ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում մարտերի դադարեցման. Ֆրանսիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման եւ բանակցությունների շուտափույթ վերսկսման առանց նախապայմանների: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած շփումների արդյունքում տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ТАСС-ը։

«ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարության ոգով ես ընդգծել եմ Ֆրանսիայի վճռականությունը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, անկողմնակալ դեր խաղալ, որպեսզի հասնենք ռազմական գործողությունների դադարեցմանը եւ բանակցությունների շուտափույթ վերսկսմանը՝ առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո», – նշել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը: Ինչպես նշել են գերատեսչությունում, Լե Դրիանը այդ զրույցների ընթացքում կրկին կողմերին կոչ է արել «դադարեցնել զինված գործողություններն առանց հապաղելու եւ նախապայմանների»:

Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների երկարաձգումը կհանգեցնի «միայն զոհերի թվի ավելացմանը, այդ թվում ՝ քաղաքացիական անձանց շրջանում…ինչպես նաեւ էսկալացիայի սպառնալիքի, որը կարող է դուրս գալ Ադրբեջանի եւ Հայաստանի վերահսկողությունից»: «Ես իմ զրուցակիցներին զգուշացրել եմ հակամարտության միջազգայնացման սպառնալիքի մասին», – ընդգծել է Լե Դրիանը:




Լրահոս