ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 24-ին ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում մասնակցել է  «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» միջազգային կոնֆերանսին: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

 

Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված «ԵԱՏՄ թվային հարթակ. երկրների համագործակցություն»  պանելային քննարկման ընթացքում ներկայացվել են թվային հարթակների ստեղծման մոտեցումներն ու հեռանկարները ԵԱՏՄ երկրներում, դրանց անհրաժեշտությունն ու արդիականությունը,  ինչ ընդհանուր ծառայություններ կարող են հիմք հանդիսանալ ԵԱՏՄ֊ում թվային հարթակների զարգացման համար եւ այլ հարցեր:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաեւ Բելառուսի Հանրապետության կապի եւ տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանը, Ղազախստանի թվային զարգացման, նորարարության եւ աերոտիեզերական արդյունաբերության նախարար Մուսին Բատիրբեկովիչը, ՌԴ թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցության փոխնախարար Մաքսիմ Պարշինը, Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի պետական հանձնաժողովի նախագահ Իսմաիլով Ջապարովիչը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ներկայացրել է Հայաստանում մինչեւ 2025թ. ձեւավորված թվայնացման ռազմավարության հիմնական ուղղությունները, կարեւորել ԵԱՏՄ երկրների հետ ակտիվ համագործակցությունը, փորձի փոխանակումը եւ համատեղ ծրագրերի իրականացումը՝ առավել զարգացած թվային ենթակառուցվածքներ ունենալու տեսանկյունից: Նախարարը նշել է նաեւ, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է Եվրատնտեսական հանձնաժողովի եւ ԵԱՏՄ երկրների հետ՝ ԵԱՏՄ թվային օրակարգի՝ բարձր մակարդակով իրականացման համատեքստում:

Հակոբ Արշակյանը կարեւորել է նաեւ ԵԱՏՄ երկրների համար մեկ ընդհանուր թվային հարթակի ստեղծումը, ներկայացրել հարթակի հետ կապված իր տեսլականը, կարեւոր բաղադրիչները՝ ԵԱՏՄ անդամ երկրների կողմից իրականացվող քաղաքականությունից, ընթացիկ եւ մշակման փուլում գտնվող ծրագրերից մինչեւ օրենսդրական կարգավորումներ, մասնագիտական֊աշխատանքային խմբերի մասին տեղեկատվությունից մինչեւ միջպետական թվային ծառայությունների մասին բազմալեզու տեղեկատվություն:

«Տնտեսության թվայնացումը ենթադրում է նոր ստանդարտների, ինստիտուտների եւ էկոհամակարգի, զարգացման ռազմավարությունների ստեղծում եւ իրագործում: Հայաստանի կառավարությունը թվային օրակարգը համարում է առաջնային, եւ նաեւ այդ նպատակին էր ուղղված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը մեկ տարի առաջ: Նշեմ, որ նախարարությունը զբաղվում է թվայնացման, ստարտափ էկոհամակարգի եւ ռազմարդյունաբերության պետական քաղաքականության մշակմամբ եւ իրականացմամբ»,- իր ելույթում նշել է Արշակյանը:

Նա անդրադարձել է Հայաստանում պետական կառավարման ոլորտում թվայնացման ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել, որ շուրջ 10 տարի է՝ երկրում գործում է e-gov թվային հարթակը, որը ոչ միայն տարբեր ծառայությունների առցանց մատուցման հնարավորություն է ընձեռում, այլեւ հանդիսանում է նորմատիվ իրավական ակտերի ռեեստր: 2021թ. հունվարից կմեկնարկեն միասնական թվային հարթակի ստեղծման աշխատանքները, ինչը ենթադրում է ծավալուն աշխատանք մի քանի ուղղություններով՝ միջազգային փորձի եւ ներկա իրավիճակի ուսումնասիրություն, մեկ ընդհանուր կոնցեպտի, օրենսդրական կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակում, ծրագրային ապահովման մշակում եւ մեկնարկ:

Հակոբ Արշակյանը նշել է նաեւ, որ ԵԱՏՄ միասնական թվային հարթակի ստեղծման համար լավ հիմք կարող է դառնալ Ինտեգրված տեղեկատվական համակարգը՝ նախատեսված երկրների միջեւ տեղեկատվնության ևեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար:

«Կարող ենք փաստել, որ թվայնացումը պետական կառավարման համակարգի արդյունավետ, թափանցիկ եւ հեռանկարային զարգացման հիմքն է: Այս համատեքստում անխուսափելի եւ անհրաժեշտ է ԵԱՏՄ երկրների միջեւ թվայնացմանն ուղղված փոխգործակցության հաստատումն ու փորձի փոխանակման հիման վրա միասնական համապարփակ հարթակի ձեւավորումը»,֊ խոսքը եզրափակել է նախարարը:

Կոնֆերանսի ընթացքում համաձայնագիր է կնքվել նաեւ «Հայփոստ» ՓԲԸ֊ի եւ Ռուսաստանի փոստի միջեւ, որով նոր՝ իջեցված դրույքաչափեր են սահմանվել ՀՀ֊ի եւ ՌԴ֊ի փոստային ծառայությունների միջոցով առաքանիներ ուղարկելու համար:

 

 

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՋՐԱՏԱՐՆԵՐ

Գեղարքունիքի  մարզի Գեղամասար խոշորացված համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 12 բնակավայրերում կառուցվում կամ վերակառուցվում են խմելու ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր, լուսավորության ցանց  է անցկացվում Դարանակ, Կախակն, Սոթք, Շատվան եւ Փամբակ բնակավայրերում,  խորքային հոր եւ ոռոգման ցանց է վերանորոգվում  Փոքր Մասրիկ եւ Տրետուք գյուղերում:

Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից հայտնում են, որ Գեղամասարի 12 բնակավայրերի խմելու ջրատարների կառուցման կամ վերակառուցման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 251 միլիոն 761 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 176 միլիոն 232 հազար դրամը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 75 միլիոն 528  հազար դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանը: Գեղամասար բնակավայրի լուսավորության ցանցի կառուցման կամ վերակառուցման ծրագրի  պայմանագրային  արժեքը կազմում է 44 միլիոն 896 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 29 միլիոն 182 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 15 միլիոն 713  հազար դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանը: Փոքր Մասրիկի խորքային հորի եւ Տրետուքի ոռոգման ցանցի վերանորոգման ծրագրի  պայմանագրային  արժեքը կազմում է 27 միլիոն 326 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ  19 միլիոն 128  հազար դրամը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 8 միլիոն  197  հազար դրամը՝ Գեղամասարի համայնքապետարանը:

Սուբվենցիոն առաջին ծրագրով խմելու ջրատարների ներքին ու արտաքին ցանցեր  են կառուցվում   Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Կախակն, Սոթք, Կութ, Նորաբակ, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Շատջրեք բնակավայրերում: Կառուցվող ջրատարների ընդհանուր երկարությունը կազմում է 31 կիլոմետր 500 մետր: 5 աղբյուրակապ կառուցվում է Արեգունիում, մեկական՝ Կախակնում եւ Կութում:

Գեղամասարի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսի 20-ին եւ կշարունակվեն մինչեւ տարեվերջ: Սեպտեմբերի 25-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են Ջաղացաձորում, ավարտական փուլում են գտնվում Ավազանում: Մնացած տեղերում աշխատանքները շարունակվում են: Դարանակ, Կախակն, Սոթք, Շատվան եւ Փամբակ բնակավայրերում 9 կիլոմետր 100 մետր ընդհանուր երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման շինարարական աշխատանքները եւս մեկնարկել են օգոստոսի 20-ին: Ավարտին են մոտնում Փոքր Մասրիկի խորքային հորի վերականգնման շինարարական աշխատանքները, իսկ  Տրետուքի ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

 




Լրահոս