ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ՝ հասկանալու համար, թե պատգամավորն ինչ պլաններ է նախատեսել մինչեւ 2050թ. երկրի զարգացման ռազմավարության վերաբերյալ:
-Պարո՛ն Ուլիխանյան, մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց զարգացման ռազմավարություն մինչեւ 2050թ., կետեր նշեց, թե ինչի հիման վրա պետք է առաջնորդվել: Դուք տեղյա՞կ եք ռազմավարությունից: Ի՞նչ եզրահանգման եք եկել, ի՞նչ պետք է անել:
-Ես ինքս ընթացիկ տեղյակ եղել եմ որոշակի ոլորտների վերաբերյալ մտահղացումներին, նպատակներին, անմիջական մասնակցություն, չեմ կարող ասել, որ ունեցել եմ, բայց, այնուամենայնիվ, որոշակի դրվագներից տեղյակ եղել եմ, քննարկում եղել են նաեւ ԱԺ-ում: Ընդհանուր առմամբ ներկայացված ռազմավարությունը գնահատում եմ գերազանց: Սա մեկ անգամ ընթերցելու ռազմավարություն չէ: Կարծում եմ, որ այն պետք է սերտվի, մենք առաջիկայում՝ բյուջետային քննարկումների ժամանակ, ցույց կտանք, որ 2021թ. բյուջեն, որը պետք է հաստատվի, եւ հետագայում նաեւ ապագա բյուջեներն անմիջական կապ են ունենալու ռազմավարության հետ, եւ հենց դրանով ենք ընդգծելու, որ սա ուղղակի բարեմաղթանք չէ: Այս ռազմավարություն այնպիսի տեսլականների, այնպիսի իղձերի շարադրություն է, որը անպայման իրականություն է դառնալու գործուն քայլերի միջոցով:
-Վարչապետը նշում է, որ յուրաքանչյուր անձ, ով դուրս է գալիս տնից, անգամ հագուկապից պետք է հասկան՝ա ինչ է կրում, ուր է գնում եւ ինչու: Դուք՝ որպես պատգամավոր, նման ռազմավարությամբ ապրո՞ւմ եք ամեն օր, այսինքն՝ պլանավորո՞ւմ եք, թե ինչ եք անում:
-Իրականում, 2018թ. մայիս ամսից սկսած, անհատական վարքագծի լուրջ փոփոխություններ եմ ունեցել անձամբ ես: Ես հիմա զերծ կմնամ դրանք մանրամասն շարադրելուց, բայց, այո՛, ՀՀ-ում տեղի ունեցած լրջագույն փոփոխությունները վերջնական արդյունքի կհասնեն միայն մի պարագայում, եթե յուրաքանչյուր քաղաքացի այդ փոփոխությունները համարի իրենը, եւ իրեն համարի այդ փոփոխությունների կրողն ու իրականացնողը, եւ յուրաքաչյուր քաղաքացի իր ամենօրյա գործողություններով նպաստի այդ նպատակների իրականացմանը: Ռազմավարությունում նաեւ նշված է, որ մենք մեր ամենօրյա գործողություններով պետք է այնպես անենք, որպեսզի վերաբերմունք փոխվի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ միլիոնավոր հայերի եւ աշխարհի հարյուր միլիոնավոր այլ քաղաքացիների առաջնորդների: Սա խորքային իմաստ ունի, մենք մեր ամենժամյա գործողությունները պետք է պայմանավորենք նրանով, որ դա որեւէ կերպ ազդում է ՀՀ միջազգային վարկանիշի վրա:
-Իշխանությունների ընդդիմախոսները հայտարարեցին, որ սա նշանակում է, որ ընդամենը իր պաշտոնավորումն է ձգում մինչեւ 2050թ., այսինքն՝ մինչեւ այս որեւէ բան չի լինելու, եւ պետք է սպասել մինչեւ 2050թ.: Արյդոք սա նշանակո՞ւմ էր, որ իշխանությունը երկարացնում է իր իշխանությունը, եւ մինչ այդ որեւէ փոփոխություն չի լինելու:
-Ես որեւէ ընդդիմախոսից չեմ լսել այդպիսի մեկնաբանություն: Եթե իսկապես նման մեկնաբանություն կա, ապա դա դատարկախոսություն է: Ես նաեւ նշեցի, որ մեր ամենօրյա քայլերով ենք իրականացնելու այդ ռազմավարական ծրագիրը: Իսկ ինչ վերաբերում է իշխանությունը երկարացելուն, որեւէ ռազմավարությամբ կամ որեւէ փաստաթղթով իշխանությունը չենք կարող երկարացնել ո՛չ մենք, ո՛չ ապագայում որեւէ իշխանության ներկայացուցիչ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ցանկացած պահի կարող է որոշում կայացնել իշխանության փոփոխության վերաբերյալ եւ իրականացնել այդ որոշումը: Ընտրական պրոցեսները ստեղծված են նրա համար, որպեսզի ընտրական ցիկլերում ժողովուրդն արտահայտի իր կամքը, սակայն ընտրական ցիկլերը չպետք է համարել ժողովրդի կամարտահայտության համար սահմանափակում: Մենք ցույց ենք տվել, որ ցանկացած պահի ՀՀ ժողովուրդը իշխանության լինել-չլինելու վերաբերյալ կարող է հստակ դիրքորոշում հայտնել, իսկ այդ դիրքորոշումը կլինի կատարման ենթակա եւ առանց մեկնաբանությունների:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՈՉ ՈՔ ՉՇԱՀԵՑ
Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է ստորագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ապա ժամեր անց հաստատվեց նաեւ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը: Այս երկու արդեն նախկին պաշտոնյաների միջեւ ոչ ջերմ հարաբերությունները երկար պատմություն ունեն, եւ, փաստորեն, երկուսն էլ պարտված դուրս եկան:
Իսկ ի՞նչն էր խնդիրը. մամուլում հրապարակումներ եղան, թե Գրիշա Թամրազյանն ու Սմբատ Գոգյանը տղայական «ռազբորկա» են ունեցել, փորձել հաշիվներ մաքրել, եւ այս ամենն այնքան է թեժացել, որ գործին խառնվել էին անգամ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները եւ նրանց միջեւ առերեսում կազմակերպել:
Ընդ որում, դեռեւս հուլիսի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երբ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվող կրթության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունն ավարտվել էր, վերջում Փաշինյանը ծառայողական քննություն էր նշանակել: Փաշինյանը փորձել էր հասկանալ, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում», ի վերջո, ով է ճիշտ, ով՝ սխալ:
Եվ դեռ այն ժամանակ գրել էինք, որ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հետարքրքվել է, թե արդյոք ծառայողական քննության վերջում հնարավոր է օրենքով սահմանված կարգով պաշտոնյային ազատել աշխատանքից իր լիազորությունների չարաշահման համար, թե ոչ: Վարչապետի աշխատակազմից պատասխանել էին, որ հնարավոր է՝ լինի կարգապահական տույժ, բայց չեն բացառել նաեւ աշխատանքից ազատումը: Եվ, ահա, երեկ երկուսն էլ ազատվեցին աշխատանքից: Այստեղ օդում կախված է մնում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հարցը. թե ինչ է սպասվում նրան, պարզ կդառնա առաջիկայում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱ ՉԷՐ
Համացանցում բարձրացված աղմուկից եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի անձնակազմի բաց նամակից հետո պարզ դարձավ, որ այս հիվանդանոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից են արժանացել հուշամեդալների եւ շնորհակալագրերի, սակայն ուշագրավ է, որ, ArmLur.am-ի տեղեկություններով, նրանց պարգեւատրման արարողությանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա չի եղել եւ անձամբ դրանք չի հանձնել: Հիշեցնենք՝ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հայաստանի անկախության օրվա առթիվ պարգեւատրվածների թվում չկար «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի անձնակազմը: Նրանք անգամ բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ հայտնել իրենց վրդովմունքը, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին օրերից այդ հիվանդության բուժմամբ զբաղված հիվանդանոցի անձնակազմն անուշադրության է մատնվել: Եվ այս եւ մյուս հիվանդանոցնեի անձնակազմին չպարգեւատրելու հանգամանքը բուռն քննարկվեց նաեւ այն պատճառով, որ բուժաշխատողներին պարգեւատրելու առաջարկը վարչապետին ներկայացնում է Առողջապահության նախարարությունը, իսկ նախարար Արսեն Թորոսյանի եւ այդ կենտրոնների ներկայացուցիչների հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն: Եվ, ահա, ի վերջո հայտնի դարձավ, որ հարյուրից ավելի բուժաշխատողներ պարգեւատրվել են վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով, այդ թվում են նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները, Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանը, «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գեւորգ Սիմոնյանը եւ այլք: Սակայն ուշագրավ է, որ պարգեւատրման արարողությանն Արսեն Թորոսյանը ներկա չի եղել. պարգեւները հանձնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ առավոտյան մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը հայտնեց լրագրողներին, որ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ ԲՀԿ առաջնորդին կալանավորելու համար Ազգային անվտանգության ծառայությունն էր միջնորդել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն այդ միջնորդությունը մերժվել էր։ Դրանից հետո դատախազությունը դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել առաջին ատյանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին։ Վերաքննիչը ԲՀԿ առաջնորդին կալանավորելու որոշում չէր կայացրել եւ հարցի քննությունը կրկին թողել էր Առաջին ատյանի դատարանին: