ԲԵՂՄՆԱՎՈՐ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը  4-րդ նստաշրջանում 2 անգամ ավելի շատ օրենք է ընդունել, քան 3-րդ նստաշրջանում: Այս մասին «ԱԺ մոնիտորինգ. 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: Նա նկատեց, որ օրինագծերի ընդունումն իրականացվել է շատ ավելի արագ, եւ ավելի շատ օրինագիծ է ընդունվել՝ ի տարբերություն նախորդ ԱԺ գումարումների, երբ օրինագծերի քննարկումը վերածվում էր մեխանիկական գործընթացի: «4-րդ նստաշրջանում խորհրդարանը գործել է արտակարգ պայմաններում, եւ օրենքների թվի կտրուկ աճը պայմանավորված է եղել նաեւ համավարակի տարածման տեմպերին հակազդելու միտումով»,- նշեց Վասիլյանը:

 

Հետաքրքիր է, որ նախորդ նստաշրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լքել էր նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորների շարքը, հիմա նորից վերադարձել է այդ դիրքին: Վասիլյանը հայտնեց, որ ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանից ամենաշատ բացակայած պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է. «Ընդհանրապես, ԱԺ նիստերից ամենաշատը բացակայածների հնգյակում պատգամավորներից չորսը ԲՀԿ-ից են, մեկը՝ «Իմ քայլից»։ Բայց իմքայլական պատգամավորը ֆիզարձակուրդում է եղել։ Ասեմ, որ նախորդ նստաշրջանում մենք խնդրի էինք բախվել, քանի որ ամենաշատ բացակայածների տասնյակում հայտնվել էին ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորները, իսկ այս անգամ գործուղումներ չեն եղել»,- ներկայացրեց նա։

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, արձագանքելով Գագիկ Ծառուկյանի բացակայությունների մասին հայտարարությանը, նշեց, որ նա բացակայել է՝ կորոնավիրուսային հիվանդության եւ  իր տարիքի պատճառով. «ԱԺ-ում այդ կարգը կար, որ կարելի էր դիմել ԱԺ նախագահին եւ չմասնակցել նիստերին։ Այդպիսի ռեժիմ կա։ Այդ բացակայությունները դրանով են պայմանավորված»։

Շարունակելով ներկայացնել տվյալները՝ Լուսինե Վասիլյանը նշեց՝ խորհրդարանում ամենաակտիվ, ամենաշատ հարց տված պատգամավորը  ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն է. «Ընդհանուր առմամբ, 132 պատգամավորներից 20-ը միշտ լուռ է եղել՝ որեւէ ելույթ չի ունեցել եւ որեւէ հարց չի հնչեցրել»։

4-րդ նստաշրջանի 5 ամիսներից 3-ն անցել են բացառիկ պայմաններում: Խորհրդարանն աշխատել է ֆորսմաժորային իրավիճակում, բայց կտրուկ ավելացել է այդ ընթացքում ընդունված օրենքների թիվը: Եթե 3-րդ նստաշրջանում ընդունվել է 169 օրենք, ապա 4-րդ նստաշրջանում ընդունված օրենքների թիվը հասել է 345-ի, այսինքն՝ 2 անգամից նույնիսկ ավելի: Ըստ մոնիթորինգի ծրագրի ղեկավարի՝ այս միտումով 4-րդ նստաշրջանը նմանվել է նախորդ գումարումների խորհրդարաններին, երբ օրենքների քննարկումներն ավելի շատ մեխանիկական գործընթաց են հիշեցրել:

Ընդ որում, այս նստաշրջանում զգալիորեն աճել են խորհրդարանական մեծամասնության հեղինակած օրինագծերը, եւ հակառակն է տեղի ունեցել խորհրդարանական ընդդիմության պարագայում: Այսպես, «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության դրված օրինագծերի թիվը, նախորդ նստաշրջանի համեմատ, ավելացել է 16 տոկոսով, իսկ ընդդիմության օրինագծերի թիվը պակասել 15 տոկոսով: 2,5 անգամ ավելացել է կառավարության կողմից ներկայացված օրինագծերի թիվը, սակայն ընդհանուր առմամբ խորհրդարանի առաջարկած օրինագծերի քանակն ավելի մեծ է:

Ընդհանրապես, յոթերորդ գումարման այս խորհրդարանը երկու տարիների ընթացքում բավականին ակտիվ է գործել, եւ տարբերությունը նաեւ այն է, որ ավելացել են այն նախագծերը, որոնք հեղինակվում են պատգամավորների կողմից:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆՇԱՆԱԿՎԵՑ

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Այս մասին որոշումը, ինչպես հայտնում է կառավարության պաշտոնական կայքէջը, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին նա հայտնել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Արմեն Փամբուխչյանը իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ էր:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի՛ ներկայացուցիչներ, շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Արցախում տեղի ունեցած ընտրություններից հետո սա նման ներկայացուցչական պատվիրակության առաջին այցն է Հայաստան: Ուրախ եմ այս ավանդույթի համար, որովհետեւ մենք նաեւ խորհրդարանների միջեւ գործակցության շատ մեծ օրակարգ ունենք: Ընդ որում՝ նկատի ունեմ ոչ միայն օրենսդրությունների սինխրոնացումը, այլեւ մենք ունենք անվտանգային ընդհանուր մարտահրավերներ եւ ռազմավարական ընդհանուր տեսլական, եւ այդ ռազմավարական տեսլականը պետք է անընդհատ համակցվի, քննարկվի, եւ ձեւավորվի ընդհանուր ռազմավարական բովանդակություն: Ես ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ գործակցությանը նոր լիցք է հաղորդվել, եւ փոխվստահության շատ բարձր մակարդակ կա, ինչը, իհարկե, շատ հեշտացնում է մեր բոլորիս աշխատանքը եւ նախադրյալներ ստեղծում դրա արդյունավետության համար:

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով: Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները դրական են եղել: Նա, այդ մասին հայտնելով, գրել է. «Հարգելի՛ ընկերներ, կար ժամանակ՝ մտածում էի՝ բարի մարդ եմ, բայց երեկ հանձնած կովիդի թեստս դրական էր, պարզվեց՝ այնքան էլ բարի չեմ: Եղե՛ք բարի եւ առողջ»:

 

 

ՆՈՐ ԿԱՐԳ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը. տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 16.03.2020թ. թիվ 21 եւ 03.04.2020թ. թիվ 34 որոշումների համաձայն, 2020թ. մարտի 16-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները:

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 1-ից վերոնշյալ որոշումը չի գործելու, եւ կիրառվելու են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։

 

 

ՀԱՋՈՐԴԸ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում շարունակվում է իրավիճակը թեժ մնալ: Բանն այն է, որ 88 հոգուց բաղկացած խմբակցությունում սկսել են լուրջ դժգոհություններ հասունանալ այն բանի համար, որ սկսել են իրենց դիրքորոշումների հետ հաշվի չնստել: Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունից հետո իրավիճակը ավելի էր սրվել, ու, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը իրենց աշխատասենյակում հանդիպում-քննարկումներ էին ունենում դժգոհող պատգամավորների հետ: Ըստ մեր աղբյուրների՝ իրավիճակը թեժ է մնում նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի շուրջ: Մեր տեղեկություններով՝ խմբակցության ղեկավարությունը զրույց է ունեցել Բադալյանի հետ ու հայտարարել, թե ինքը ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի ազդեցության տակ է գտնվում, ավելին՝ դա է պատճառը, որ վերջինս հաճախ է քննադատում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Լուսինե Բադալյանի համբերության բաժակը լցվել է նման խոսակցությունների պատճառով, ինչի համար վերջինս նպատակ ունի մանդատը վայր դնել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հարցում Բադալյանը դեռեւս քննարկումների մեջ է ու դեռեւս վերջնական որոշում չունի: Բադալյանը մեր հեռախոսազանգերին չի արձագանում: Իսկ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մեզ հետ զրույցում հայտարեց, թե որեւէ մեկն իր ազդեցության տակ չի գտնվում. «Նման բան չկա, յուրաքանչյուր ոք ինքն է որոշում ինչ անել, ինչպես արտահայտվել, իր տեսակետը ինչպես ներկայացնել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: ArmLur.am-ը գրել էր, որ այս որոշման պատճառը Սահմանադրական դատարանի անդամների շուրջ ստեղծված իրավիճակն էր եւ այն որոշումը, որ կայացվեց արդյունքում: Ինչեւէ, ո՞վ կարող է նրան փոխարինել խորհրդարանում: Գայանե Աբրահամյանը պատգամավոր էր դարձել «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով: Նրան ցուցակում հաջորդում է Կարապետ Մխչյանը. նա այժմ Գյումրու քաղաքապետի խորհրդականն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Նրան էլ ցուցակում հաջորդում է Զարուհի Մաթեւոսյանը:




Լրահոս