։ Օգոստոսին մայրաքաղաքում վաճառվել է ընդամենը 735 բնակարան։ Սա 272-ով պակաս է նախորդ տարվանից։