Բանակցության ձեւաչափի փոփոխությունն անընդունելի է. ռազմաքաղաքական վերլուծաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտարարություն էին տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը:  Դրան զուգահեռաբար՝ ՄԽ կոչերին անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ «ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից կազմված Մինսկի խումբն արդեն 30 տարի չի կարողանում լուծել ղարաբաղյան հարցը: Իսկ այժմ փորձում է տեղի ունեցող բացասական իրադարձությունների ֆոնին դեպի զինադադար տանող ուղի գտնել, ինչն անընդունելի է»,- նշել է Էրդողանը:

Այս իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերի հետ՝ Արցախում տիրող իրավիճակին:

-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նկատեց, թե հիմա ՌԴ-ն պետք է արդեն բանակցի Թուրքիայի դեմ: Ըստ Ձեզ, ՌԴ-ն պատրա՞ստ է նման քայլի:

-Ռուսաստանի կողմից բանակցելը Թուրքիայի հետ այս հարցով կնշանակի՝ Անդրկովկասում Թուրքիայի ներկայության ճանաչում, ինչը Ռուսաստանը միանշանակ չի ցանկանում անել: Հենց այդ պատճառով էլ ՌԴ-ն մերժում է Թուրքիայի հետ բանակցելու առաջարկները եւ փորձում է աշխատանքներ տանել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։

-Էրդողանը հայտարարում էր, թե այդ ձեւաչափն արդյունավետ չէ: Դուք ի՞նչ տեսակետ ունեք:

-Արդյունավետ է, թե ոչ այդ ձևաչափը՝ այլ հարց է, սակայն բոլոր գործընթացները եւ հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ներկայությունը եւ հավակնություններն այս հակամարտության գոտում չի ողջունվում որեւէ համանախագահ երկրի կողմից։ Ռուսաստանը չի ցանկանում այս գոտում իր ավանդական դերի փոփոխություն, ինչը պարզից էլ պարզ էր, եւ ես բազմիցս եմ ասել, թե ինչ ազդեցության է ձգտում Ռուսաստանն այս ռեգիոնում՝ Հայաստանի եւԱդրբեջանի հետ հարաբերությունների միջոցով վերադարձ իր նախկին սահմաններին:

Կոնտակտներ այսօր էլ կան Թուրքիայի հետ եւ ՌԴ ԱԳ նախարարն այս թեմայով շփվում է իր թուրք գործընկերոջ հետ: Չեմ կարծում, որ Հայաստանը կշահի, եթե բանակցի Թուրքիայի հետ, դա շատ մեծ ու բարդ թեմա է: Ամեն ինչ կարող է քննարկվել, բայց իրատեսականություն է հարկավոր։ Բանակցային ձեւաչափի փոփոխություն կարծես համանախագահ երկրների ղեկավարները դեռ չեն ցանկանում թույլ տալ եւ զգում են առկա վտանգները:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը

 




Լրահոս