Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման կարևորությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Նախարարների զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Երկուստեք լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնածավալ մարտական գործողությունների, ինչպես նաև դրանցում Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների գրոհայինների ներգրավվածության կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը և թուլացնել լարվածությունը, թույլ չտալ սադրիչ և ռազմատենչ հռետորաբանություն:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի շրջանակներում միջնորդական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով աջակցելու համար:
Նախարարները կարևորել են այն դերը, որը կարող են ունենալ տարածաշրջանի երկրները, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի հարևանները՝ բանակցությունների սեղանի շուրջ կողմերի շուտափույթ վերադարձին նպաստող պայմանների ստեղծման գործում: