ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՍՎԱԾ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ արցախաադրբեջանական պատերազմի սկսումից ի վեր, Հայաստանում եւ Արցախում մոբլիզիացիա է սկսվել։ Բոլորը միասնական խնդիր են դրել իրենց առջեւ ամեն գնով հաղթելու։ Միասնականության շունչն այս օրերին մեր երկրում թեւածում է ամենուր՝ բոլոր ոլորտներում ու բնագավառներում՝ չհարցնելով տարիք ու սեռ։ Միասնականության որոշակի դրսեւորումներ նկատվեցին նաեւ Հայաստանի քաղաքական բզկտված դաշտում, եւ չնայած ժլատ բառապաշարով, այնուամենայնիվ գործող իշխանության կողքին կանգնելու մասին հայտարարեցին տարբեր քաղաքական գործիչներ։ Բայց համաձայնեք, որ այդ իրավիճակը չի կարող գոհացուցիչ լինել, քանի դեռ մեր երկրի նախկին գերագույն գլխավոր հրամանատարները չեն կանգնել նույն հարթակի վրա։ Իսկապես դրական իմաստով մատնացույց անելու դրսեւորում կլիներ, եթե առաջիկա օրերին ռազմական դրությունից բխող կենսական անհրաժեշտության հարցեր քննարկվեին թիվ մեկ քառյակի շրջանակներում՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան։ Կտեսնե՞նք արդյոք այս համագործակցությունը՝ ընդդեմ հայ ազգի ընդհանուր թշնամու եւ հանուն մեր երկրի անվտանգության, ցույց կտա ժամանակը։ Միայն այս պահին կարող ենք արձանագրել, որ այս առումով մշտապես օրինակելի է եղել մեր փոքր եղբայր Արցախը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2018 թվականի հուլիսին տված իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Արցախյան հակամարտության հարցում անհրաժեշտության դեպքում պատրաստ է բանակցել նաեւ Սերժ Սարգսյանի հետ։

 

 

Մինչեւ այս շաբաթվա վերջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կարող է դիրքորոշում հայտնել Հայաստանի կողմից դիմումների վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ, իսկ երեկ էլ ՀՀ-ն ՄԻԵԴ-ին նոր փաստեր էր ուղարկել Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ: Նա նշեց, թե ՄԻԵԴ-ը պետք է Ադրբեջանի կառավարությանը հարցեր ուղարկի, ստանա պատասխաններ, ապա կլինի նաեւ ՀՀ  պատասխանը: «Հիմա սպասում ենք դատարանի պատասխանին: Եղել է մեկ դիմում միջանկյալ միջոց կիրառելու մասին, որը նախօրեին էր ուղարկվել, իսկ երեկ ուղարկվել են նոր փաստեր Ադրբեջանի գործողությունների մասին, որոնք արդեն եղել էին օրվա ընթացքում: Դատարանը հրապարակայնորեն արդեն հայտնել է, որ ստացել է Հայաստանի դիմումը, մնում է, որ դատարանն անդրադառնա եւ քննարկի այդ որոշումը:  Կարծում ենք, որ արագ կստացվի պատասխանը, չեմ կարող կանխատեսել, բայց հաշվի առնենք, որ կա քաղաքական կոմպոնենտ, պետք է սպասենք մեկ-երկու օր, եւ պարզ կլինի դատարանի արձագանքը», – նշեց նա: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի հարցին՝ արդյոք իրականացնում ենք գործողություններ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հանցագործությանը միջազգային մակարդակով իրավական ընթացք տալու համար, վարչապետը նշեց, որ այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկվել են ու կձեռնարկվեն։ Եվ, ահա, շատ չանցած՝ ՄԻԵԴ-ը մամուլի հաղորդագրություն տարածեց:

 

 

 

Արդեն երկու օր է՝ Հայաստանում հայտնի դառնալու նոր թրենդ է ձեւավորվել։ Մարդիկ համացանցի կամ տեղեկատվական այլ հարթակների միջոցով հայտարարում են, թե պատրաստ են ապաստան տրամադրել Արցախի մեր եղբայրներին, քույրերին, երեխաներին։ Առաջին հայացքից հումանիստական այս քայլը ողջունելի է եւ գովելի, բայց ռազմական դրության պայմաններում պետությունը, տվյալ դեպքում՝ Արցախը, խնդիր չի դրել իր առջեւ էվակուացնել խաղաղ բնակիչներին։ Հետեւաբար խաղաղ բնակչության համար որեւէ մեկի տանն ապաստան տալու առաջարկը ոչ այլ ինչ է, քան ինքնիրավչություն։ Հայտնի ճշմարտություն կա պատերազմական իրողություններում, որ զինվորի թիկունքն ամուր է պահում բնակչությունը, հետեւաբար Արցախը դատարկելու ինքնահռչակ կոչերը միանշանակ անընդունելի են։ Իրավիճակն այնքան է վերածվել PR ակցիայի, որ ստիպված եղավ գործին խառնվել ՀՀ ԱԱԾ-ն եւ հայտարարելգ «ԱԱԾ-ն հորդորում է հետասյու զերծ մնալ նմանատիպ հրապարակումներ կատարելուց, քանի որ հակառակորդը դրանք կարող է օգտագործել ապատեղեկատվական սադրանքներ իրականացնելու համար»։ Հուսանք՝ գոնե այս հայտարարությունը կսթափեցնի հատկապես պետական պաշտոնյաներին եւ իրենց բարերար հռչակած մանր ու միջին գործարարներին։ Արցախցին չի ուզում լքել իր տունը, եւ բոլորս լավ հասկացանք, որ Արցախից մարդիկ չեն ցանկանում մեկ սանտիմետր անգամ հեռանալ։ Նույնիսկ հղի կանայք են հրաժարվում օգտվել Արցախից դուրս գտնվող որեւէ հիվանդանոցում։

 

 

Հ այաստանում այս տարվա օգոստոսին, նախորդ՝ հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.4 տոկոսով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Բացի այս, պաշտոնական տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալներն են ավելացել 8.4 տոկոսով: Աճ է արձանագրվել  շինարարության ոլորտում 29.8 տոկոսի չափով: ՀՀ վիճակագրական կոմիտեից մեզ հայտնի դարձավ նաեւ, որ առեւտրի շրջանառության ծավալներն են, թեկուզ չնչին, բայց ավելացել՝ 0.4 տոկոս: Իսկ, ահա, սպառողական շուկայում մեկ ամսում գրանցվել է 0.1 տոկոսի չափով գնանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ օգոստոսին, հուլիսի համեմատ, ավելացել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները. Այս դեպքում աճը կազմել է 5.8 տոկոս: Միայն արտահանման ծավալները աճել են 3.4 տոկոսով, իսկ ներմուծմանը՝ 7.3 տոկոսով:

 




Լրահոս