Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել իրավիճակի սրացումը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ քաղաքական երկխոսության։ Նման հայտարարություն է արել ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտից հետո, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք ընդունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քաղաքական երկխոսության վերսկսման համար բոլոր միջազգային ուժերի հետ համատեղ ջանքերը։ Սա բռնությունը դադարեցնելու միակ հնարավորությունն է»,- ասել է նա։
Պատասխանելով այս հակամարտության մեջ Թուրքիայի դերակատարության մասին լրագրողների հարցերին՝ Միշելն ընդգծել է․ «Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորն առավել կառուցողական ու դրական դերակատարություն ունենան, որպեսզի լարվածությունը թուլանա։ Մենք նաև կոչ ենք անում դադարեցնել օտարերկրյա միջամտությունը, որը չի նպաստում իրավիճակը թուլացնելուն, այլ ավելի բարդացնում է այն»։