Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից արված համատեղ կոչի վերաբերյալ: Նրանք ընդգծել են. «Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ»:
Իսկ ինչ է դա ենթադրում: Ղարաբաղյան հակամարտության հրադադարի մասին փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը՝ 1994-ի մայիսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ մայիսի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ մայիսի 11-ին: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն ուժի մեջ է մտել 1994թ. մայիսի 12-ին:
Բիշքեկյան արձանագրության ստորագրմանը նախորդեցին 1994 թ.–ի սկզբին ադրբեջանական ուժերի ձեռնարկած և ձախողած հարձակումը ու ղարաբաղյան բանակի հակահարձակողական գործողությունները:
Ռազմական պարտությունները ստիպեցին Ադրբեջանին ընդունել Ռուսաստանի Դաշնության զինադադարի առաջարկը: Մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղըզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Բիշքեկում ստորագրվում է արձանագրություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ հայտնի է որպես Բիշքեկյան արձանագրություն:
Մայիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի միջև ստորագրվում է հրադադարի համաձայնագիր, որն ուժի մեջ է մտնում 1994 թ.-ի մայիսի 12-ին, 00 ժամ 01 րոպեից: Արդեն մայիսի 12-ին Մոսկվայում հանդիպում է կազմակերպվում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի միջև: Հանդիպման ժամանակ կողմերը հաստատում են, որ հավատարիմ են մնում հրադադարի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը: Բացի այդ, պատրաստվում է «1994 թ.-ի փետրվարի 18-ի Արձանագրության իրականացման կարգի մասին պայմանավորվածություն» անվանումով փաստաթուղթը, որը նախատեսում է ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի հեռացում, բուֆերային գոտու ստեղծում և այնտեղ խաղաղապահ զորքերի տեղակայում:
Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարներ Պավել Գրաչովը և Սերժ Սարգսյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ հետ են կանչում Բաքու: Չնայած դրան, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության գոտում երկար ժամանակով հրադադար է հաստատվում:
1994 թ.-ի հուլիսի 27-ին երեք կողմերը ստորագրում են ևս մեկ փաստաթուղթ, որը նախատեսում է հրադադարի պահպանում մինչև մեծ պայմանագրի կնքումը, իսկ 1995 թ.-ի փետրարի 4-ին ստորագրվում է համաձայնագիր հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին:
Բոլոր փաստաթղթերը, որոնք մինչև հակամարտության վերջնական կարգավորումը նախատեսում են հրադադար շփման գծում, անժամկետ են և պարտադիր բոլոր կողմերի համար:
Այդ մասին ժամանակ առ ժամանակ հիշեցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որոնք զբաղվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով:
Մասնավորապես, 2016 թ.-ի ապրիլի 22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բացարձակ առաջնահերթությունը 1994-1995 թթ.-ի հրադադարի համաձայնագրերի անշեղ կատարումն է, որոնք անժամկետ են և, որպես այդպիսին, պետք է հարգվեն բոլորի կողմից: